«Էդ մարդն անընդհատ հայտարարում էր սուտ, կեղծ «տվյալներ». մարտի 1-ին ԱԺ հատուկ նիստում Տիգրան Թորոսյանի այս մեղադրանքի հասցեատերը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Սակայն նույն հաջողությամբ այդ պնդումը կարելի էր անել նաեւ Ռոբերտ Քոչարյանի մասին:
Մարտի 1-ի մասին ճշմարտության խեղաթյուրումը, հանրության «ուղեղների լվացումը» իշխանության տարբեր օղակների եւ իշխանական լրատվամիջոցների կողմից սկսվել է առաջին օրից ի վեր: Մեր այս պնդումը կփորձենք հիմնավորել այս եւ հետագա հրապարակումներով: Եվ այս շարքում առաջինը մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանի ասուլիսն է, որը նա հրավիրեց արտակարգ դրության մասին հրամանագիրը 22.30-ին ստորագրելուց հետո: Մի քանի մեջբերումներ անենք նրա խոսքից:
Ռոբերտ Քոչարյան. «Այսօր արդեն կրակոցներ են լսվում՝ ուղղված ոստիկանության դեմ: Սա հենց այն զենքերից է եւ այն նռնակներն են օգտագործվում, որոնց մասին մենք խոսում էինք, եւ որոնք ցուցադրվեցին հեռուստաալիքներով»: Այս հայտարարությանը հավելենք նաեւ նույն օրը խորհրդարանի հատուկ նիստում ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի արած պնդումը. «Այդ ամբոխի միջից հրազենով կրակում են ոստիկանի վրա»:
Տվյալ պնդումների միակ հիմնավորումը ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի ստացած հրազենային վնասվածքն էր: Նա ապրիլին մահացավ պարանոցային ողերի բեկորային կոտրվածքների պատճառով, որոնք առաջացել էին հրազենային զենքից արձակած փամփուշտից: Սակայն մինչ այսօր նախաքննության մարմինը մեղադրանք չի առաջադրել որեւէ մեկին, որն այդ օրը կրակել էր ոստիկանների վրա: Հրազեն գործածելու միակ մեղադրանքը առաջադրված է Ֆելիքս Գեւորգյանին, որն օդ է կրակել: Այն էլ խիստ կասկածելի մեղադրանք է, քանի որ արդեն դատարանում նրա տված ցուցմունքից պարզվեց, որ այդ զենքը, որից նա իբր օդ էր կրակել մարտի 1-ին՝ ձեռք էր բերել 2008-ի հունիսին:
Բացի այդ՝ հենց դատախազության 2008-ի հոկտեմբերի 24-ին տարածած հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության աշխատակիցներից եւ զինծառայողներից եւ ոչ մեկը այդ դեպքերի ընթացքում չի ստացել հրազենային վնասվածքներ. «Մարտի 1-2-ին Երեւանի քաղաքապետարանին հարակից տարածքներում եւ կենտրոնական փողոցներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ պայթուցիկ սարքերի բեկորներից մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության 42 աշխատակից եւ զինծառայող»: Ընդգծում ենք՝ վնասվածքները միայն բեկորային էին: Ի՞նչ հիմքով էին, ուրեմն, մարտի 2-ին հեռուստաընկերությունները հաղորդում մեկ 11 հրազենային վիրավորի (այդ տվյալը պնդել էր նաեւ ոստիկանության հոսպիտալի պետ Արթուր Պետրոսյանը, թե կան 11 հրազենային եւ բեկորային համակցված վերքեր), մեկ էլ՝ 16 զինվորի ստացած հրազենային վնասվածքների մասին: Հիշեցնենք, որ վիրավորների վերաբերյալ հակասական տվյալները մեջբերել ենք նաեւ «Առավոտի» 2008-ի ապրիլի 1-ի համարում՝ «Վարք ճշմարտախոսների» հրապարակման մեջ:
Այստեղ այլեւս հարկ չենք համարում անդրադառնալ նույն ասուլիսում պրն Քոչարյանի արած մեկ այլ պնդմանը, թե այդ կրակոցներն արվում էին մի իրավիճակում, երբ կրակողի հետեւում կային նաեւ այն ցուցարարները, որոնք զենք չէին կրում. «Կրակողը մեքենայի հետեւից դուրս էր գալիս, կրակում զինվորների վրա, եւ թաքնվում»: Այս պնդումը վիճարկել է անգամ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:
Ռոբերտ Քոչարյան. «Տվյալ պարագայում, երբ զենք է կիրառվում ոստիկանական զորքի դեմ, որը զինված չէ հրազենով, սա ենթադրում է, որ մենք ստիպված ենք բանակի հնարավորությունը կիրառել կարգ ու կանոն հաստատելու համար։ Մինչ այս վիրավորների պահը զուսպ էինք մնում նման քայլերից, բայց կիրառվում է զենք, եւ, իհարկե, մենք պարտավոր ենք ապահովել մեր քաղաքացիների անվտանգությունը»:
Այս հայտարարությունն ուղղակի ինքնախոստովանական ցուցմունք է՝ Սահմանադրությունը կոպտորեն խախտելու վերաբերյալ: Քանզի մեր երկրի հիմնական օրենքով նախատեսված չէ, որ բանակը կարող է օգտագործվել արտակարգ դրության պայմաններում: Ըստ Սահմանադրության 55 հոդվածի՝ ՀՀ նախագահը «Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն եւ կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք եւ որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին»: Թվարկված 3 դեպքերից բացի՝ որեւէ այլ պարագայում զինուժ չպիտի օգտագործվի: Այդ դեպքերից ոչ մեկն առկա չէր մարտի 1-ին: Բացի այդ՝ ըստ Սահմանադրության 55 հոդվածի՝ «Զինված ուժերի օգտագործման կամ ռազմական դրություն հայտարարվելու դեպքերում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ»: Հայտնի է, որ նման նիստ էլ չի գումարվել, որի օրակարգում լիներ զինուժի օգտագործման հարցը: Մարտի 1-ի գիշերը գումարված հատուկ նիստը վերաբերել է միայն արտակարգ դրություն հայտարարելու հրամանագրին:
Ռոբերտ Քոչարյան. «Այսօր ցուցարարներից անջատվում են խմբեր, որոնք թալանով են զբաղված։ Եվ սա նաեւ ցույց է տալիս, թե ինչ կարգի կոնտինգենտ է հավաքվում այդ ցույցերի ժամանակ»:
Այս մասին ասուլիսում մի քանի անգամ երկրի ղեկավարի արած պնդումը դարձավ գրեթե հրահանգ, եւ հետագա օրերին իշխանական քարոզչամեքենան կրկնում էր այդ մեղադրանքը, թե ցուցարարներն են խանութներ թալանել: Սակայն այժմ, երբ այդ գործերով դատաքննություններն ավարտվել են, դատավճիռները վաղուց մտել են օրինական ուժի մեջ, եւ թալանի համար մեղադրվողներն էլ կա՛մ պայմանական ազատազրկման արժանանալով հենց դատարանի դահլիճից են ազատ արձակվել, կա՛մ էլ հետո ներման խնդրագրեր գրելով են հայտնվել ազատության մեջ՝ վստահ կարող ենք ասել, որ նրանք որեւէ կապ չունեին ցուցարարների եւ ընդհանրապես՝ ընդդիմության հետ: Ի դեպ, այդ մասին իշխանությունը հաստատ տեղյակ էր արդեն մարտի 2-ին, քանի որ այդ ժամանակ հայտարարվեց, թե Կենտրոնի ոստիկանության քննչական բաժին են բերվել ջարդարարության եւ թալանի մեջ կասկածվող 45 անձինք, եւ հեռուստաընկերություններով ցուցադրվեցին նաեւ այդ՝ մեծ մասամբ երիտասարդ տղաների դեմքերը:
Ռոբերտ Քոչարյան. «Շատ էին մարդիկ, որոնք ուղղակի այլ բաների համար էին հավաքվում հրապարակում. ամեն ինչի ընդունակ, առանց գաղափարական որեւէ հիմքի, մարդիկ, որոնց կարելի է կառավարել վատ՝ մանիպուլյացիայի իմաստով, եւ որոնց կարելի է հրահրելով տարբեր կարգի սադրանքներ գործել»։
Սա եւս մի անթաքույց հրահանգ էր իրավապահ համակարգին, որը շատ արագ շրջանառության մեջ դրեց վարկածը «հոգեխանգարմունքի» եւ «հայրենիք» կամ «ընտանիք» կարգի կոդավորված բառերի մասին:
Հ. Գ. Այս նույն ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր. «Սա այն է, ինչի մասին լրատվամիջոցներն ահազանգում էին։ Բոլոր հրապարակումներում ասվում էր, որ այսպիսի անհանդուրժողականություն, այսպիսի քարոզչություն երկարատեւ վարելը վտանգավոր է երկրի կայունության համար»: Թե արտակարգ դրության պայմաններում, երբ գործում էին բացառապես իշխանական լրատվամիջոցները՝ ինչ «հանդուրժողականության» քարոզչություն էր վարվում՝ կոնկրետ օրինակներ կներկայացնենք առաջիկայում: