Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՐԱ ՍԱՓԵՅԱՆՆ ԷԼԻ ԿԴԻՄԻ ԵԴ

Հունվար 20,2009 00:00

\"\"Բա որ ընդդեմ ՀՀ-ի այս մի գործն էլ շահի՞

2008թ. հունվարի 21-ին պաշտոնապես մեկնարկել էր ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի փուլը: Այդ շրջանակներում ՀՀ նախագահի թեկնածու եւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր նախընտրական առաջին հանդիպումներից մեկն անցկացրեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքում՝ հունվարի 27-ին: Հենց այդ հանդիպումն էլ դարձավ ՀՀ առաջին նախագահի կողմնակիցների, նրա շտաբի ակտիվիստների, վստահված անձանց դեմ սանձազերծված հետապնդումների սկիզբը: Այդ մեկնարկի թիրախ դարձան առ այսօր ազատազրկման մեջ գտնվող «Հանրապետություն» կուսակցության անդամներ եւ արցախյան ազատամարտի մասնակիցներ Ժորա եւ Մկրտիչ Սափեյանները: Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Թալինում ՀՀ հիմնադիր նախագահի հանդիպման կազմակերպիչն էր Մկրտիչ Սափեյանը: Այդ հանդիպումը սկսելու առաջին պահից, սակայն, սադրանքներ իրականացվեցին: Դրա հեղինակը Սարգիս Կարապետյան անունով մի մարդ էր, որը հարբած վիճակում եւ, ինչպես Սափեյանների դատաքննության ժամանակ պարզվեց, նախապես ծրագրված սցենարի համաձայն, մտել էր հանդիպմանը ներկա բազմության մեջ եւ փորձել էր իր հայտարարություններով խանգարել հանդիպումը, սադրանքներ հրահրել: Մի քանի երիտասարդներ փորձել էին նաեւ ֆիզիկական ուժ գործադրելով հարբած Կարապետյանին հեռացնել բազմության միջից: Այս ամենը վերագրվել էր նաեւ Սափեյաններին, նույն օրը հարուցվել էր քրգործ ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով՝ անձի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը, իսկ հունվարի 29-ին վերաորակավորվել էր՝ դառնալով ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մաս՝ չարամիտ խուլիգանություն: Նույն օրն այդ մեղադրանքով էլ Սափեյաններին եւ մյուսներին ձերբակալել էին: Թե ինչո՞ւ էր քրեական մեղադրանքը վերաորակավորվել, Սափեյանների պաշտպան Հովիկ Արսենյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես բացատրեց. «Որովհետեւ, ի տարբերություն 118 հոդվածի, 258-ի 3-րդ մասը պատիժ էր նախատեսում ազատազրկման ձեւով: Իրավապահներին հանձնարարված էր այնպես անել, որ հնարավոր լինի Տեր-Պետրոսյանի թիմակիցներին անազատության մեջ պահել երկար ժամանակով: Իշխանությունները դրանով փորձում էին վախի մթնոլորտ ստեղծել Տեր-Պետրոսյանի կողմնակիցների բանակի՝ ձնագնդի պես մեծացող տեմպերը եւ համաժողովրդական շարժման ծավալումը կասեցնելու համար»: Ու թեեւ, պաշտպանի ասելով, դատարանում ո՛չ այդ հանդիպման՝ Թալինի քաղաքապետի հանձնարարությամբ արված եւ ո՛չ էլ հայաստանյան հեռուստաընկերությունների տեսաձայնագրություններով որեւէ կերպ չէր ապացուցվում Սափեյանների մասնակցությունը Ս. Կարապետյանի նկատմամբ ուժի կիրառմանը, իսկ ոստիկաններն ու քաղաքապետի հանձնարարությամբ տեանկարահանում իրականացրած օպերատորը հայտարարել էին, թե Սափեյանները Կարապետյանի դեմ ուժի կիրառման մասնակից չեն եղել, այդուհանդերձ, դատարանն առաջնորդվել էր միայն Ս. Կարապետյանի ցուցմունքներով եւ ազատազրկման էր դատապարտել Ժորա Սափեյանին՝ 2 եւ Մկրտիչ Սափեյանին 2,6 տարի ժամկետով: «Քանի որ դատարանին Սափեյաններին մեկուսացնելու առաջադրանք էր տրված, ցանկալին իրականության տեղ անցկացվեց: Ցավոք, այդ անձինք լինելով մեր անկախ պետականության ակունքներում, մասնակից լինելով արցախյան ազատամարտին, ունենալով ծանր հիվանդություններ՝ մինչ օրս գտնվում են զնդանում»,- արձանագրեց Հ. Արսենյանը:

Երբ լրացել էր Ժ. Սափեյանի ազատազրկման ժամկետի 1/3-ը՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու համար օրենքով սահմանված ժամկետը, մեկուսարանի ղեկավարությունը Ժ. Սափեյանին պայմանական վաղաժամկետ արձակելու միջնորդություն էր ներկայացրել, այսպես կոչված՝ անկախ մարմնին, որն, ի դեպ, նախագահում են երեք փոխոստիկանապետեր: «Անկախ հանձնաժողովը», սակայն, ըստ էության, քաղաքական որոշում էր կայացրել. միջնորդությունը մերժել էր՝ առանց պատճառաբանության, որոշման մեջ նշելով միայն, որ «նպատակահարմար չի համարել»:

Հ. Արսենյանն ասաց, թե Ժ. Սափեյանին պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու՝ հիշյալ մարմնին ուղղված միջնորդություն կարող է արվել 6 ամիս հետո: Բայց մինչ այդ Սափեյանն ու նրա պաշտպանը մտադիր են «անկախ հանձնաժողովի»՝ դեկտեմբերի 23-ին կայացրած այդ որոշումը բողոքարկել դատական կարգով: Պարզվում է, որ Վճռաբեկ դատարանը մերժել է Ժ. Սափեյանի նկատմամբ կայացրած Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության, ինչպես նաեւ Վերաքննիչ քրեական դատարանների կայացրած որոշումների դեմ բողոքը վարույթ ընդունել: Ու քանի որ Ժ. Սափեյանը սպառել է հայաստանյան դատական ատյաններում իր իրավունքները պաշտպանելու բոլոր հնարավորությունները, ուստի նրա պաշտպանը մտադիր է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Սա կարող է լինել ԵԴ քննությանը ներկայացվող Ժ. Սափեյանի վերաբերյալ արդեն երկրորդ գործը: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ԵԴ-ում Ժորա Սափեյանը՝ ընդդեմ ՀՀ-ի, գործը Սափեյանն արդեն շահել է եւ, ԵԴ որոշմամբ, ստանալու է 3000 եվրոյին համարժեք փոխհատուցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել