Մարտի 1-2-ի խորհրդարանական հանձնաժողովը մտադիր է իր վերջնական զեկույցում անդրադառնալ ՀՀ ՔՕ 300 հոդվածի՝ «պետական իշխանության յուրացում», փոփոխման հարցին: Ինչպես «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանը, անհրաժեշտ է փոխել հոդվածի ձեւակերպումը՝ քրեական գործողությունների եւ քաղաքական շարժառիթների սահմանազատման նպատակով: Ս. Նիկոյանի խոսքով, այդ հարցը քննարկվել է նաեւ ԵԽԽՎ Հայաստանի գծով համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեի եւ Ջոն Պրեսկոտի հետ իր հանդիպման ընթացքում: Բացի այդ, Նիկոյանի խոսքով, համազեկուցողների կողմից բարձրացվել է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավորներ Հակոբ Հակոբյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին եւ Խաչատուր Սուքիասյանին անձեռնմխելիությունից զրկելու ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության հիմնավորվածության հարցը:
«Ես պատասխանել եմ, որ սկզբում ինչ-որ կասկածներ ունեի այդ հարցի առնչությամբ, սակայն այնուհետեւ դրանք փարատվել են»,- ասել է Նիկոյանը: