Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՈՒ ԼՈԻՅՍԻ ՄԵՋ, ԵՍ՝ ՄՈՒԹԻ…

Հունվար 17,2009 00:00

Այդ տարիներին մենք տատիկիդ հետ վարձով էինք ապրում Վարդաշենում: Մի անհարմար, խոնավ ներքնահարկում էլ ծնվեց քո մայրիկը՝ Շահանեն՝ մեր առաջին երեխան: Այդ տարվա աշունը զարմանալիորեն տաք ու երկար էր, եւ Պոպլավոկի լճակի ջուրը մի տեսակ ներամփոփ էր, ներանձնացած, ինչպես սովորաբար լինում է ձմռանը սպասող աշնան ջուրը: Մայրիկդ Տիգրանիկի տարիքին էր՝ հինգ տարեկան, այսօրվա պես հիշում եմ, որ օրը կիրակի էր, եւ ես մայրիկիդ ձեռքից բռնած մտա Պոպլավոկ: Այս սրճարանի վերեւի հարկը այն ժամանակ բաց էր, եւ աշխատեցնում էր բոլորիս մոր պես նայող հրաշալի Նինան, իսկ ներքեւում, որտեղ հիմա մենք նստած ենք, աշխատում էր Լիլիկը: Եվ այս սրճարանում հավաքվում էր քաղաքի ամբողջ բոհեման՝ մարդիկ, որոնք ստեղծագործում էին կամ կարծում էին, թե ստեղծագործում են… Մայրիկիդ ձեռքը բռնած մտա սրճարան եւ դեռ չէի հասցրել նստել, երբ մեկը գոռաց, թե՝ մարդ ընկավ: Ես թողեցի մայրիկիդ նստած եւ մյուս տղաների հետ վազելով իջա ներքեւ: Պարզվեց, որ ընկնողը մեր շատ սիրելի ավագ ընկեր եւ հրաշալի բանաստեղծ Սլավիկ Չիլոյանն էր: Մենք ուզում էինք նրան բարձրացնել, բայց նա խեղդվում էր՝ ընկել էր աստիճանների վրա, մինչեւ որ հասավ Լիլիկը եւ պատառաքաղի պոչով բացեց սեղմված ատամները. պարզվեց՝ լեզուն կուլ էր գնացել: Նա սկսեց շնչել, բայց նրա կյանքը, այնուամենայնիվ, փրկել չկարողացանք: Հիվանդանոցում ապրեց մի քանի օր եւ այլափոխվեց այս աշխարհից: Տուն չուներ, վարձով էր ապրում, կրկնակի որբ էր: Տան տերը չհամաձայնվեց, որ նրա դագաղը իր տանից վերցնենք, եւ մենք տղաների հետ որոշեցինք հոգեհանգիստն անել Պոպլավոկի վերեւում, որտեղից ինքն ընկել էր: Հազարավոր մարդիկ էին հավաքվել, եւ բոլորը լաց էին լինում: Այդուհետեւ, իմ կյանքի ընթացքում այլեւս երբեք չեմ տեսել այդպիսի թաղում: Նոյեմբերի քսանինն էր՝ իմ ծննդյան օրը, արեւոտ, զրնգուն օր էր, դագաղի կափարիչը հենել էինք մայթեզրի կաղնու ծառին՝ հիմա էլ կա այդ ծառը, եւ որն ամենաուշն է տերեւաթափում: Այդ օրը ես առաջին անգամ տեսա դագաղի կափարիչը ներսի կողմից՝ ռանդած տախտակների ճերմակ ամայությունը, դեպի ուր ճամփու էինք դնում մեր բանաստեղծ ընկերոջը… Նա մեծ մարդ էր, երբեք չէր փորձում որեւէ մեկին դուր գալ եւ ճակատագրական պահերին միշտ թեքվում էր դեպի իր ներսի վստահության աշխահրը: Ափսո՜ս, հազար ափսո՜ս, Չիլոն որ ապրեր, մեծ պոետ կդառնար, այսինքն՝ նա հիմա էլ է մեծ պոետ: Մի տող ասեմ՝ Ես լույսի մեջ, դու՝ լույսի, բնավ իրար չենք տեսնում:
Նա ընկավ լճակի ափին աճած միակ ծիրանի ծառի տակ, որը հիմա էլ կա, հետաքրքիր է, չէ՞, կաղնին կա, ծիրանենին կա, իսկ Չիլոն չկա… Նայիր այն փոքրիկ հուշարձանը՝ ծիրանի ծառի տակ, Չիլոյի հիշատակին է դրված: Տարօրինակ է նաեւ ծիրանի ծառի ճակատագիրը, որն առաջիններից մեկն է ծաղկում Երեւանում, բայց երբեք ոչ մի ծիրան չհասունացավ այս ծառի վրա, պարզապես թաղի երեխաները խակ վիճակում պլոկում են ծիրանները մինչեւ վերջ…
Բայց դու ինչո՞ւ ես լալիս, Մարի ջան, թոռնի՛կս, մի հուզվիր, բալես, կարդա՛ նրա բանաստեղծությունները:
Թոռնիկս սրբեց արցունքները, հետո հարցրեց՝ Պապի՛, որ ծիրանենին ծաղկի, ինձ կբերե՞ս այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել