Լրահոս
Օրվա լրահոսը

Խոստացան, բայց չկատարեցին

Հունվար 17,2009 00:00

\"\"Երեկ Ծաղկաձորում կայացավ լեռնադահուկային սպորտի՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող օլիմպիական վարկանիշային մրցաշարի հանդիսավոր բացումը:

Նախորդ օրը հրավիրված մամուլի ասուլիսում «Առավոտը» հետաքրքրվել էր. «Ծաղկաձորը Երեւանից բավականաչափ հեռու է: Բոլոր լրատվամիջոցները չէ, որ ի վիճակի են սեփական միջոցներով լրագրող եւ լուսանկարիչ գործուղել՝ մրցումները լուսաբանելու: Ֆեդերացիան այդ մասին մտածե՞լ է»: Մի որոշ ժամանակ պատասխան չհնչեց: Միմյանց հետ, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի պատվիրակի ներկայությամբ տեղում խորհրդակցելուց հետո հայտարարվեց, որ ամեն օր հատուկ ԶԼՄ-ների համար տրանսպորտային միջոց կտրամադրվի, որը Սարյան 22 հասցեից լրագրողներին կհասցնի մրցավայր եւ նույն օրը երեկոյան ետ կբերի Երեւան:
Երեկ տողերիս հեղինակը աշխատանքի բերումով չէր կարող մեկնել Ծաղկաձոր: Բայց խնդրել էր իր գործընկերոջը՝ «Սպորտ Պլանետ» հանդեսի եւ «Ֆրանս Պրես» գործակալության լուսանկարիչ Հակոբ Բերբերյանին, որն անպայման գնալու էր, լուսանկար եւ ինֆորմացիա տրամադրել նաեւ «Առավոտին»:
Երեկոյան, երբ զանգեցինք նրան, վրդովված պատմեց, որ ինքը, «Սպորտ Պլանետի» երկրորդ լուսանկարիչը եւ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եւս երկու աշխատակիցներ ժամը 14.15-ից մինչեւ 16.00-ը փողոցում ապարդյուն սպասել են չարաբաստիկ փոխադրամիջոցին, որն այդպես էլ չի եկել: Այդ ընթացքում մեր գործընկերները կապվել են կազմակերպիչների հետ, փորձել կոնկրետ հարցեր ճշտել եւ, ի վերջո, համոզվել են, որ սպասելն այլեւս անիմաստ է: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ տեղի ունեցածը հաջորդել է նույն մամուլի ասուլիսում ձմեռային մարզաձեւերի լուսաբանմանն ավելի շատ տեղ հատկացնելու հորդորներին:
Հնարավոր է, որ կազմակերպիչները խոստումը կատարելու համար ամեն բան արել են եւ չնախատեսված խանգարող ինչ-որ բան է եղել: Բայց այստեղ կա մի ուրիշ, ոչ պակաս կարեւոր հանգամանք: Միջոցառման գլխավոր հովանավորը «ՎիվաՍել ՄՏՍ»-ն է, որը մրցաշարի հաջող անցկացման համար տրամադրել է 60 մլն դրամ: Իսկ «ՎիվաՍել ՄՏՍ»-ը հարգում է իր ապրանքանիշը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել