Մրցաշրջան 2008-ում միջազգային մրցումներում բոլոր մարզաձեւերից մեր
հանրապետության ներկայացուցիչների նվաճած 103 մեդալից 63-ը բաժին հասավ ծանրորդներին, որից 60-ը ձեռք է բերվել տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, 3-ը՝ Պեկինի օլիմպիական խաղերում:
Նման դեպքերում հաջորդ տարվա համար ներկայացվող պահանջները մեծանում են: 2009 թվականին Հայաստանի ծանրորդներն ի՞նչ նոր խնդիրներ են դրել իրենց առջեւ: «Առավոտի» հարցերին պատասխանում է ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը:
– Հանրապետության ծանրորդներն անցած տարի լիովին արդարացրին իրենց՝ Պեկինում Հայաստանի համար նվաճելով ամենից շատ՝ 3 բրոնզե մեդալ: 2009 թվականից սկսվել է նոր օլիմպիական ցիկլը: Մեր առաջատար մարզիկներն այժմ ինչո՞վ են զբաղված:
– Նրանք առայժմ մարզվում են իրենց ակումբներում: Ազգային հավաքականի դրոշի ներքո առաջինը կհավաքվեն աղջիկները, որոնք նախ հունվարի 31-ին կմեկնեն Ծաղկաձոր, որից հետո մարզումների հաջորդ փուլը կշարունակեն Աբովյան քաղաքում: Հենց այդ ժամանակ էլ Ծաղկաձորում իրենց անդրանիկ հավաքը կսկսեն տղաները:
– Տարին, որքան տեղյակ ենք, բավականին հագեցած է լինելու:
– Ես կասեի՝ անչափ: Տարբեր տարիքային խմբերի աշխարհի ու Եվրոպայի հինգ առաջնություններին ավելացել է եւս երկու պատասխանատու պաշտոնական մրցում: Դրանցից առաջինը մայիսին Չանգմայում (Թաիլանդ) մեկնարկող աշխարհի պատանեկան անդրանիկ առաջնությունն է, որը որպես վարկանիշային մրցաշար՝ ստեղծվել է եկող տարի Սինգապուրում կայանալիք պատանիների օլիմպիական խաղերի համար, երկրորդը՝ նույնպես առաջին անգամ կազմակերպվող Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը, որը կայանալու է Լեհաստանում՝ հոկտեմբերին: Սա որոշակիորեն նոր հոգսեր է ստեղծում ֆեդերացիայի եւ ՀԱՕԿ-ի համար, բայց օրերս Գագիկ Ծառուկյանը մեզ վստահեցրեց, որ բոլոր մրցաշարերին լիարժեք նախապատրաստվելու եւ հաջող մասնակցելու առումով չլուծված խնդիրներ չեն լինի:
– Մեր ծանրորդները՝ թե տղաները եւ թե աղջիկները, բարձր մարզական մակարդակ ունեն: Բայց Հայաստանը, ասենք, Ռուսաստան չէ: Նկատի ունեմ հավասարազոր մարզիկների թվաքանակը, որոնք հաջորդաբար հանդես են գալիս միջազգային մրցումներում: Մեր առաջատարները կդիմանա՞ն այդպիսի ծանրաբեռնվածությանը:
– Իհարկե, ամբողջ տարվա ընթացքում կայուն լավ մարզավիճակ պահպանելը շատ դժվար է: Բայց եթե ուշադիր նայենք, խնդիրն այնքան էլ բարդ չէ: Բացատրեմ: Մեծահասակները (պայմանավորվենք այսպես. ինչ մրցման անուն տամ, դա վերաբերում է եւ տղաներին, եւ աղջիկներին) 2009-ին երկու կարեւորագույն մեկնարկ ունեն. Եվրոպայի առաջնություն՝ ապրիլին, Բուխարեստում եւ աշխարհ՝ նոյեմբերին, Կորեայում, իսկ երիտասարդները՝ աշխարհի առաջնություն՝ հունիսի սկզբին, Ռումինիայում եւ հետո, հուլիսի վերջին, Շվեդիայում՝ Եվրոպայի առաջնություն: Նույնը՝ պատանիները. աշխարհ՝ մայիսին, Թաիլանդում, Եվրոպա՝ սեպտեմբերին, Իսրայելում: Մնում է մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, ուր կգործուղվեն այն մարզիկները, որոնք իրենց արդյունքներով հավաքների եւ ներհանրապետական առաջնությունների ժամանակ չեն ձգի աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների առաջնություններին:
– Խոսեցիք Հայաստանի առաջնությունների մասին: Մեր առաջատար ծանրորդները դրանց մասնակցելո՞ւ են:
– Անպայման: Բոլոր ծանրորդները պետք է իմանան, որ իրենց մասնակցությունը ՀՀ առաջնությանը՝ պարտադիր է: Պետք է գիտակցեն, որ առաջին հերթին պետք է սիրեն եւ հարգեն իրենց երկիրը: Ոչ մի ծանրորդ չի ընդգրկվի հավաքական, միջազգային ասպարեզ դուրս չի գա, եթե իր երկրի առաջնության չեմպիոն կամ մեդալակիր չի դարձել:
– Երկրորդական մրցումներ չկան: Բայց եւ այնպես, որո՞նք են այս տարվա գլխավոր մեկնարկները եւ ինչո՞ւ:
– Աշխարհի մեծահասակների եւ պատանիների առաջնությունները: Ծանրամարտում, ինչպես գիտեք, խաղարկվում է օլիմպիական թիմային ուղեգիր (տղամարդկանց համար առավելագույնը՝ 6, կանանց՝ 4), այն էլ միայն՝ աշխարհի առաջնությունում: Դեռ անցած տարի միջազգային ֆեդերացիան որոշել էր, որ Լոնդոնի օլիմպիական խաղերում մասնակից թիմերի անդամների թվաքանակը որոշվելու է 2009-2011 թթ. աշխարհի առաջնություններում վաստակած վարկանիշային միավորների միջին թվաբանականով: Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է անենք ամեն բան՝ առաջիկա երեք առաջնություններին ամբողջական թիմերով մասնակցելու եւ հնարավորինս բարձր տեղեր գրավելու համար: Ինչ վերաբերում է պատանիների աշխարհի առաջնությանը, կարծում եմ, վիճակն ավելի դժվար է լինելու: Սինգապուրի օլիմպիական խաղերում յուրաքանչյուր երկրի համար սահմանված է տղաների եւ աղջիկների 2-ական ուղեգիր: Իսկ մեր մարզաձեւում ընդհանուր առմամբ հանդես է գալու 110 ծանրորդ՝ 70 տղա եւ 40 աղջիկ: Առայժմ հայտնի չեն միավորների հաշվարկման չափորոշիչները: Բայց անկախ ամեն ինչից, նպատակ ունենք Չանգմայում Հայաստանի համար ուղեգիր նվաճել, իսկ եկող տարի պատանեկան առաջին օլիմպիական խաղերի մեդալակիր ունենալ: Բայց այս ֆոնի վրա չենք անտեսում մյուս մեկնարկները: Ծանրամարտի ֆեդերացիայի նշանաբանն է՝ առնվազն չզիջել նախորդ տարվա դիրքերը: Եթե անգամ քանակական առումով մեդալները քչանան, ապա միայն՝ որակի հաշվին: