Արվեստագետների տարաբնույթ կարծիքները
Աշխարհում ընթանում է արվեստների եւ մշակույթների ինտեգրման գործընթաց, որի նպատակն է առանց սահմանների մշակութային կապերի ձեւավորումը, գլոբալացման դեմ ազգային մշակույթների գերակայության հաստատումը: Պատրա՞ստ ենք ինտեգրվելու համաշխարհային այս գործընթացներին՝ պահպանելով մեր ազգային առանձնահատկություններն ու նկարագիրը: «Առավոտն» այս առիթով փոքր հարցախույզ անցկացրեց:
Արմեն Մազմանյան, բեմադրիչ.- Ե՛վ այո, ե՛ւ ոչ: Նկատեմ, որ վերջերս սեքսուալ ինտեգրման մեջ ռեկորդային հաջողություն գրանցեցինք: Եթե լուրջ, ապա նախ պետք է վերախմբագրենք այն, ինչը համարում ենք ազգային մշակույթ: Հոգեբանորեն բոլորս ուզում ենք «քցվել» դուրս, իսկ արդյոք ունե՞նք արեւմտյան մշակույթին հարիր որակներ: Թատրոնի ոլորտում՝ հայտարարում եմ՝ ոչինչ չունենք, եւ խոսք անգամ չի կարող լինել համաշխարհային ինտեգրման առումով: Կինոարվեստում հատուկենտ անհատներ կան՝ որոշ երիտասարդ կինոգործիչներ… Բայց նրանց հետ էլ շոշափելի արդյունքի հասնելու համար հարկավոր է ճիշտ աշխատանք տանել: Գրականության դաշտում անդուլ լռություն է, անգամ անհարմար է աշխարհին ցույց տալ այն, ինչն այսօր իբր արարվում է, թեպետ դարձյալ կան հատուկենտ անհատներ: Միայն դասական երաժշտարվեստում ենք գտնվում ավանգարդում: Իսկ, օրինակ, շոուի բնագավառում կարող ենք եւ չինտեգրվել: Այստեղ ամեն ինչ «հիանալի» է: Եթե արեւմտյան մերկ ու քրտնած աղջիկները երգելիս անընդհատ արտաբերում են «ը» հնչյունը, մերոնք էլ հետ չեն մնում՝ արտաբերելով «ըհը-ըհը» եւ, ամենակարեւորը՝ այս դաշտում ամեն ինչ կա, սկսած ֆինանսից մինչեւ…
Բարսեղ Թումանյան, օպերային երգիչ.- Ինտեգրման գործընթացին, չգիտեմ՝ մենք պատրա՞ստ ենք, թե՞ ոչ: Եթե ոչ կամ այո էլ ասենք, դրանից ոչինչ չի փոխվի: Մեզանում դասական երաժշտարվեստում ստանդարտները պահպանվում են, կայուն վիճակ է: Իսկ ազգայինի հետ կապված՝ խնդիրներ ունենք, պետք է նստել եւ շատ լուրջ խորհել, ի մի բերել, զատել: Ի վերջո, տարբերակենք՝ ո՞րն ենք համարում ազգային, ժողովրդական, էթնոգրաֆիկ… հետո միայն մտածենք ինտեգրվելու մասին: Եթե վերցնենք այսօրվա մշակութային ոլորտն ընդհանրապես, դարձել ենք «ճ» կլասի երկիր:
Արա Մնացականյան, կինոռեժիսոր.- Համաշխարհային մշակույթին ինտեգրվելու առումով հայերս՝ որպես ոչ մեծաքանակ ազգ, պետք է շատ զգույշ լինենք: Կարծում եմ, որ մեր երկիրը ոչ տնտեսապես, ոչ էլ հոգեպես դեռ պատրաստ չէ ինտեգրման գործընթացին: Ոլորտում, որտեղ ստեղծագործում եմ, տխուր վիճակ է: Իսկ ելք կա. ա) պետությունը պետք է ունենա իր հստակ դիրքորոշումը կինոարվեստի նկատմամբ, բ) օրենքներով եւ այլ մեխանիզմներով պետք է շահագրգռել մասնավոր հատվածին՝ կինոարվեստում ներդրումներ անելու, գ) քաղաքակիրթ երկրների օրինակով, Հայաստանն էլ պետք է ուղիներ փնտրի եւ այլ երկրների մշակույթների ֆինանսական միջոցները ուղղորդի հայկական կինոարտադրություն:
Շոթա Ոսկանյան, գեղանկարիչ.- Հայերս կերպարվեստում եղել ենք ու կանք, ու կարող ենք աշխարհին ինտեգրվել: Ի տարբերություն այլ մասնագիտությունների, նկարիչն ու քանդակագործը կարող են աղքատ երկրում էլ ստեղծել արժեքներ, պարզ պատճառով. նկարչին հարկավոր է վրձին ու կտավ, քանդակագործին՝ գործիքներ: Մինչ ինտեգրումը, երկիրը պետք է գիտակցի, որ երիտասարդ նկարչին անհրաժեշտ է շփվել համաշխարհային մշակույթի հետ, օրինակ՝ սեփական աչքով տեսնել աշխարհի լավագույն թանգարանները: Համոզված եմ, որ մեր պետությունն այդ ցանկությունն ունի, բայց հնարավորություններ՝ ոչ: Լավ է, որ վերջին տարիներին Փարիզի կենտրոնում ձեռք բերվեց արվեստանոց, որտեղ ուսանում են, վարպետության դասեր անցնում երիտասարդ նկարիչները: Բայց դա դեռ բավարար չէ: Կարճ ասած՝ ինչպես Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ արեւմտյան այլ երկրներ կարողանում են նպատակային ու ճիշտ ներկայացնել իրենց արվեստագետներին, այնպես էլ Հայաստանը պետք է կարողանա դա անել: