Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԸ ԿԴԻՄԱԿԱՅԻ ԳԼՈԲԱԼ ՃԳՆԱԺԱՄԻՆ

Հունվար 17,2009 00:00

\"\"Տնօրեն Կամո Հովհաննիսյանի դիտարկումները

Ազգային օպերային թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը, ամփոփելով 2008 թվականը, արդյունավետ է գնահատում իրենց կոլեկտիվի աշխատանքը, ասում է, որ ողջ տարին լարված աշխատել են: Ունեցել են պրեմիերաներ. 2 բալետ՝ Էդգար Հովհաննիսյանի «Վարդանանք», Պիացոլա՝ «Տանգո», Ա. Բաբայանի «Սպիտակ» թատերականացված սիմֆոնիան, Ա. Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան, համատեղ ներկայացումներ՝ «Մադամ Բաթերֆլայը»՝ ՀՊՖՆ-ի հետ, «Ծիծեռնակը»՝ Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի, հյուրախաղեր արտասահմանից՝ կանադացի երգիչներ Ալին Գութանն ու Կարո Նշանյանը, բալետի մենապարող Վիգեն Հակոբյանը՝ Խարկովից… Օպերային թատրոնն ունեցել է նաեւ անհատական ձեռքբերումներ՝ Գեւորգ Հակոբյանը մասնակցել է Մոսկվայում կայացած Պ. Լիսիցյանի անվան վոկալիստների միջազգային մրցույթին՝ արժանանալով ոսկե մեդալի, Ասատուր Բալջյանը դասական երգի բնագավառում՝ ՀՀ նախագահի մրցանակի, Ռուբեն Բաբայանցն ու Սեւակ Ավետիսյանը՝ Սոչիում կայացած բալետային մրցույթում, ոսկե եւ արծաթե մեդալների: Այս թվարկումը կարելի է շարունակել:
«2008-ը մեզ համար սկսվել է բուռն աշխատանքային գործունեությամբ, թատրոնի բոլոր օղակները ծանրաբեռնված աշխատել են, որովհետեւ տարվա մեջ ծրագրված էր 3 ներկայացում՝ «Սայաթ-Նովա» եւ «Ալմաստ» օպերաները, «Սպարտակ» բալետը: Երեք ազգային գոհարներին անդրադառնալով՝ կատարել ենք այն նպատակը, որը պետությունը դրել էր մեր առջեւ դեռեւս 2003 թվականից: Շատ ոգեւորված էինք, որ պետությունը ձեռք մեկնեց ու որոշեց հրավիրել ճանաչված բեմադրիչների, ինչպես «Սայաթ-Նովան» բեմադրելու համար՝ Ստուրուային, կամ «Ալմաստի» համար՝ Պերմի օպերային թատրոնի ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեւորգի Իսահակյանին: Բայց եղան ինչպես հաճելի շեղումներ, այնպես էլ դժվարություններ ստեղծող, որոնք, բնականաբար, անդրադարձան 2008-ի մեր ծրագրերի վրա: Ուրախալի էր, որ մեր հայրենակից Ռուդոլֆ Խառատյանը համաձայնեց օպերային թատրոնում որեւէ ներկայացում անել ու ձեռնամուխ եղավ Էդգար Հովհաննիսյանի «Վարդանանքին» եւ Պիացոլայի երաժշտության հիման վրա ստեղծված «Տանգոյին»: Իրադարձություն էր Ավետ Տերտերյանի «Երկրաշարժ» օպերան, Աշոտ Բաբայանի «Սպիտակ» սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային նվագարանների նվագախմբի եւ Մնջախաղի թատրոնի հետ»,- կատարված աշխատանքը ներկայացնում է պարոն Հովհաննիսյանը:
Մի քանի հյուրախաղերից տպավորվել է հատկապես Արաբական Միացյալ Էմիրություններում կայացածը: «Մեր բալետային խումբն էր մեկնել, ներկայացումներն անցան լեփ-լեցուն դահլիճում, որովհետեւ հանդիսատեսը ոչ միայն Էմիրություններից էր, այլեւ մոտակա երկրներից ժամանած հայեր կային: Երկրորդ օրը դահլիճում էր նաեւ ամենամեծ էմիրի դուստրը՝ իր նաժիշտներով, կառավարության անդամների տիկնանց հետ: Ամֆիթատրոնում 300 կին էր մեզ հետեւում»,- հիշեց օպերային թատրոնի տնօրենը:
«Առավոտի» դիտարկմանը, որ Ադրբեջանն արդեն մի քանի «Ղարաբաղ» օպերա ու բալետ է բեմադրել, իսկ մեր օպերան՝ ոչ, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ նման ծանրություն չպետք է միայն օպերային թատրոնի վրա թողնել. «Նախ դա պետք է լինի պետության գիծն ու քաղաքականությունը, եւ հետո նման խնդիրներ լուծելու համար պիտի սերտ համագործակցություն լինի մշակույթի նախարարության, Կոմպոզիտորների միության, Երեւանի պետկոնսերվատորիայի, օպերայի, ֆիլհարմոնիկի միջեւ, պիտի բոլորը սերտաճեն՝ համազգային նպատակներ իրագործելու համար: Օրինակ, ողջունելի էր նախագահի այն քայլը, որ որոշվեց հրավիրել ռուս մեծանուն խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչին՝ 2009-ին «Սպարտակ» բալետը բեմադրելու համար»:
Անդրադարձ եղավ նաեւ գլոբալ ճգնաժամին եւ դրա հնարավոր հետեւանքներին՝ ազգային օպերային թատրոնի վրա: «Այսօրվա դրությամբ՝ մեր թատրոնն ապրում է նախանշված պլաններով, 2009թ. բյուջեն էլ հաստատված է (մոտ 700 մլն դրամ): Ինչ վերաբերում է ճգնաժամին, իհարկե, մտածում ենք, թե գոտիներս ոնց ձգենք, ինչպես նախապատրաստվենք: Մյուս կողմից էլ, եթե մեր կուռ ու միասնական կոլեկտիվը 1991-1994թթ. ծանր տարիների դժվարությունները հաղթահարել է, ուրեմն այս փորձությանն էլ կդիմակայի»,- հայտնեց Կ. Հովհաննիսյանը:
Հարցրինք՝ հե՞շտ է առանց գեղարվեստական ղեկավարի աշխատելը: «2008 թվականից աշխատում ենք առանց գեղարվեստական ղեկավարի: Թատրոնի եւ անձամբ ինձ համար Գեղամ Գրիգորյանի նման մասնագետի, անձնավորության պակասը միշտ էլ կզգացվի: Երբ նա հրաժարական ներկայացրեց, ես մի քանի ամիս դիմադրում էի, խնդրում, որ մնա, որովհետեւ ունի իր ներկայացումները թատրոնում եւ եթե տարին 1-2 անգամ էլ բեմ դուրս գա-երգի՝ դա մեզ համար մեծ պատիվ է»,- նշեց Կ. Հովհաննիսյանը: Նա ասաց, որ ուսումնասիրել են բազմաթիվ մշակութային օջախների, այդ թվում Մեծ թատրոնի փորձը՝ կառավարման գծով ու տեղայնացրել. «Եղավ մի շրջան, որ Մեծ թատրոնի մակարդակն էլ ընկավ տնօրեն-գեղարվեստական ղեկավար քաշքշուկների, չբավարարված ամբիցիաների պատճառով, ու այն սկսեց զիջել անգամ ռուսաստանյան շարքային թատրոններին: Հիմա Մեծ թատրոնը կրկին բարձունքում է, վերելք է ապրում, նորից համարվում է աշխարհի լավագույն օպերային թատրոններից մեկը: Այնտեղ կա մի գլխավոր տնօրեն եւ այլ գլխավորներ՝ գլխավոր բալետմայստեր, գլխավոր դիրիժոր, գլխավոր խորմայստեր… Այսպես ամեն ստեղծագործական խումբ՝ ինքնուրույն, իր ղեկավարով աշխատում է, աշխատանքն ավելի արդյունավետ է: Հիմա մեզ մոտ էլ է այդպես, ուղղակի մի քիչ ուժեղացրել ենք գեղարվեստական խորհրդի անդամների պատասխանատվությունը, որոշ նորամուծություններ արել»:
Կ. Հովհաննիսյանին փոխանցեցինք մեր ընթերցողների դժգոհությունը՝ օպերային դահլիճը զանազան կոլեկտիվների ու անհատների վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ: Նա պարզաբանեց, որ լավ օրից չէ իրենց այդկերպ վարվելը. պետությունը տալիս է սուբսիդիա՝ թատրոնի բյուջեի 75%-ի չափով, 25%-ն իրենք պիտի ստանան տոմսերի վաճառքից եւ վարձակալական վճարներից: «Տոմսերի արժեքը իրավունք չունենք բարձրացնելու, որովհետեւ օպերային եւ բալետային ներկայացումներ հաճախող հասարակությունը մեր ազգաբնակչության այն մասն է կազմում, որն ավելորդ փող չունի: Դա ճիշտ չի լինի նաեւ հումանիզմի տեսանկյունից: Օրինակ, երբ Եղեգնաձորից կամ Կապանից զանգում եւ ուզում են դպրոցի մի դասարան բերել, անգամ կես գնով ենք տոմսերը վաճառում, որ մի 30 երեխա «Անուշ» օպերան կամ «Գայանե» բալետը դիտի… Ցավոք, մեր մեծահարուստները միայն հեշտ արվեստներին են օժանդակում, չեն մոտենում մեզ: Չնայած, եթե համապատասխան օրենք լինի մեկենասության մասին, իհարկե կաջակցեն, մենք էլ կկարողանանք ընտրություն կատարել՝ ո՞ւմ դահլիճ տրամադրենք, ում՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել