Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 17,2009 00:00

ԶԻՄԲԱԲՎԵՈՒՄ ԶՐՈՆԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ

\"\"Մոտ ժամանակներս Զիմբաբվեում շրջանառության մեջ է դրվելու թղթադրամ՝ 100 միլիարդ զիմբաբվեական դոլար արժողությամբ, հաղորդվում է lenta.ru-ն: Հունվարի 15-ի կուրսով՝ այդ թղթադրամը հնարավոր կլիներ փոխանակել ԱՄՆ 300 դոլարի հետ: Սպասվում է, որ թղթադրամի թողարկումից հետո այն արժենալու է ավելի քիչ, քանի որ գնաճը Զիմբաբվեում շարունակում է գերազանցել աշխարհի բոլոր ռեկորդները: Կառավարության տվյալներով՝ ինֆլյացիան կազմում է տարեկան 232 միլիոն տոկոս: Գերգնաճը այդ երկրում շարունակվում է արդեն մի քանի տարի՝ արժեզրկելով տեղական տարադրամը: 2008-ին Զիմբաբվեում անց է կացվել դենոմինացիա, որի արդյունքում վերացվել են 2 զրոները: Դա հնարավորություն է տվել բնակիչներին խանութ չտանել փողով լցված պարկերն ու տուփերը՝ մեկ հատ հաց կամ մի քանի ձու գնելու համար: Սակայն դենոմինացիան միայն ժամանակավոր արդյունքների է հասցրել, եւ երկրում նորից սկսեցին տպել թղթադրամներ՝ բազմաթիվ զրոներով: Այդպես 2009 թվականի սկզբին հայտարարվել է, որ երկրում շրջանառվելու են 50 միլիարդանոց թղթադրամներ: Այդ գումարով հունվարի սկզբին հնարավոր էր գնել 2 հաց:

ԲՈՒՇԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԱԶԳԻՆ

\"\"Երեկ ԱՄՆ գործող նախագահ Ջորջ Բուշը վերջին անգամ դիմեց ժողովրդին՝ որպես երկրի ղեկավար: Ըստ ամերիկյան ավանդույթի՝ նման ելույթների գլխավոր իմաստն է՝ զգուշացումներ եւ հորդորներ հղել իրավահաջորդին: gazeta.ru-ն հիշեցնում է, որ ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը իր վերջին ճառում զգուշացնում էր չմտածված արտաքին քաղաքական դաշինքներ կնքելուց, իսկ Դուայթ Էյզենհաուերը՝ ռազմաարդյունաբերական համալիրի գերհզորացումից: Ջորջ Բուշն իր 13 րոպեանոց ճառում կրկին խոսեց «Ալ Ղաիդայի» մասին: «Մեր թշնամիները համբերատար են եւ լի են կրկին հարձակվելու վճռականությամբ»,- զգոնության այդպիսի կոչ արեց Ջորջ Բուշը նոր նախագահին: Բուշը ընդգծեց, որ Իրանքի դեմ պատերազմը պետք է դիտել ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, միաժամանակ նկատելով, որ իր կարծր որոշումները հասարակության մեջ դժգոհություններ էին առաջացնում: Գործող նախագահը ընդունեց, որ որոշ հարցեր նա այսօր այլ կերպ կլուծեր, եթե լիներ այդպիսի հնարավորություն:
Բուշը նաեւ կցանկանար, որ որպես իր պաշտոնավարման ընթացքում կատարված դրական գործեր՝ հիշատակվեին ազգային անվտանգության նախարարության ստեղծումը, նոր հակաահաբեկչական օրենքների ընդունումը, համընդհանուր կրթությանն ուղղված քայլերը: Խոսելով ֆինանսատնտեսական ճգնաժամի մասին՝ ԱՄՆ նախագահը հիշեցրեց, որ վարչակազմը վճռական միջոցներ է ձեռնարկել, հակառակ դեպքում կորուստներն ավելի մեծ կլինեին:

ՄՈՍԿՎԱՆ ԵՎ ԿԻԵՎԸ ՉԵՆ ՈՐՈՇԵԼ, ԹԵ ՈՐՏԵՂ ԵՆ ՎԻՃԵԼՈՒ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը առաջարկել է Մոսկվայում անցկացնել «գազային համաժողով», որի ընթացքում քննարկվելու են իր երկրի եւ Ուկրաինայի միջեւ ծագած խնդիրները: Սակայն Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն նշել է, որ կմասնակցի նման համաժողովին միայն այն դեպքում, եթե այն անցկացվի ոչ թե Մոսկվայում, այլ Եվրամիության որեւէ երկրում: Նման դիրքորոշման համար բարոյական աջակցություն ստանալու համար Յուշչենկոն երեկ մեկնել է Լոնդոն: Իսկ Ուկրաինայի նախագահի ներքին քաղաքական ընդդիմախոս, վարչապետ Յուլիա Տիմոշենկոն նույն խնդիրների շուրջ բանակցելու համար այսօր ժամանելու է Մոսկվա: Շատ հավանական է, որ Տիմոշենկոն մասնակցի մոսկովյան հանդիպմանը, սակայն փորձագետները կասկածում են՝ արդյո՞ք նա օժտված է Ռուսաստանի հետ վեճում վերջակետ դնելու լիազորություններով: Չեխիայի ներկայացուցիչը նույնպես հրաժարվել է Մոսկվա մեկնել, պատճառաբանելով, որ նման հանդիպումներն ավելի լավ է անցկացնել «չեզոք» երկրում: Միաժամանակ, Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին հանդես է եկալ նախաձեռնությամբ՝ «գազային համաժողովը» անցկացնել Լեհաստանում եւ արդեն իսկ հրավերներ է ուղարկել գազային ճգնաժամից տուժած 10 երկրների ներկայացուցիչների:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել