Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 17,2009 00:00

Հայերը բռնվեցին

\"\"Ամերիկյան լրատվամիջոցներն այս օրերին պատմում են Ջորջիա նահանգում բացահայտված մի հանցախմբի մասին, որի անդամները չորս հայ երիտասարդներ են՝ Կարեն Խալաթյանը, Արա Ավտունին, Բորիս Թումասյանն ու Էդմոնդ Ալեքսանյանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ վերջիններս ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մտել են Ջորջիա նահանգի Ալֆարետա քաղաքի պատմության մեջ՝ որպես կեղծված կրեդիտ քարտերի միջոցով կատարված ամենամեծ կողոպուտի հեղինակներ: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, հանցագործները շուրջ 4 ամսվա ընթացքում ավելի քան $150 հազար են հափշտակել տեղի բնակիչներից:
«Կասկածյալներից մեկը՝ Կարեն Խալաթյանը,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ջորջ Գորդոնը,- աշխատանքի է տեղավորվել բենզալցակայաններից մեկում, եւ գիշերային ժամերին՝ ավելորդ վկաներից հեռու, հաճախորդների կրեդիտ քարտերը լցակայանի տերմինալ ներմուծելու փոխարեն՝ տեղադրել սեփական կրկնօրինակող մեքենայում»: Արդյունքում, օգտագործելով քաղաքացիների անձնական ու բանկային տվյալները, ավազակախումբը բազմացրել է քարտերը, հազարավոր դոլարներ հանել բանկոմատներից ու գնումներ կատարել խանութներում: «Կասկածյալները կիրառել են ժամանակակից տեխնոլոգիաների՝ մեզ հանդիպած ամենաառաջատար միջոցները,- ասել է ոստիկանության ներկայացուցիչն ու հավելել:- Հանցագործները, թերեւս, հույսները դրել են այն բանի վրա, որ քարտերի սեփականատերերը՝ Ալֆարետայի հարուստ բնակիչները, չեն նկատի կողոպուտը, սակայն սխալվել են իրենց հաշվարկներում»:

Չավեսը գնաց Ալիեւի հետքերով

\"\"Վենեսուելայի խորհրդարանը հավանություն է տվել սահմանադրական փոփոխություններին, ըստ որոնց՝ պետության ղեկավարը կարող է ընտրվել անսահմանափակ անգամներ: Խորհրդարանը, որտեղ մեծամասնություն են կազմում ներկայիս նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցները, գրեթե միաձայն քվեարկեց այդ օրինագծի օգտին: Սահմանադրության նման փոփոխությունների նախաձեռնողը, բնականաբար, ինքը՝ Չավեսն էր: Ըստ «Կոմերսանտ» թերթի՝ հիմնական օրենքը փոխելու նրա առաջին փորձը կատարվել էր 1999-ին, երբ նա նախագահի մեկ 5-տարյա ժամկետը փոխարինել էր երկու 6-տարյա ժամկետով: Այնուհետեւ՝ 2007 թվականին, Չավեսի նախաձեռությամբ տեղի էր ունեցել հանրաքվե, ըստ որի՝ նախագահը կարող է ընտրվել 3-րդ, 4-րդ անգամ եւ այսպես շարունակ: Սակայն ընտրողների չնչին առավելությամբ այդ հանրաքվեն բացասական արդյունք տվեց: Այժմ Չավեսը եւ նրա խորհրդարանական աջակիցները ձեռնարկելու են 3-րդ փորձը: Ինքը՝ նախագահը, իր պաշտոնում մնալու ձգտումը բացատրում է նրանով, որ 2009-2019 թվականները լինելու են «Բոլիվարական հեղափոխության երրորդ փուլը»: Դիմելով ազգին՝ իր տարեկան ուղերձով, Վենեսուելայի առաջնորդն ասաց հետեւյալը. «Մի՞թե ես անփոխարինելի եմ: Ո՛չ: Բայց փոխել կապիտանին, երբ նավն անցել է միայն ճանապարհի կեսը,՝ նշանակում է ռիսկի դիմել»:

Միասեռականներն այլեւս չեն թաքնվելու

Ա\"\"ՄՆ նոր նախագահ Բարաք Օբամայի օրոք սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ծառայելու ամերիկյան բանակում՝ չթաքցնելով սեփական կողմնորոշումը, ինչպես նաեւ պաշտոններ են զբաղեցնելու նախագահի վարչակազմում: Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթի՝ նախագահի աշխատակազմի կադրերի վարչությունը ղեկավարելու է «անթաքույց» արվամոլ Ջոն Բերրին, իսկ շրջակա միջավայրի խորհրդի նախագահն է լինելու նույնքան «անթաքույց» լեսբուհի Նենսի Սաթլին (լուսանկարներում):
Բերրիի նշանակումը հետաքրքիր է նաեւ նրանով, որ այժմ նա զբաղեցնում է Վաշինգտոնի Սմիթսոնի գազանանոցի տնօրենի պաշտոնը: Օբամայի վարչակազմը, հավանաբար, որոշել է նախապատրաստել հասարակությանը նման ոչ միանշանակ քայլերի: Սպիտակ տան ապագա մամուլի քարտուղար Ռոբերտ Գիպսը հայտարարեց, որ այսուհետեւ ամերիկյան բանակում չի կիրառվելու «մի հարցրու, մի պատասխանի» սկզբունքը: Այդ սկզբունքի էությունն այն է, որ միասեռականներին թույլ չի տրվում բանակում բացահայտել իրենց սեքսուալ կողմնորոշումը, կարգապահությանը եւ բարոյականությանը չվնասելու համար, սակայն ռազմական ղեկավարությունն իր հերթին իրավունք չունի հարցեր տալու զինվորների եւ սպաների անձնական կյանքի վերաբերյալ: Օբամայի ժամանակաշրջանում այդ սկզբունքն, ըստ ամենայնի, չի պահպանվելու եւ միասեռական սիրո ջատագովները կկարողանան առանց թաքնվելու ծառայել բանակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել