Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացվում են

Հունվար 17,2009 00:00

\"\"«Արշակունյաց փողոցում գտնվող Հայոց մեծերի Պանթեոնի մուտքից անհետանում է ահա այս արգելապատը: Գնալով մետաղյա պատը նոսրանում է, իսկ քաղաքային իշխանությունները համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում: Այգու ամբողջ երկայնքով շրջելով՝ երեւում է, որ պատի նոսրացումը շարունակական բնույթ է ունեցել: Վտանգ կա, որ արգելապատը գողացողը վաղը կարող է այգուց այլ բան էլ գողանալ, վնասել այնտեղ ամփոփված մեր մտավորականների շիրմաքարերը»,- գրված էր «Առավոտի» հունվարի 15-ի համարում՝ «Ֆոտոմեղադրանք» խորագրի ներքո: Ես ուզում եմ շարունակել այդ թեման:\"\"
Կոմիտասի անվ. զբոսայգու ցանկապատը 1960 թվականին:
Կոմիտասի անվ. զբոսայգու ցանկապատը 2008 թվականին:
Շահագրգիռ մարդիկ, ցանկապատի ձողերը կոտրելով, բազմաթիվ լրացուցիչ դռներ ու դարպասներ են բացել դեպի զբոսայգի եւ այդ հատվածները վերածել աղբանոցի ու բացօթյա արտաքնոցների, որոնցից օգտվում են նաեւ Արշակունյաց պողոտայով երթեւեկող վարորդները: Ձեզ եմ դիմում, քաղաքապետարանի ու թաղապետարանի պաշտոնյաներ, մշակույթի նախարարության ու ճարտարապետների միության մասնագետներ, պետական ու հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ, վերջապես ո՞վ պիտի մտածի մեր մայրաքաղաքի այս երբեմնի մշակութային օջախը եւ այն եզրող եզակի ճարտարապետական կառույցը ոչնչացումից փրկելու մասին:
Մի՞թե Մեծն Կոմիտասի անունը կրող զբոսայգին, որի մի անկյունում պահպանվում է աշխարհում միակ Հայոց մեծերի պանթեոնը, որտեղ ննջում են Կոմիտասն ու Արամ Խաչատրյանը, Վահրամ Փափազյանն ու Մհեր Մկրտչյանը, Թորոս Թորամանյանն ու Ալեքսանդր Թամանյանը, Լեոն ու Շիրվանզադեն, Մարտիրոս Սարյանն ու Վիլյամ Սարոյանը (շուրջ 50 երեւելիներ), պակաս կարեւոր է, քան ՀՀ նախագահի գրասենյակի եւ ԱԺ շենքերի հարեւանությամբ գտնվող եւ «Սիրահարների» վերանվանված Պուշկինի զբոսայգին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել