Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՇԵԼ՝ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՍՈՎՈՐԵԼ

Հունվար 17,2009 00:00

\"\"Հրանտ Դինքի հիշատակին

 Արդեն երկրորդ տարին է, որ հունվարի 19-ը ինձ համար սգի օր է: Չնայած այս անգամ ճակատագր
ի բերումով բանտում եմ գտնվում, սակայն դպրոցական ընկերս՝ Կ. Պոլսի «Ակոս» շաբաթաթերթի հիմնադիր-խմբագիր, 2007թ. հենց այդ օրը թիկունքից ստորաբար սպանվեց, եւ ես Հրանտ Դինքի հիշատակը վառ պահելու համար ուզում եմ կրկին նրան հիշել: Լինելով նույն հող ու ջրի մարդ՝ գիտեմ, որ ուրիշների համար դժվար է Թուրքիայում ապրող հայության ամենօրյա ծանր հոգեկան ապրումները զգալ-հասկանալ, եւ գնալով է՛լ ավելի եմ համոզվում, որ Հրանտին հաջողվեց այդ անհնարին թվացողն անել՝ ուրիշների խղճին հասնել:
Երբ 1996թ. Կ. Պոլսում հայկական նոր պարբերաթերթի լույսընծայումն էր նախաձեռնում, որ «մերոնց» դարդ ու ցավը պատմի ուրիշներին, Պոլիսը վաղուց արդեն «Ստամբուլ» էր դարձել: Եվ չնայած դրան՝ «Ակոս» շաբաթաթերթը ոչ միայն կա, այլեւ, տասնապատկելով իր ընթերցողների հսկայական բանակը, Արեւմտյան Հայաստան կամ Կիլիկիայի ցանկացած քաղաքից սկսած մինչեւ Ավստրալիա, Արգենտինա, Կանադա եւ սփյուռքյան գաղթօջախներ հասնելով, հավանաբար, միակ ընթերցվող հայկական պարբերաթերթն է: Այս երեւույթը լավագույնս բնորոշում է նրան, քանի որ իր գիտակցական ողջ կյանքը «հոսանքին հակառակ» քայլելով էր անցկացրել:
Նա իրոք որ ուրիշ էր… Հանրությանը հետաքրքրող բոլոր տեսակի հարցերում անպայման պիտի իր ուրույն ձայնն ու խոսքը խառներ, կարծիքն արտահայտեր: Հաստատ չեմ կարող ասել, թե նա վախ չուներ, բայց որ ցանկացած հարցում իր միտքը ասելուց երբեք չի խուսափել՝ փաստ է: Դե, քաջությունն ուրիշ ի՞նչ ձեւ է լինում, ինքներդ պարզեք, այն էլ՝ իբրեւ հայորդի եւ Թուրքիայում: Այս առումով նա հազար անգամ ավելի քաղաքացի էր, քան իրեն երկրի տեր ու տիրական հռչական միլիոնները… Եվ ճակատագրի հեգնանքով էլ նրանցից հարյուր-հազարներ իր դագաղի ուղեկիցը դարձան՝ «բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» կարգախոսի գերմարդկային հոգով-ոգով:
Կարծում եմ, որ իր նման պարզ, հասարակ, բաց սրտով, մեծ խղճով, անկեղծ միտք՝ բառ ու բանով, սովորական մահկանացու կյանքով ապրողներն են աշխարհը փոխում: Մեր աշխարհը փոխվելու կարիք ունի, այն փոխել ուզողներից շատերին եղբայրաբար խորհուրդ կտամ մոտիկից ուսումնասիրելով ճանաչել մեծ հայորդու՝ Հրանտ Դինքի կյանքն ու անցած ամբողջ ուղին: Նրա կենսագրությունը բոլորիս համար ուսուցողական նշանակություն կունենա, եւ պետք է հասկանալ վերջապես, որ մարդը, եթե ինքը չի փոխվում, չի կարող ոչինչ փոխել:
Երբեք չեմ մոռանում Հրանտի «Թուրքիայում հայոց ցեղասպանություն չի եղել ասող թուրքի եւ Հայաստանում՝ ընտրակեղծիք չի եղել ասող հայի միջեւ ի՞նչ տարբերություն» հարցադրումը: Ես, օրինակ, շատ եմ ամաչում, որ Թուրքիայում ժողովրդի վստահությանն արժանացած իշխանություն ձեւավորելու իրականությունից իմ երկիրն ու ժողովուրդը շատ հեռու են մնացել, այսինքն՝ «թուրքերի չափ էլ չկանք»: Իր ամենավերջին անգամ Հայաստան այցելելիս «Սփյուռք-Հայաստան» խորհրդաժողովում ունեցած ելույթը եւս չեմ մոռանում: «Հայաստանը ամենաշատ ժողովրդավարության պետք ունի», նրա խոսքերը շատ էին դիպուկ ու տեղին, քանի որ իր զոհվելուց մեկ տարի անց Հայաստանում տեղի ունեցող շարժումի համաժողովրդական պահանջի ծնունդ լինելը անհերքելի փաստ է արդեն:
Այո, դաժան է հաստատ ինձ համար ընդունել այն ամոթալի փաստը, որ այսօր իմ երկրի բանտերում ազատազրկված քաղբանտարկյալներ կան, եւ իջել ենք 80-ականների բռնապետական Թուրքիայի մակարդակին: Ափսոսում եմ, որ մեր հազիվ պատանեկան տարիքի պետությունը կարող է եւ ժողովրդից իշխանությունը գողացող մի շատ փոքրաթիվ խմբակի պատճառով ամբողջ աշխարհի առաջ «խայտառակում է ռեսպուբլիկան»: Ու հայ մարդը նույնացվում է հետամնաց, անքաղաքակիրթ հասարակությունների հետ: Հիշելով Հրանտի պայքարը՝ ամաչում եմ:
Մարդկային պատմությունը կորցնելուց դաս չկազմող ժողովուրդների ոչնչացման մասին տասնյակ օրինակներով է լեցուն, պետք է սթափվել՝ նրանց շարքը չհամալրելու համար: Մարդն ի ծնե ազգություն չունի, իսկ մարդկությունը պահանջում է մի շարք հատկանիշները «չանտեսել» կամ «մոռացության տալ» գիտակցաբար:
Չէ՞ որ ինչպես Նա էր պատգամում՝ «կորցնելուց հոգնածներն են ձեռքբերումներ ունենում, իսկ դրա համար պայքարել է պետք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել