Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Համաչա՞փ էին, արդյոք, ոստիկանների գործողությունները

Հունվար 17,2009 00:00

Ինչ կա-չկա Եվրոպական դատարանում

Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների մշակույթի խթանման» համատեղ ծրագրի միջոցներով, ՀՀ դատավորների միության խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների՝ թվով հինգերորդ ժողովածուն: Այն խմբագրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան, դոցենտ Դավիթ Ավետիսյանը: Նշենք, որ ի տարբերություն նախորդ ԵԴ վճիռների ժողովածուների, այս անգամ գրքում տեղ են գտել ԵԴ 2006-ից մինչ անցյալ տարվա ժամանակահատվածում լսված՝ առավել «թարմ» գործերը: Ժողովածուում ընդգրկված 10 գործերից 4-ն ընդդեմ ՌԴ-ի կայացված վճիռներն են:
Կա նաեւ մի «հայի» գործ՝ «Ռամսահայն ու այլք՝ ընդդեմ Նիդեռլանդների», որից էլ սկսենք ԵԴ վճիռներին առնչվող հրապարակումների մեր շարքը:
Այս գործով ԵԴ-ն վճիռ է կայացրել 2007թ. մայիսի 15-ին: Չնայած դեպքն առնչվում է 1998թ. հուլիսի 19-ին տեղի ունեցածի հետ: Ամստերդամի Բիժլեմերներ շրջանում նշվել է Սուրինամի ներգաղթյալների տոնը՝ ստրկության վերացման 135-րդ տարեդարձը: Մորավիա Ռամսահայը ատրճանակի սպառնալիքով ստիպել է մի մոտոցիկլիստի՝ իրեն հանձնել մոտոցիկլը: Դիմադրություն է եղել, բայց նա կարողացել է խլել մոտոցիկլը: Մորավիային նկատել եւ հետապնդել են երկու ոստիկաններ: Նրանք հասել են «…հային», սկսվել է ծեծկռտուք՝ ոստիկանների եւ Մորավիայի միջեւ: Սակայն Մորավիան կարողացել է փախչելու փորձ անել: Ըստ ԵԴ գործի նյութերի՝ ոստիկան Բալստրան տեսել է, թե ինչպես է Մորավիան տաբատի գրպանից հանել ատրճանակը: Նա այդ մասին ասել էր տեղական նախաքննական մարմնին: Ոստիկանն իր զենքը հանել է եւ կրակել Մորավիայի ուղղությամբ: Վերջինս վիրավորվել է պարանոցից:
Այդ կրակոցը տեսել է միակ վկան՝ Պետրուս Վան Հյուվելը, այն էլ մոտակա շենքի 5-րդ հարկից: Հետագայում գլխավոր վկան չի պնդել Մորավիայի ձեռքում առկա զենքի մասին: Ոստիկանը հեռաձայնել է բաժին, հայտարարություն է տվել, թե կրակել է ինչ-որ մեկի վրա, խնդրել է շտապօգնություն ուղարկել:
Զանգից 13 րոպե անց բժիշկները հայտնվել են դեպքի վայրում, սակայն Ռամսահայն արդեն մահացած էր: Տեղի ոստիկանները ժամանել են դեպքի վայր, փակել են այն, իսկ ոստիկանապետը տեղական «Դը Թելեգրաֆ» թերթում հայտարարել է. «Ես թույլ չեմ տա, որ ստեղծվի որեւէ քննչական կոմիտե»: Ավելին, ոստիկանները մի քանի օր հետո անցել են իրենց պարտականությունների կատարմանը:
Ի դեպ, ժողովածուում տպագրված վկաների ցուցմունքների մեջ առավել հետաքրքիր է մոտոցիկլիստը. նա ասել է, որ երբ տոնական միջոցառման ժամանակ իրեն մոտեցավ երիտասարդը, վերջինս իրեն սպառնաց «կնոջ ատրճանակով»: Մոտոցիկլիստի ընկերուհին էլ, որը եղել էր նրա կողքին, տեսել էր «ատրճանակի նման ինչ-որ իր»: Դիմումատուները ԵԴ-ին տեղեկացրել էին, որ իրենց հարազատի գրպանում եղել է հեռախոս, որը չի գտնվել: Ոստիկանների կողմից սպանված երիտասարդի հարազատները վիճարկել էին զենքի գործադրման թույլատրելիությունը: Ըստ այդ ժամանակ գործող ոստիկանության մասին օրենքի՝ արդարադատության նախարարը պատասխանատու էր «ոստիկանների գործունեության կառավարման համար»: Դիմումատուները գրել էին, որ «Ռամսահայի մահը բացարձակապես անհրաժեշտ չի եղել, մահվան կապակցությամբ իրականացված նախաքննությունը եղել է անբավարար, ոչ անկախ, քանի որ դրա էական մասն անցկացվել է Ամստերդամի ոստիկանական ուժերի կողմից, այն ուժերի, որոնց պատկանում է կրակող ոստիկանը»:
ԵԴ-ն հանգեց այն հետեւության, որ ոստիկանների կողմից զենքի կիրառումը չի գերազանցել այն սահմանը, որը «բացարձակապես անհրաժեշտ էր» Ռամսահայի ձերբակալությունն իրականացնելու, ոստիկանների կյանքի ապահովման համար: Պետությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ ոստիկաններն «անփույթ չեն եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել