Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՆԳՈՒՑՅԱԼՆ SMS-ՆԵՐ ԷՐ ՈՒՂԱՐԿՈՒՄ

Հունվար 17,2009 00:00

Իրական պատմություն՝ իրական հետեւանքներով

Գայանե Սարգսյանն ուշագնաց եղավ, երբ ամուսնուց անցյալ տարվա մարտին առաջին անգամ ստացավ SMS հաղորդագրություն: Հաղորդագրությունն այսպիսի բովանդակություն ուներ. «Տեղ հասա: Ես լավ եմ»: Գ. Սարգսյանը ուշագնաց լինելու հիմքեր ուներ. ամուսինը՝ Սարոն, փետրվարին մահացել էր: Հետեւաբար, հանգուցյալը չէր կարող հաղորդակցվել:
Հանգուցյալ ամուսնու յոթի արարողությունը կատարել էին:
Ամուսինը մեծ շրջապատ ուներ, մտերիմ ընկերներ: Երբ սթափվեց, մտածեց՝ հավանաբար չար կատակ է: Սակայն չէր կարողանում հիշել գոնե մեկին, որի հետ Սարոն թշնամական հարաբերություններ ունենար: Ծանր զգացողությունն ուղեկցեց Գայանե Սարգսյանին մի քանի օր էլ: Հընթացս հիշեց, որ ամուսնու մտերիմ ընկերներից Արմեն Վարդանյանը Սարոյի հեռախոսը «հետը դրեց»: Արմենը հանգուցյալի ընկերների մոտ խոստացավ, որ լավ լուրեր կուղարկի: Ընկերների շրջապատում կային անունով մարդիկ, «հեղինակություններ», որոնք պնդեցին, թե այդպես ընդունված է, իրենց հարազատ ընկերը պիտի «ամեն լավ բան իմանա»: Գայանեն SMS-ներ ստացավ մի քանի անգամ էլ: «Lav em, kgrem», «Zbaxvac em, dyq insh eq anym» բովանդակությամբ: Գ. Սարգսյանին այլ ելք չէր մնում, քան գնալ «ԱրմենՏելի» գրասենյակ: Նա պահանջեց իրեն զանգող հեռախոսահամարի վերծանումները: Գրասենյակն իր հերթին խնդրեց դիմումատուին՝ ներկայանալ անձնագրով: Գ. Սարգսյանը չէր ուզում ասել, որ հեռախոսահամարի տերն անձնագիր այլեւս չունի, որ նա բացակայում է առմիշտ:
Նա «ԱրմենՏելին» հայտնեց, որ որդին (մի կերպ ստեց- Ռ. Մ.) ուսման հետ կապված բացակայում է հանրապետությունից, եւ իրեն պետք է ճշտել նրա թողած հեռախոսապարտքը: Ապրիլին հանվեց ցուցակը: Պարզվեց, որ ամուսնու մահվանից հետո նրա հեռախոսահամարի պարտքը կազմել է 40 000 դրամ գումար: Գ. Սարգսյանը երկար ժամանակ ուշքի չէր գալիս: Նա խոսեց իրավաբանների հետ: Գտավ մի փաստաբան, որ նախկինում ոստիկանության քննիչ էր եղել: Փաստաբանին վստահեց «ամուսնու գործը»: Մայիսին մտերիմներով գերեզմանաթումբը քանդեցին: Գտան հեռախոսը: Այն տեղում էր, սակայն առանց քարտի: «Եթե հեռախոսը գողանալու համար շիրմաթումբն են «բարձրացրել», ապա ինչո՞ւ չեն տարել թանկարժեք հեռախոսը եւ նախընտրել են քարտը»,- հարցնում էր փաստաբանը: Պարզվեց, որ ընդհանրապես շիրիմին ձեռք չեն տվել: Ուրեմն, ո՞ւմ մոտ է քարտը կամ ինչպե՞ս է հայտնվել այն ուրիշի ձեռքում:
Օրեր առաջ Վրաստանից վերադարձավ Սարոյի ընկերը: Նա ասաց, որ հեռախոսը հանգուցյալի գրպանում հայտնվելուց հետո զանգում էր: Քարտն աննկատ հանել է եւ օգտագործել: Եվ պատահմամբ հաղորդագրություններ է ուղարկել ընկերոջ տուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել