Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Աստղագիտության տարին ՀՀ-ին չի շրջանցի

Հունվար 17,2009 00:00

\"\"2009 թվականը ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ հռչակվել է Աստղագիտության միջազգային տարի, եւ ողջ տարվա ընթացքում նախատեսված բազմաթիվ գիտական ծրագրերի մեջ ընդգրկված է 135 երկիր:

«Առավոտը» փորձեց պարզել, թե մենք, որ այդքան հպարտանում ենք աստղագիտության բնագավառում մեր ձեռքբերումներով՝ Վիկտոր Համբարձումյան, «Բյուրականի» աստղադիտարան, Գրիգոր Գուրզադյան, Գառնիի տիեզերական հետազոտությունների լաբորատորիա եւ այլն, ընդգրկվա՞ծ ենք, արդյոք, այդ ծրագրերում:
Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանն ասաց, որ առայժմ Գիտությունների ազգային ակադեմիայից որեւէ հայտ չեն ստացել աստղագիտության բնագավառի միջոցառումների մասով, բայց եթե հայտերը լինեն՝ Գիտպետկոմը պատրաստ է ուսումնասիրել դրանք եւ աջակցել: Պարոն Հարությունյանը փոխարենը հիշեցրեց, որ նախորդ տարի՝ 2008-ին, Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 100-ամյակի առիթով (ի դեպ, նույն ՅՈՒՆԵՍԿՕ-ն 2008-ը հայտարարել էր Վիկտոր Համբարձումյանի տարի) Հայաստանում արդեն իսկ մեծ թվով միջոցառումներ են իրականացվել՝ աստղագիտությանը նվիրված: Հատուկ այդ նպատակով կառավարությունը հատկացրել էր 92 մլն դրամ, եւ այդ գումարով վերանորոգվել է Վ. Համբարձումյանի տուն-թանգարանը, նրա կիսանդրին կանգնեցվել է աստղադիտարանի առաջ, անցկացվել են աստղագիտությանը նվիրված խոշոր միջազգային գիտաժողովներ եւ քննարկումներ, լույս են տեսել գրքեր եւ ֆիլմեր, կազմակերպվել է երիտասարդ աստղագետ-գիտնականների 10-օրյա միջազգային դպրոց եւ այլն… Իսկ սեպտեմբերի 18-ը՝ Վ.Համբարձումյանի ծննդյան օրը, այսուհետեւ Հայաստանում կնշվի որպես Աստղագիտության օր:
Փաստորեն, Հայաստանն արդեն իսկ՝ մեկ տարի շուտ, հիմնովին նշել է աստղագիտության տարին, այնպես որ, եթե 2009-ին չնշենք էլ՝ ներելի է: Չնայած, աստղագիտությունն այսօր գիտության այն ճյուղն է, որը զարգանում է ժամ առ ժամ, եւ ետ մնալը ցանկալի չէ, հատկապես այդ բնագավառում որոշակի ավանդույթներ ունեցող Հայաստանի համար:
ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Հայաստանն, այնուամենայնիվ, անմասն չի մնա Աստղագիտության տարվան նվիրված միջոցառումներից, առավել եւս, որ ՀՀ-ն Միջազգային աստղագիտական միավորման անդամ է: Թեեւ դեռ հաստատված չէ միջոցառումների հստակ պլանը, որպեսզի Գիտպետկոմին հայտ ուղարկվեր, սակայն միջոցառումներ անպայման կլինեն, ասենք՝ աստղագիտությանը նվիրված օլիմպիադա կամ երիտասարդ աստղագետների գիտաժողով եւ այլն… «Մենք նախնական ծրագրեր ունենք, որոնք հաստատման փուլում են, երբ հաստատենք, այդ ժամանակ էլ հայտ կներկայացնենք Գիտպետկոմին»,- ասաց պարոն Մարտիրոսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել