Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԹԵՍՏԵՐԻ «ՊԼՅՈՒՍՆԵՐՆ» ՈՒ «ՄԻՆՈՒՍՆԵՐԸ»

Հունվար 17,2009 00:00

\"\"Աշակերտական դիտարկումներ

«Առավոտը» նախորդ համարներում բազմիցս անդրադարձել է հանրակրթական դպրոցներում ընթացիկ ստուգումների անցկացման, թեստային համակարգի արդյունավետության վերաբերյալ տարբեր թեմաների: Ինչպես ցանկացած նորամուծություն, այնպես էլ միասնական թեստային համակարգը, որը ՀՀ կրթական դաշտ ներմուծվեց վերջին 2-3 տարիների ընթացքում, բազում տարաձայնությունների եւ քննարկումների առիթ դարձավ: Կան որոշ մասնագետներ, որոնք պնդում են, թե այս նոր համակարգն ավելի համահունչ է ժամանակակից կրթական տեխնոլոգիաներին եւ մեթոդաբանությանը, ավելի օբյեկտիվ է դարձնում գիտելիքների ստուգումը, ավելի նպատակահարմար է ժամանակի ճիշտ օգտագործման եւ այլ առումներով: Մասնագետների մեկ այլ բանակ էլ ճիշտ հակառակ թեզն է առաջ տանում. նրանք վստահեցնում են, որ թեստերի ստուգման դեպքում օբյեկտիվության մասին խոսք լինել չի կարող, քանի որ համակարգչային ծրագիրը, որի միջոցով կատարվում է աշխատանքների ստուգումը, միեւնույն է, գործի է դրվում մարդկային ձեռքերով: Մյուս նկատառման համաձայն՝ թեստերն այնպես են կազմված, որ աշակերտները հեշտությամբ կարող են միմյանց օգնել, եւ արդյունքում՝ «2»-ի երեխան հնարավոր է «20» ստանա եւ այլն:
«Առավոտը» փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեց պարզել, թե նշված խնդիրների կապակցությամբ ինչպիսի՞ դիրքորոշում ունեն այս ամենի գլխավոր դերակատարները՝ դպրոցականները, որոնք տառացիորեն վերջերս են անցել թեստային համակարգի բովով՝ մասնակցելով դպրոցներում կազմակերպված գիտելիքների ընթացիկ գնահատմանը: Նկատենք, որ աշակերտների շրջանում էլ կան տարաձայնություններ՝ չնայած մեծամասնությունը գոհ է թեստային համակարգից: Զրուցեցինք տարբեր դպրոցների 8-րդ եւ 10-րդ դասարանների որոշ աշակերտների հետ: Թիվ 131 դպրոցի աշակերտ Արմենը պատմեց. «Երբ մաթեմատիկայից էինք թեստ գրում՝ հսկողությունը բավականին խիստ էր: Չէինք կարողանում միմյանց օգնել: Սակայն, երբ քննությանը հինգ րոպե էր մնացել, հանձնաժողովի նախագահը եկավ եւ ասաց, որ ինչ հարց ունենք՝ կարող ենք իրեն տալ, թույլ տվեց նաեւ դասագրքերից օգտվել»: Թիվ 112 դպրոցի աշակերտ Արթուր Սահակյանը նկատեց. «Թեստերն ինձ այնքան էլ դուր չեն գալիս, քանի որ այնպես են ձեւակերպված, որ դժվարությամբ ես ընկալում, թե ինչ են նկատի ունեցել այդ ամենը գրելիս»: Թիվ 89 դպրոցի աշակերտուհիներից Աննան համեմատեց տարբեր առարկաների գծով թեստերը. «Մենք թեստային գրավորներ ենք հանձնել քիմիա, ֆիզիկա եւ կենսաբանություն առարկաներից: Ամենաշատը դժվարացանք քիմիայի թեստերից, քանի որ դրանք շատ էին ծանրաբեռնված բանաձեւերով: Համեմատաբար հեշտ էին կենսաբանության թեստերը, քանի որ առաջադրանքների ձեւակերպումներն էին ավելի հասկանալի: Ինչ վերաբերում է թեստերի լրացման ժամանակ դասարանում տիրող կարգուկանոնին, ապա այդ հարցը բավականին խիստ էր դրված, եւ իրար չէինք կարողանում հուշել: Թեստերի արդյունքներն անցկացվել են դասամատյաններ, եւ դրանք լուրջ ազդեցություն են ունեցել մեր կիսամյակային գնահատականների վրա»: Մեկ այլ աշակերտ՝ Համլետը, այսպիսի մտահոգություն հայտնեց. «Հատկապես բարդ էին պատմություն առարկայի թեստերը, քանի որ առաջադրանքներում շատ էին անցյալ տարիներին անցած թեմաներից հարցեր: Մեզ համար առանց այդ դասերը կրկնելու՝ դժվար էր ճիշտ պատասխանել»: Թիվ 114 դպրոցի աշակերտուհի Լիլիթն էլ խոսեց թեստերի բովանդակային մասից՝ մաթեմատիկայի թեստի օրինակով. «Եթե նախկինում լուծում էինք հանրահաշվական կամ երկրաչափական խնդիրը, բայց վերջում թվաբանական սխալ թույլ տալիս, ապա ստուգողները հասկանում էին, որ լուծման ձեւը ճիշտ է, եւ որոշակի միավոր էին տալիս աշակերտին: Այժմ նման բան բացառվում է, քանի որ թեստերն այնպես են կազմված, որ խնդրի լուծման ճանապարհը չի երեւում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել