Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՊԵՏԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵՆ ՍԻՐՈՒՄ Է «ԱԼԵՔՍԵՐՎԻՆ»

Հունվար 17,2009 00:00

«Ալեքսերվ» մասնավոր ընկերությունն իր առեւտուրն իրականացնում է հարկայինի ստորաբաժանումներում, իսկ տարածքներն էլ նրան տրամադրվել են անվարձահատույց:

ՀԴՄ ժապավենների համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված «Ալեքսերվ» ընկերությունն առաջիկա 3 տարիներին լինելու է Հայաստանում ՀԴՄ-ների թղթի միակ մատակարարը: Ուշագրավ է, որ, չգիտես ինչու, այս ընկերությունը դարձել է Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) «աչքի լույսը»: Կոմիտեն «Ալեքսերվին» անվարձահատույց տարածքներ է տրամադրել հարկայինի բոլոր 35 ստորաբաժանումներում, այն դեպքում, երբ հարկային ծառայության 35 տեսչություններից միայն 10-15-ն են սեփական շենքերում, իսկ մնացած մոտ 20 տեսչություններն իրենք են տարածք վարձակալում: Փաստորեն, տարեսկզբից մասնավոր ընկերության զբաղեցրած տարածքի համար վարձը վճարում է Պետեկամուտների կոմիտեն: Նման նախադեպ դեռեւս չի եղել: Ինչպես չի եղել նաեւ նախադեպ, երբ հարկային տեսուչները տնտեսվարողներին քարոզեն, թե որ ընկերությունից ձեռք բերեն իրենց անհրաժեշտ այս կամ այն ապրանքը կամ գույքը: Իսկ այս պարագայում հարկային տեսուչները շատ պարտաճանաչորեն բոլոր տնտեսվարողներին տեղեկացրել են, որ ՀԴՄ-ի ժապավենի թուղթը պետք է գնեն միայն «Ալեքսերվից»: Արդյունքում՝ տոնական օրերին հարկայինի ստորաբաժանումներում երկար հերթեր էին, քանի որ նոր ժապավեն չունենալու ու չկիրառելու դեպքում տնտեսվարողները կտուգանվեին:
Նշենք նաեւ, որ մինչ այս՝ «Ալեքսերվը» զբաղվել եւ այժմ էլ զբաղվում է ծրագրային ապահովմամբ եւ մաքսայինի հետ համագործակցության փորձ ունի: Ժամանակին մրցույթում հաղթելուց հետո, Մաքսային կոմիտեի տարածքային մարմինների եւ կենտրոնական ապարատի միջեւ ներդրվել է տեղեկատվության փոխանցման «on-line» համակարգը: Այսքան հաջողակ ընկերության մասին, սակայն, գործարար տեղեկատուներում ոչ մի ինֆորմացիա գոյություն չունի: Ստացվում է, որ «Ալեքսերվը» գովազդի կարիք չի ունեցել, որովհետեւ իր ծառայությունների սպառողների պակաս երբեւիցե չի զգացել, ինչը շուկայական տնտեսության տրամաբանության մեջ պարզապես չի տեղավորվում: Իսկ թե ինչով է պայմանավորված «Ալեքսերվի» հանդեպ ՊԵԿ-ի այսօրինակ հոգածությունը, մեր տեղեկություններով՝ պատճառն այն է, որ այդ փաստացի մենաշնորհային ընկերությունը պատկանում է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին: Պետական եկամուտների պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ «Ալեքսերվը» մրցույթում հաղթել է միայն այն պատճառով, որ համապատասխանել է իրենց բոլոր պահանջներին եւ ՀԴՄ ժապավենի համար առաջարկել է ցածր գին՝ 350 դրամ: Նշենք, որ մինչ օրս Հայաստանում նշված ժապավենների գները տատանվում էին 200-400 դրամի սահմաններում: Ինչ վերաբերում է մասնավոր ընկերության կողմից պետական կառույցի տնօրինած տարածքում անվարձահատույց տարածքներ տնօրինելուն, ապա, Ա. Ալավերդյանի ներկայացմամբ. «ՀԴՄ-ների կտրոններով վիճակախաղ անցկացնելը եւ դրա համար անհրաժեշտ պայմաններին բավարարող թուղթ ունենալը ՊԵԿ-ի ծրագիրն էր, եւ մենք ունենք շահագրգռվածություն, որ ՀԴՄ-ների շահագործման կանոնների որակը բարձրացնենք: Անկախ՝ որ կազմակերպությունը մրցույթում կհաղթեր, մենք պետք է առաջարկեինք, որ սկզբնական շրջանում նա օգտվի հարկային տեսչության տարածքներից, քանի որ հարկ վճարողները հարկային տեսչության տեղերը լավ գիտեն, իսկ մեր շենքերը ապահովված են անվտանգության համակարգերով»: Պարոն Ալավերդյանի հավաստմամբ, «Ալեքսերվը» հարկայինի տարածքները անվարձահատույց կտնօրինի այնքան՝ ինչքան կամենա. «Որքան նպատակահարմար կլինի մեր ընդհանուր շահերին»: Մեզ հետ զրույցում Ա. Ալավերդյանը նշեց նաեւ, որ տնտեսվարողները, ուզեն, թե չուզեն, պետք է ձեռք բերեն հենց «Ալեքսերվի» ներկրած ժապավենները, հակառակ դեպքում՝ վիճակախաղը չի կայանա: Ի պատասխան մեր այն հարցին, թե մրցույթով մոնոպոլի՞ստ է ընտրվել, Ա. Ալավերդյանն ասաց. «Ես չգիտեմ, դուք ինչպես կմեկնաբանեք կամ ինչ նպատակով եք այդ բառը օգտագործում: Այո, միայն մեկ կազմակերպություն է»: Նկատենք, որ եթե ընկերությունը գործունեություն է ծավալում մեկից ավելի կետերում, ապա պարտավոր է ամեն կետում ունենալ առաքման գիրք, որը գրանցվում է պետռեգիստրի տվյալ տարածքի մասնաճյուղում: «Ալեքսերվը» հասցրել է ընդամենը մի քանի օրում գրանցել ավելի քան 3 տասնյակ առաքման գրքեր, այն էլ Հայաստանի նման բյուրոկրատական քաշքշուկներով հարուստ երկրում: Մինչդեռ, այլ տնտեսվարողներից դրա համար պահանջվում է 1 շաբաթից ավելի ժամանակ:
Ուշագրավ է նաեւ, որ մեզ հետ զրույցում Ա. Ալավերդյանը 200-400 դրամ արժեցող մինչ այժմ եղած ՀԴՄ ժապավենների թղթերն անվանեց անհայտ որակի, սակայն մինչ այսօր դրանց որակից որեւէ դժգոհություն չի եղել: Բացի այդ, նախկին 3-4 սմ երկարությամբ կտրոնի փոխարեն տնտեսվարողները պետք է կիրառեն 10 սմ-անոց կտրոններ: Այսինքն՝ մինչ օրս 200 դրամանոց ժապավենով աշխատած տնտեսվարողը միայն ՀԴՄ-ի ժապավեն ձեռք բերելու համար պետք է 4-4,5 անգամ ավելի ծախս անի: Իսկ այդ ավելի գումարները մտնելու են «Ալեքսերվի» գրպանը:
Ընդհանրապես, գոյություն ունեն ստվերային տնտեսության դեմ պայքարի մի քանի անգամ ավելի արդյունավետ տարբերակներ: Օրինակ, ժամանակին դրանցից մեկը կիրառել է Թուրքիայի 7-րդ նախագահ Թուրգութ Օզալը: ՀԴՄ կտրոնը ներկայացնելու պահին պետությունը, կանխիկ կերպով, քաղաքացուն է տալիս կտրոնի վրա եղած գումարի 10%-ը: Հայտնի է, որ Օզալը փայլուն արդյունքի հասավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել