Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կոնգրեսի ստվերային կառավարությունն ուրիշ է

Հունվար 17,2009 00:00

ՀԱԿ-ում ապագա նախարարների ցուցակ չեն կազմում

Դեռ անցյալ տարեվերջին տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի համաժողովում, երբ անդրադարձ եղավ Կոնգրեսի ներկազմակերպչական խնդիրներին՝ ՀԱԿ կառույցների ամրապնդմանը զուգահեռաբար կարեւորվեց նաեւ ստվերային կառավարություն կամ, այսպես ասած՝ իշխանություններին այլընտրանք ստեղծելու գաղափարը: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց, թե այդ գործընթացը սկսված է եւ գտնվում է աշխատանքային ակտիվ փուլում: Ծրագրվում է ձեւավորել վեց՝ կառավարման տարբեր ոլորտներ ընդգրկող հանձնաժողովներ, որոնք կունենան նաեւ իրենց ենթահանձնաժողովները: Առայժմ ամբողջովին կազմավորվել են միայն երկուսը՝ տնտեսական եւ իրավական հանձնաժողովները: Լ. Զուրաբյանի ասելով՝ այդ եւ մյուս՝ դեռ կազմավորման փուլում գտնվող հանձնախմբերը, օրինակ՝ առողջապահության, կրթության եւ գիտության, պաշտպանության եւ ազգային անվտանգության եւ այլն, ունեն եւ կունենան համակարգողներ: Այդուհանդերձ, ի պատասխան մեր հարցին, պարոն Զուրաբյանն ասաց, թե այդ համակարգողների ընտրությունը անձնավորված բնույթ չի կրելու եւ ամենեւին էլ չի ենթադրում, որ ընդդիմությունը իշխանության գալու դեպքում հենց այդ մարդկանց է ներկայացնելու որպես իր կառավարության անդամներ: Այսինքն՝ Կոնգրեսում ձեւավորված ստվերային կառավարությունը ոչ թե նախարարների ցուցակ է ենթադրում, այլ, Լ. Զուրաբյանի փոխանցմամբ, կառավարման կոնկրետ ոլորտներին վերաբերող վերլուծություններ անելու եւ դրանց հիման վրա հասարակությանը բարեփոխումների սեփական ծրագրերը ներկայացնելու խնդիր է հետապնդում՝ միաժամանակ հանդես գալով որպես իշխանություն ստանձնելուն պատրաստ ուժ, որը պատրաստ է կառավարման ցանկացած ոլորտ ղեկավարել: «Դա ավելի է կարեւորվում գործող իշխանությունների անկարողության ֆոնի վրա: Այսօր իշխանությունը ոչ միայն ոչ լեգիտիմ է, կոռումպացված, այլեւ կառավարման տեսակետից ձախողված է բոլոր ուղղություններով: Նա անգամ չի կարողանում տիրապետել պետական բյուրոկրատիային: Բացի այդ, տվյալ դեպքում մեր առավելությունը գործող կառավարության համեմատ այն է, որ վերջինիս որոշումներն ու ծրագրերը պայմանավորված են տարբեր խմբերի՝ օլիգարխիկ շրջանակների, մոնոպոլիստների, կոռումպացված իշխանության շահերով: Մենք այդ ազդեցություններից ազատ ենք եւ կարող ենք մշակել կառավարման այնպիսի մեխանիզմներ, որոնք ազատ են այդ շահերի ազդեցությունից»,- վստահեցրեց Լ. Զուրաբյանը:
Ստվերային կառավարության ձեւավորմանը զուգահեռ Կոնգրեսում մտածում են նաեւ ընթացիկ եւ, ըստ Կոնգրեսի համակարգողի, ավելի առաջնահերթ խնդիրների մասին՝ քաղբանտարկյալների ազատ արձակում եւ այդ հարցում միջազգային հանրության, ԵԽ-ի ուշադրության բեւեռում:
ՀԱԿ համաժողովում չէր բացառվել զանգվածային միջոցառումների վերսկսման հնարավորությունը: Նշվում էին տարբեր ժամկետներ՝ փետրվարի 19, մարտի 1 եւ այլն: Լ. Զուրաբյանը նկատեց, թե դա «քաղաքական պլանավորման խնդիր է, որը տարբերվում է բիզնես պլանավորումից»: Նրա մատուցմամբ՝ քաղաքական շատ գործընթացներ, այդ թվում՝ զանգվածային կամ պակաս մարդաշատ ակցիաները, իսկապես, երբեմն ինքնաբուխ բնույթ են կրում. «Քաղաքական պլանավորումը չի կարող կոնկրետ ժամկետների հետ կապված լինել: Բոլորիս համար ակնհայտ է, որ հասարակության ներսում աննախադեպ սոցիալական դժգոհության կուտակում կա, իսկ 2008թ. մարտի 1-ից սկսած քաղաքական ճգնաժամը դեռ իր հանգուցալուծումը չի ստացել: Դա նշանակում է, որ այդ դժգոհության կուտակված էներգիան ինչ-որ պահի պետք է բաց թողնվի: Ընդդիմության քաղաքական ղեկավարության ամենակարեւոր խնդիրն այն է, որ այդ պահը ճիշտ ընտրվի: Դա չի բացառում, որ այդ ընթացքը հնարավոր է կասեցնել, եթե իշխանությունները խոհեմ գտնվեն: Նրանք պետք է հասկանան, որ այդ հարցի լուծման համար կան քաղաքական շատ միջոցներ եւ շատ պարզ սցենար՝ ազատ արձակել քաղբանտարկյալներին, որից հետո ընդդիմության հետ սկսել ինտենսիվ ու դինամիկ երկխոսություն: Ցավոք, ՀՀ գործող իշխանությունները համառորեն հրաժարվում են այդ ճանապարհից, եւ զարմանալին այն է, որ նրանց մեջ չկա մեկը, որ հասկանա՝ դա ինքնաքայքայման ճանապարհ է»: Լ. Զուրաբյանն, այսուհանդերձ, չորոշակիացրեց, թե ընդդիմությունը հատկապես ե՞րբ է մտադիր սկսել զանգվածային միջոցառումները: Հայտնի է միայն, որ ընդդիմությունը զանգվածային միջոցառում է անցկացնելու մարտի 1-ին՝ ողբերգական իրադարձությունների տարեդարձի առնչությամբ: Չի բացառվում, որ զանգվածային միջոցառումներ լինեն մինչ այդ:
Հիշեցնենք, որ Կոնգրեսն իր համաժողովում խոստացավ այդպիսի միջոցառումները պարբերական դարձնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել