Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐԻ ՀԵՏ ԿՈՆՅԱԿ ՄԻ ԽՄԵՔ, ԲԱՅՑ…

Հունվար 17,2009 00:00

\"\"Առաջարկում է Հայաստանի քաղաքագետների միության նախագահ
Հմայակ Հովհաննիսյանը, որը 2000-ի փետրվարից մինչեւ 2001-ի ապրիլը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ էր:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանն օրերս ասուլիսում պնդել էր. «Եթե ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները նստեին այլ երկրների պատվիրակության անդամների հետ մի բաժակ սուրճ, թեկուզ մի բաժակ էլ կոնյակ խմեին ու այդպիսով բացատրական աշխատանք տանեին՝ բացատրեին ու ավելացնեին Հայաստանի ընկերների թիվը, բանը գուցե ձայնից զրկելուն չհասներ: Մինչդեռ ոչ մի բան չի արվել»: Նաեւ հիշել էր, որ դեռ խորհրդային տարիներին ինքը հայկական կոնյակի զորությամբ կարողացել է հասնել նրան, որ 50 միլիոն ռուբլով ավելացվի Կոնյակի գործարանի ֆինանսավորումը. «Այն ժամանակվանից գործում է զանգով ու մարդկային հարաբերություններով հարցեր լուծելու պրակտիկան, ու մինչեւ մարդկության վերջն էլ դա գործելու է: Աղուհացը քոռացնում է մարդուն»:
ԵԽԽՎ-ում ժամանակին Հայաստանը ներկայացրած Հմայակ Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ կարծո՞ւմ է, արդյոք, որ մեր պատվիրակության անդամները կոնյակի միջոցով իրոք կկարողանային խուսափել քվեարկության իրավունքը կորցնելուց. «Գավառամիտ եւ զազրախոս մարդկանց շուրթերում նման գնահատականներն, իհարկե, ընդունելի են, բայց եթե մարդը զբաղեցնում է Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը, եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերին նայում է կոնյակի, բաստուրմայի եւ այլ գյուղատնտեսական մթերքների մատուցման պրիզմայով, ապա ուղղակի պետք է ասել, որ մեր ժողովուրդն արժանի չէ նման դառը ճակատագրի: Իր անկախության 18-րդ տարեդարձը բոլորող երկրի օրենսդիրներն այսօր տրվում են խորհրդային անցյալի մասին ոչ վայել հուշերի եւ փորձում այդ նույն կոնյակային ու բաստուրմային հարաբերությունների պրիզմայով ներկայացնել մեր այսօրվա անելիքները: Սրանք տխուր, բայց ցավոք՝ ոչ պատահական արտահայտություններ են: Ռոբերտ Քոչարյանն էլ Եվրոպայի խորհրդի մասին խոսելիս հիշատակեց Խորհրդային Միության քաղբյուրոյին: Տվյալ դեպքում՝ կարող եմ վկայակոչել պսիխոանալիզի հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդին, որն ասում էր, թե լեզվի սայթաքումներ ընդհանրապես չեն լինում՝ դրանք արտացոլում են մարդու ներաշխարհում արմատավորված կաղապարները: Սա էլ հենց այդ դեպքն է»:
Կարելի՞ է ենթադրել, որ արդեն իսկ համակերպվելով այն հեռանկարի հետ, որ Հայաստանը զրկվելու է ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքից՝ ուղղակի փորձ է արվում «քավության նոխազներ» գտնել, ուստի պատվիրակության անդամները մեղադրվեցին ոչ սրտացավ մոտեցումների մեջ: Մեր այս դիտարկմանն ի պատասխան՝ պարզվեց, որ Հմայակ Հովհաննիսյանն էլ լուրջ վերապահումներ ունի ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության հանդեպ. «Երեւի այս հարցում կարող եմ նույնիսկ համաձայնել Ռաֆիկ Պետրոսյանի հետ, որ պատվիրակություն գոյություն չունի: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունն, ըստ էության, ձայնից զրկվել էր նույնիսկ շատ ավելի շուտ, քան Եվրոպայի խորհուրդն ընդունեց 1609 եւ 1620 բանաձեւերը: Կարծում եմ, որ պատվիրակությունը պետք է պատասխանատվություն ստանձնի մեր երկրի պարտավորությունների ճշգրիտ կատարման հարցում. այն առումով, որ փորձի ոչ թե Եվրոպայի խորհրդին համոզել, որպեսզի այն մատների արանքով նայի իր արժեհամակարգի ոտնահարման փաստերին, այլ երկրի ղեկավարությանը համոզի, որ նախանձախնդիր լինեն այդ պարտավորությունների կատարման հարցում»: Հետաքրքրվեցինք՝ վստա՞հ է, որ պատվիրակության անդամներն իրոք չեն փորձել նման աշխատանք տանել, գուցե ուղղակի երկրի առաջին դեմքե՞րը չեն համոզվում: Եվ ի վերջո՝ արդյոք ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության վրա չե՞նք փորձում բարդել այն ամենն անելու պատասխանատվությունը, ինչ պետք է աներ Հայաստանի իշխանությունը: Սակայն մեր հարցադրումներին ի պատասխան՝ Հմայակ Հովհաննիսյանը պնդեց իր տեսակետը. «Պատվիրակությունը շատ ակտիվ դերակատարություն ունի՝ առաջին հերթին այն միջնորդն է, որը պետք է նպաստի երկրի եւ ԵԽ կառույցների միջեւ ներդաշնակ հարաբերություններին: Եվ դրանք պայմանավորված են ոչ թե բաստուրմայով ու կոնյակով, այլ երկրի կողմից ստանձնած սեփական պարտավորությունների անթերի կատարմամբ: Երկու ծայրահեղություններն էլ անընդունելի են. մի կողմից՝ չի կարելի ասել, թե պատվիրակությունը պետք է միայնակ կրի պատասխանատվություն այն իրողության համար, որ մեր պետությունը հայտնվել է, ըստ էության, անդունդի եզրին: Բայց չափազանցություն կլինի, եթե ասենք, թե պատվիրակությունը դերակատարություն չունի: Իհարկե ունի՛: Այլ հարց է, որ այդ դերը ոչ թե ԵԽԽՎ պատվիրակների հետ կոնյակ ըմպելու ու նրանց բաստուրմա մատուցելու տեսքով պետք է դրսեւորվի, այլ կոնկրետ աշխատանքով: Մինչդեռ մենք, ցավոք, ականատես էինք, թե պատվիրակությունն ինչպես էր ջանքեր գործադրում՝ համոզելու ԵԽԽՎ պատգամավորներին, որ նրանք կոշտ միջոցներ չկիրառեն, մի քանի ամսով էլ հետաձգեն որոշման ընդունումը»:
Հայաստանի քաղաքագետների միության նախագահը նաեւ ասաց. «ԵԽԽՎ 1620 բանաձեւի ընդունումից հետո, իմ կարծիքով, կար եզակի հնարավորություն՝ երկխոսության միջոցով մեր երկրի օգտին հանգուցալուծելու այն թնջուկը, որը սպառնում էր մեզ կանգնեցնելու այն վտանգի առջեւ, որի առջեւ Հայաստանը կանգնել է այսօր: Այդ հնարավորությունը կար հուլիսին, երբ ընդդիմության առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի հարթակից ձեռք մեկնեց Սերժ Սարգսյանին՝ հիշատակելով իրենց համատեղ աշխատանքը, ասելով, թե իրենք ընկերներ են եղել, դու-ով դիմելով նրան: Ասաց, թե պատմությունը գիտի դեպքեր, երբ երկրի ղեկավարությունն ունեցել է լեգիտիմ ձեւավորման ընթացակարգի առումով լուրջ խնդիրներ, սակայն կարողացել է իր ազգօգուտ քայլերով այդ բացը լրացնել: Եվ ինքն ակնկալում էր, որ Սերժ Սարգսյանը կգնա այդ ճանապարհով: Ես այդ ժամանակ Տեր-Պետրոսյանի կողքին՝ հարթակում էի: Եվ այդ պահին իմ անձնական ընտրությունը՝ գտնվելու այդ հարթակի վրա, համարեցի լիովին արդարացված, համոզվելով, որ ընդդիմության առաջնորդն իսկապես «որքան վատ՝ այնքան լավ» սկզբունքով չի ղեկավարվում, այլ փորձում է լուծում գտնել: Ես ակնկալում էի, որ Սերժ Սարգսյանը կսեղմի մեկնված այդ ձեռքը, սակայն ինչո՞ւ դա տեղի չունեցավ: Ինչո՞ւ, երբ քաղաքագետների միության վարչությունը դեռ ապրիլին, գիտակցելով, որ մարտի 1-ի ահավոր վիհը կարող է սպիանալ միայն մի դեպքում, եթե տեղի ունենա երկխոսություն Սերժ Սարգսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ, իր հայտարարությամբ առաջարկեց նպաստել այդ երկխոսությանը՝ որեւէ արձագանք չեղավ իշխանության կողմից: Ինչո՞ւ: Սերժ Սարգսյանի կողմից բաց թողնված հնարավորությունների առկայությունը եւ այն, թե որքա՜ն թեթեւամտորեն այդ հնարավորություններն անտեսվեցին՝ վկայում է, որ իրականում Սերժ Սարգսյանի թշնամին, որը ձգտում է նրա անկումը դարձնել անխուսափելի՝ ոչ թե ընդդիմությունն է, այլ իր շրջապատը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել