Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ՝ ՈՒՂՂՎԱԾ ՀՔԾ-ԻՆ

Հունվար 17,2009 00:00

\"\"Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը, անդրադառնալով ՀՔԾ ավագ քննիչ Վահագն Հարությունյանի հայտարարությանը, թե՝ մարտի 1-ի ցերեկը իրավապահների ներկայությամբ ավտոմատով զինվողը ՀՀ ՊՆ զորամասի վարորդ է, իսկ ավտոմատը շարասյան ավագինն է, ով զենքը հանձնել է վարորդին ու գնացել բնական կարիքները հոգալու, շնորհակալություն է հայտնել ՀՔԾ քննիչին՝ «սեփական կամքով ընդունելու համար», որ մարտի 1-ին բանակը ներգրավված է եղել ներքաղաքական գործընթացներին: Ապա Ա. Մուսինյանը այդ առնչությամբ մի քանի հարցադրումներ է արել՝ «ո՞վ է շարասյան ավագը, հարուցվե՞լ է քրգործ՝ զենքն այլ մարդու հանձնելու փաստի առիթով, ենթարկվե՞լ է այդ զենքը փորձաքննության՝ պարզելու համար՝ նրանից կրակոց արձակվե՞լ է, թե՞ ոչ, արդյոք ավտոմատավորն իսկապե՞ս վարորդ է եւ ինչո՞ւ է քաղաքացիական հագուստով»: Մուսինյանի փոխանցմամբ, ՀԱԿ-ի տեղեկություններով, զորամասը, որ նշվել է Վ. Հարությունյանի կողմից, սահմանամերձ զորամաս է, ինչը նշանակում է, որ ՀՀ պետպաշտպանությունն ապահովող զորամասերը մարտի 1-ի առավոտյան բերվել են Երեւան: Կոնգրեսը տեղեկություն ունի, որ այդ օրը Երեւան են բերվել նաեւ ոստիկանության զորքերի՝ հայկական ատոմակայանի պահպանությունն իրականացնող զինվորները: ՀԱԿ խոսնակը հակադարձել է Վ. Հարությունյանի մեկ այլ հայտարարությանը, թե՝ մարտի 1-ին դիմակավոր անձանց կողմից դիմահար կրակոցով արձակված փամփուշտները անգնդակ են եղել: Եթե ՀՔԾ-ին հայտնի է դա, ապա պիտի իմանան նաեւ դիմակավորների անունները: Ըստ Մուսինյանի՝ հասարակությունը իրավունք ունի իմանալ դրանց անունները: ՀԱԿ ներկայացուցիչը հայտարարել է, թե Կոնգրեսի ճնշման տակ ՀՔԾ-ն ու Վ. Հարությունյանը ստիպված են լինելու դեռ շատ բացահայտումներ անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել