Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ են պատժում դատավորին

Հունվար 17,2009 00:00

Ըստ դատախազության՝ ոչ արդարացման դատավճիռների համար

ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ արդարադատության նախարարին դատավոր Ռուբեն Ափինյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու խնդրանքով: Մամուլում այս նախաձեռնությունը պայմանավորել էին այն հանգամանքով, որ այս դատավորը «Մարտի 1»-ի գործերով արդարացման երկու դատավճիռ է արձակել: Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի «Առավոտին» տված պարզաբանման համաձայն՝ վարույթ հարուցելու խնդրանքի պատճառը հետեւյալն է. «Մի քանի քրեական գործերով արդարադատություն իրականացնելիս Ափինյանը, դատախազության գնահատմամբ, թույլ է տվել դատավարական նորմերի էական խախտումներ: Օրինակ՝ անչափահաս Ն. Ղարիբյանի կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողությունների կատարելու դեպքի առթիվ հարուցված քրգործով նախաքննական մարմնի կողմից մեղադրանք էր առաջադրվել Ս. Սաղաթելյանին ՔՕ 3 հոդվածներով՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, «կոկաին» տեսակի թմրամիջոց իրացնելու եւ դրա գործածմանը անչափահասին հակելու համար: Նախաքննությամբ ձեռք էին բերվել բավարար տվյալներ, որ Ս. Սաղաթելյանն անչափահասին խաբեությամբ տարել էր ընթրելու, ապա նրա բաժակի մեջ լցրել «կոկաին», ինչն էլ վերջինս խմել է: Ապա, օգտվելով անչափահաս աղջկա անօգնական վիճակից, կատարել սեքսուալ բնույթի գործողություններ: Նկատի ունենալով, որ մեղադրյալն ինչպես դեպքից անմիջապես հետո, այնպես էլ նախաքննության ընթացքում բազում փորձեր էր արել ազդել տուժողի վրա՝ սպառնալով, որ կատարվածի մասին ճշմարիտ ցուցմունքներ չտա ոստիկանությանը՝ նախաքննական մարմինը միջնորդել էր մեղադրյալ Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը:
Սակայն մեղադրյալի ազատության մեջ մնալու պարագայում քննությանը խոչընդոտելու առկա փաստերը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռ. Ափինյանի նախագահությամբ, պատշաճ կերպով չի գնահատել եւ կայացրել է անօրինական ու չհիմնավորված որոշում՝ գրավով ազատելով նրան արգելանքից: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատախազի բողոքի հիման վրա քննելով ընդհանուր իրավասության դատարանի նշված որոշման օրինականությունը, բեկանել է այն՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանքը: Սակայն նա, օգտվելով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների դատարանի ընձեռած հնարավորությունից, դիմել է փախուստի եւ ներկայումս գտնվում է հետախուզման մեջ: Ի դեպ, այս դեպքի մասին 2008-ի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին բազմաթիվ հրապարակումներ են եղել մամուլում՝ «Իրավունք» շաբաթաթերթում, «Առավոտ» օրաթերթում. «Անչափահասի բռնաբարության մեջ մեղադրվողը դատավորի օգնությամբ դիմել է փախուստի», «Բռնաբարության մեջ մեղադրվողը փախել է» վերտառությամբ՝ դատաիրավական մարմինների ուշադրությունը հրավիրելով արձանագրված խախտումների վրա:
Ռ. Ափինյանի կողմից սա միակ որոշումը չէ, որով արգելանքից ազատվել է դատավարության մասնակից անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրող մեղադրյալը՝ արդյունքում խուսափելով վարույթն իրականացնող մարմնից: Այդ բոլոր խախտումներն ի մի բերելով՝ դատախազությունը դրանք ներկայացրել է արդարադատության նախարարին՝ խնդրելով դարձնել քննարկման առարկա: Անհրաժեշտության դեպքում դատախազությունը պատրաստակամ է ներկայացնել նաեւ մնացած խախտումները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել