Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴԱՏ ՉԱՐԵՑԻՆ, ԲԱՅՑ ՄԱՐԴԿԱՆՑ ԾԵԾԵՑԻՆ

Հունվար 17,2009 00:00

\"\"Ոստիկանները կրկին իրենց տարերքի մեջ էին

Ինչպես եւ կանխատեսվում էր, երեկ հերթական՝ արդեն 5-րդ անգամ հետաձգվեց «Յոթի» գործով նշանակված դատական նիստը: Երեկ այն տեւեց ընդամենը մի քանի րոպե, այնպես, որ ամբաստանվող յոթնյակը չհասցրեց անգամ բառ ասել, հայտարարություն անել: Հակառակ սպասվածի՝ որեւէ հայտարարությամբ կամ միջնորդությամբ հանդես չեկավ նաեւ մեղադրող կողմը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը նիստը շատ արագ տեմպերով հետաձգեց նույն՝ ամբաստանվողների կողմից դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու պատճառաբանությամբ: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 30-ին:
Հիշեցնենք, որ մինչ այդ ԵԽԽՎ-ում լիագումար նստաշրջանն ու այնտեղ Հայաստանի հարցի քննարկումն արդեն ավարտված են լինելու: Սա Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին թույլ տվեց եզրակացնելու, որ դատավորն ու ընդհանրապես իշխանությունները «Յոթի» գործի վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու մարտավարությունը հստակեցնելու համար սպասում են ԵԽԽՎ-ում տեղի ունենալիք զարգացումներին:
Թեեւ դատական երեկվա նիստն ընդամենը րոպեներ տեւեց, բայց Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջեւ հավաքված բազմությունը՝ քաղկալանավորների հարազատները, ընկերներն ու համախոհները, նաեւ այդ գործի հետ առնչություն չունեցող քաղաքացիները դեռ երկար ժամանակ չէին լքում շենքի տարածքը: Երեկ դատարանի շենքի եւ նրան հարող տարածքում աննախադեպ մեծ քանակի ոստիկանության աշխատակիցներ եւ կարմիր բերետավորներ կային: Հենց նրանք էլ փորձեցին համատեղ ուժերով կանխել հավաքված բազմության՝ դեպի Գլխավոր դատախազություն բողոքի երթ անցկացնելու մտադրությունը: Ուժայինները, շղթա կազմած, աքցանի մեջ էին առել հավաքված մարդկանց եւ մե՛կ ուժով փորձում էին հեռացնել դատարանի շենքի մոտից, մե՛կ թույլ չէին տալիս բոլորով միասին առաջ շարժվել: Մի պահ իրավիճակն անկառավարելի էր դարձել. եղան հրմշտոցներ, գետնին տապալված կանայք, նաեւ՝ թեթեւ բախումներ ոստիկանության եւ ցուցարարների միջեւ: Մեր հանրությանն արդեն քաջ հայտնի Վալերի Օսիպյանի եւ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ՝ մարդկանց (այդ թվում՝ կանանց ու լրագրողների) վրա հայհոյախառն արտահայտություններով հարձակված ոստիկանները փորձում էին նրանց փոքրաթիվ խմբերի բաժանել: Դա նրանց, ի վերջո, հաջողվեց անել: Արանքում ոստիկանների հարվածներից արյունլվա էր դարձել ԱԺ պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի քույրը, ոստիկանի կողմից իրեն հրելու արդյունքում ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանն էր գլխով բախվել երկաթե հենասյունին, հարվածներ է ստացել նաեւ «ՉԻ» լրագրող Թագուհի Թովմասյանը: Ավելի ուշ, երեկոյան, հայտնի դարձավ, որ Գ. Շամշյանին տեղափոխել են հիվանդանոց՝ ուղեղի ցնցում ախտորոշմամբ, սակայն նա հրաժարվել է ստացիոնար բուժումից եւ վերադարձել էր «ՉԻ» խմբագրություն: Կոնգրեսի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանն ու Վլադիմիր Կարապետյանը անհաջող փորձեր էին անում ոստիկաններին բացատրելու, որ հավաքվածների նկատմամբ ուժ կիրառել կամ նրանց վիրավորել չի կարելի, որ մարդիկ փորձում են իրացնել իրենց սահմանադրական իրավունքը՝ խաղաղ երթ անել: Այսուհանդերձ, բողոքի ակցիա անցկացնելու հաստատ մտադրություն ունեցող քաղաքացիները ոչ թե երթով, այլ մաս-մաս, խմբերով քայլելով, նաեւ՝ ավտոբուսներով, որոնց, ի դեպ, ուղեկցում էին ոստիկանության մեքենաները, հասել էին Գլխավոր դատախազության շենքի մոտ եւ կենտրոնացել շենքին հարակից այգում՝ վանկարկելով ավանդական կարգախոսը՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», եւ պահանջելով նրանց անհապաղ ազատ արձակումը:
ՀԱԿ-ում տեղի ունեցածը բնութագրեցին այսպես՝ «կրիմինալ իշխանությունը քաղաքական եւ իրավական ճանապարհներ չի ճանաչում, նա գիտի միայն մեկ, իրեն հարազատ մեթոդ՝ բռնություններ»:
Երեկ, ավելի ուշ, Հայ ազգային կոնգրեսը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է. «Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է խաղաղ ցուցարարների դեմ իրականացված այս հերթական վանդալիզմը, որ ճշգրիտ ցուցադրում է վարչախմբի հոգեվարքի ցնցումները՝ ի դեմս բարձրաստիճան ոստիկանների աքացիների ու փողոցային հայհոյանքների: Դատական նիստը 15 օրով հետաձգվեց ոչ թե դատավարական խնդիրներից ելնելով, այլ ճիշտ այնքան ժամանակով, մինչեւ հայտնի կդառնա ԵԽԽՎ-ի որոշումը Հայաստանի մասին։ Այսինքն՝ վարչախումբը դրանով մատնեց ինքն իրեն. նա այդ քայլով ապացուցեց, որ այս դատավարությունն իր համար ոչ թե իրավական պրոցես է, այլ քաղաքական, իսկ ազատազրկվածները քաղաքական բանտարկյալներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել