Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է ամայանում Հին Թաղերը

Հունվար 16,2009 00:00

ԼՂՀ Հադրութի շրջանի Հին Թաղեր գյուղը դարերի պատմություն ունի: Գյուղի տարածքում հայտնաբերված խեցեգործական առարկաներից շատերը շուրջ 5000 տարեկան են: Բազմաթիվ հին գերեզմանոցները, տարբեր նշանակության շինությունների, սրբատեղիների փլատակների մնացորդները վկայում են, որ մարդն այստեղ բնակվել է անհիշելի ժամանակներից:
Գյուղի կենտրոնում դեռեւս կանգուն եկեղեցիներից մեկի արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է հայոց ՌՃԵ (1105) թվականին: Մյուս՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հիմնադրման արձանագրությունը «թռցրել» են ազերի վայ-գիտնականները: Դժբախտաբար, այդ եկեղեցիները, բազմաթիվ խոնարհված սրբատեղիներ ու պատմական հուշարձաններ դուրս են մնացել ուսումնասիրողների ուշադրությունից: 1937թ. Հին Թաղերում շահագործման հանձնվեց միջնակարգ դպրոցի նոր շենքը: Մինչեւ վերջերս այստեղ գործում էին գյուղական հիվանդանոցը, մշակույթի տունը, հիդրոմետ կայանը, որտեղ ծառայում էր մոտ հիսուն մարդ:
Այժմ այս բոլորը հուշ է դարձել: Գոցվել են հիվանդանոցի դռները, ավերակի վերածվել մշակույթի օջախները, փոշիացվել տնտեսության ունեցվածքը, խամ ու խոպան դարձել բերրի դաշտերն ու հանդերը: Ազերի իշխողները, լավ հասկանալով գյուղի ստրատեգիական նշանակությունը (այն Արցախի հարավարեւմտյան դարպասն է), ամեն կերպ ձգտել են այն հայաթափել: Ազգային ու տնտեսական խտրականությունը, աքսորն ու հալածանքը ճկեցին, բայց չկոտրեցին հինթաղերցու մեջքը:
Հայրենական մեծ պատերազմի տարիներին այդ փոքրիկ գյուղից զորակոչվեց 250 հոգի: Գյուղում մինչեւ հիսուն տարեկան ոչ մի տղամարդ չմնաց։ Զորակոչվածներից կեսը տուն չդարձավ: Արցախյան զարթոնքի առաջին իսկ օրերից հինթաղերցիներն առաջին գծում էին: 1988թ. կազմակերպվեց գյուղի ինքնապաշտպանական ջոկատը: Ազատամարտի մասնակից բոլոր հինթաղերցիները արժանացել են մարտական պարգեւների:
1991թ. մայիսին տեղահանվեցին Հադրութի շրջանի հարավային ու հարավարեւմտյան բոլոր բնակավայրերը: Թիկունքում՝ թշնամուց երեք կողմից պաշարված մնացին միայն Հին Թաղեր եւ Խծաբերդ փոքրիկ գյուղերը: 815 օր ու գիշեր այդ գյուղերի փոքրաթիվ պաշտպանները մնացին անսասան ու հաղթեցին: Թվում էր, թե մեր փառավոր հաղթանակից հետո Հին Թաղերը կբուժի վերքերը, աստիճանաբար վերելք կապրի: Բայց կատարվում է անսպասելին: Գործազրկության, պատկան մարմինների անուշադրության եւ բազմաթիվ այլ պատճառներով երիտասարդները սկսեցին լքել հայրենի օջախը:
Դատարկվում, ամայանում է Արցախի հնագույն բնակավայրերից մեկը, որը հայրենիքին տվել է բազում արժանավոր զավակներ: Գիտությունների դոկտորների, թեկնածուների, ճարտարագետների, բժիշկների, ժուռնալիստների, բարձրաստիճան զինվորականների ծննդավայրը վերածվում է փլատակների ու ամայանում: Այստեղ մնացած հատուկենտ բնակիչները հարցնում են՝ եթե գյուղը պետք է դատարկվեր, ինչո՞ւ մատաղ արինք մեր զավակներին, հանուն ինչի՞ տարանք անհամար ցավ ու տառապանք:
Ովքե՞ր եւ ի՞նչ պատասխան պետք է տան հուսախաբ մարդկանց:

Հին Թաղերի պաշտպանական ջոկատի առաջին հրամանատար, ազատամարտի երկրորդ կարգի հաշմանդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել