ՀՀ քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների պաշտպանության կոմիտեն երեկ բաց նամակ է հղել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին: Նամակում, մասնավորապես, ասված է.
«Մեծարգո պրն Համմարբերգ, այս տարվա դեկտեմբերի 19-ին Երեւանում սկսվեց մարտի մեկի դեպքերի հետ կապված շինծու ու քաղաքական դատավարությունը՝ այսպես կոչված «7-ի գործը»: Մինչ այդ տեղի են ունեցել բազմաթիվ քաղաքական դատական «ներկայացումներ», որոնց ընթացքում, որպես կանոն, ոստիկանների տված ակնհայտ կեղծ ցուցմունքների հիման վրա երկարատեւ ազատազրկման են դատապարտվել ՀՀ-ում հայտնի քաղաքական գործիչներ, որոնք օրենքի եւ միջազգային նորմերի շրջանակներում ընդամենը իրենց քաղաքական գործունեությունն էին ծավալել: Չհաշված ոստիկաններին, ովքեր դատարաններում հանդես են գալիս որպես կեղծ վկաներ, մնացած վկաները, որպես կանոն՝ դատարաններում հրաժարվել են կեղծ վկայություններից՝ հայտարարելով, որ իրենց փոխարեն այդ վկայությունները գրել են քննիչները, սակայն իշխանությունների ձեռքի գործիք հանդիսացող դատարանները անմեղ մարդկանց դատապարտել են երկարատեւ ազատազրկման:
Երեւան կատարած Ձեր վերջին այցից հետո Ձեր կողմից տրված անաչառ ու հստակ գնահատականները, դրանից հետո ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի առաջարկությունը՝ ԵԽԽՎ լիագումար նիստում ՀՀ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ, մեզ հույս էին ներշնչում, որ ՀՀ իշխանությունները ստիպված են լինելու ազատ արձակել քաղբանտարկյալներին: Սակայն մեկնարկած «7-ի գործի» դատաքննությունը որեւէ մեղմացման ու դրական տեղաշարժի հույս չի ներշնչում: Ավելին, վերջերս մեկուսարաններում ֆիզիկական բռնությունների են ենթարկվել քաղբանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանը, Գեւորգ Մանուկյանը, Վարդգես Գասպարին, Արմեն Խուրշուդյանը եւ Աշոտ Մանուկյանը:
Դատարանը մինչեւ այսօր որեւէ դատական լիարժեք նիստ չի գումարել՝ պատճառաբանելով, թե քաղբանտարկյալները չեն հարգում դատարանին եւ ոտքի չեն կանգնում դատավորի՝ դատարան մտնելու պահին, իսկ քաղբանտարկյալներն այդ քայլը բացատրում են նախ՝ որպես բողոքի նշան իրենց նկատմամբ կիրառվող կամայականությունների, իրենց ծավալած քաղաքական գործունեության համար իրենց կալանավորման եւ շինծու քրեական գործերով իրենց դատարան բերելու դեմ, այնուհետեւ պնդում են, որ այս դատարանն իրենց անաչառության որեւէ հույս չի ներշնչում, քանի որ նիստը նախագահող դատավորն անձամբ քաղբանտարկյալների նկատմամբ արդեն իսկ մի շարք անարդար վճիռներ է կայացրել, եւ իրենք իրենց պարտավորված չեն զգում ոտքի կանգնել իշխանության կցորդ դատարանի առաջ, միաժամանակ չեն հրաժարվում դատական պրոցեսին մասնակցելուց, որի ընթացքում հույս ունեն ապացուցել իրենց մեղսագրվող հանցանքների հիմնազուրկ լինելը: Բայց դատարանն առիթն օգտագործում է դատական պրոցեսն անընդհատ հետաձգելու համար: Ստեղծվում է տպավորություն, որ դատապրոցեսը ձգձգելու գործում հենց դատարանն է շահագրգիռ եւ ամեն ինչ անում է այն չկայացնելու եւ ձգձգելու համար:
Այս ամենի մասին Ձեզ տեղեկացնելով հույս ենք հայտնում, որ այսուհետ եւս Ձեր ուշադրության կենտրոնում կպահեք հայաստանյան զարգացումները, Ձեր անաչառ գնահատականներով կփորձեք կանխել դեպքերի բացասական ընթացքը եւ կանեք Ձեզանից կախված ամեն ինչ, որպեսզի քաղբանտարկյալները անհապաղ ազատ արձակվեն»: