«Հայկական հանրագիտարան» հրատարակչությունը լույս է ընծայել «Դպրոցական մեծ հանրագիտարանի» 2-րդ հատորը: Այս հատորով ամբողջացան հանրագիտարանի՝ ճշգրիտ եւ բնական գիտությունների, աշխարհագրության, առողջապահության եւ էկոլոգիայի ոլորտները:
«Հանրագիտարանը ոչ թե հրամցնում ենք, այլ ժողովուրդը գնելու ցանկություն ունի. արդեն գրքի փող ունենք: Թեեւ տպաքանակը քիչ է՝ 3000 օրինակ, առնվազն 10 000-ի փոխարեն, բայց սպառման միտում կա»,- ասաց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը՝ երեկ «Հայացք» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:
Հրատարակիչները հույս ունեն 2009-ին «Դպրոցական մեծ հանրագիտարանի» եւս 2 հատոր տպագրել: Դրանք ընդգրկելու են հումանիտար ոլորտի եզրույթներն ու հասկացությունները՝ լեզու, գրականություն, պատմություն, ազգագրություն, արվեստ, ճարտարապետություն, երաժշտություն:
«Այդ 4 հատորով մեր դպրոցականների համար օգտակար եւ հետաքրքիր հանրագիտարան կպատրաստենք»,- նշում է Հովհաննես Այվազյանը:
Հրատարակիչները նշում են, որ խորհրդային տարիներին հանրագիտարան ստեղծելու գաղափարը քաղաքական էր, այսօր այդպես չէ. մշակույթին աջակցելու, «տիրություն անելու» քաղաքականություն չկա: Միայն ոգեւորությամբ հանրագիտարանային գրականություն չես ստեղծի:
«Սա հեղինակային գիրք չէ, ստեղծվում է մեկուկես տարվա ընթացքում եւ առնվազն 30 հոգու աշխատավարձ է պետք տալ: Այսօր աշխատավարձը քիչ է. բաժնի վարիչը 60-80 հազար դրամ է ստանում, գլխավոր խմբագիրը՝ մոտ 100 հազար, խորհրդային տարիներին ավելի շատ էին վաստակում»,- ասաց պարոն Այվազյանը:
Ազգային ժողովի աջակցությամբ պետբյուջեից 20 մլն դրամ է հատկացվում գրքի լույսընծայմանը, դրա դիմաց պետությանը՝ «Գիրք» հիմնադրամին տրվում է 2000 օրինակ գիրք, որից 300-400-ն անվճար բաշխվում է, մնացածը՝ վաճառվում: Բայց դպրոցների գրադարանները հանրագիտարանը անվճար չեն ստանում: «Դպրոցական մեծ հանրագիտարանը» գրախանութներում 7500-8000 դրամ է վաճառվելու: «Այսօր շատ հանրապետություններում հանրագիտարաններ գոյություն չունեն, բայց մենք կարողացել ենք պահպանել: Այս հատորի համար Հալեպի եւ Ստամբուլի ճեմարանները եւս պահանջարկ են ներկայացրել»,- ասաց Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Վահան Խաչատրյանը: Նա նաեւ նշեց, որ Երեւանի նախկին 60 գրախանութների փոխարեն՝ շարունակում են գործել մոտավորապես 6-ը, բայց հրատարակչությունների եւ տպարանների թիվը 200-ից ավելի է դարձել: Գրախանութների ցանց է պետք ստեղծել:
«Սառույցը հալվել է. մարդիկ գիրք են գնում նվիրելու համար»,- ասաց Վահան Խաչատրյանը: