Տղամարդկանցից շատերը, հանուն իրենց արտաքինի՝ պատրաստ են ամեն ինչի: Ոմանք իրենց աշխատանքով ծանրաբեռնված լինելով հանդերձ, հաճախ հրաժարվում են ընկերների հետ լավ ժամանակ անցկացնել, փոխարենը նախընտրում են այդ ժամանակահատվածում հաճախել մարզադահլիճ: Սպորտը օգտակար է առողջությանը, բայց սպորտով զբաղվող տղամարդկանց մի մասը դա անում է կազմվածքը գեղեցկացնելու եւ կանանց գրավելու համար: Փոքր-ինչ հիասթափեցնելով տղամարդկանց՝ նշենք, որ արտասահմանյան փորձագետների կողմից կանանց մեջ անցկացված հարցումների արդյունքում, թե տղամարդկանց մեջ ինչի՞ն են առաջնահերթ ուշադրություն դարձնում, կանանց մեծամասնությունը նշել է՝ աչքերին: Գեղեցիկ սեռի որոշ ներկայացուցիչներ էլ առանձնացրել են տղամարդկանց սեռական հմտությունը, նյութապես ապահովված լինելը եւ այլն: Քիչ թվով, բայց եղել են նաեւ այնպիսի կանայք, որոնց համար առաջնային չի եղել ոչ կազմվածքը եւ ոչ էլ ունեցվածքը, նրանք նախապատվությունը տվել են տղամարդկանց անկեղծությանը: