Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 16,2009 00:00

\"\"Կծանոթանան ապագա մրցավայրին

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը փետրվարի կեսերին կհյուրընկալի բռնցքամարտի պատանեկան միջազգային մրցաշարի մասնակիցներին, որոնք ներկայացնելու են Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը եւ Ղազախստանը:
Այդ երկրների լավագույն պատանի մարզիկների նպատակը մայիսի 22-31-ը նույն մարզական օջախում կայանալիք աշխարհի 2009 թվականի պատանեկան առաջնությանը ապագա մրցավայրում նախապատրաստվելն է: Այդ օրերին ռինգ կմտնեն մինչեւ 16 տարեկան հարյուրավոր բռնցքամարտիկներ, որոնք Հայաստան են ժամանելու աշխարհի տասնյակ երկրներից:

Վիկը վերջնականապես որոշել է փոխել քաշը
\"\"Առաջին գերթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոնը դա անել մտադիր է փետրվարի 7-ին՝ WBA-ի վարկածով ժամանակավոր չեմպիոն մեքսիկացի Խորխե Արսեին նոկաուտով հաղթելուց հետո: «Չեմ կարծում, թե առաջիկա մենամարտից հետո առաջին գերթեթեւ քաշում որեւէ մեկն ինձ հետ հանդիպելու ցանկություն ունենա,- ասել է Վախթանգը «Herald Sun» հանդեսի թղթակցին:- Ես ինքս էլ այդպիսիներին սպասելու ցանկություն չունեմ: Դրա համար էլ բարձրանում եմ գերթեթեւ քաշային կարգ: Եվ եթե իմ այսօրվա մրցակիցներից որեւէ մեկը նույնպես այդ քայլին կգնա եւ այնտեղ տիտղոս նվաճել կցանկանա, պատրաստ եմ հանդիպել յուրաքանչյուրին»:
Լրատվամիջոցներն արդեն տեղեկացնում են, որ նույնպիսի որոշում կայացրել են նաեւ Ֆեռնանդո Մոնտիելը եւ Քրիստիան Միհարեսը:
Խոսելով Արսեի հետ կայանալիք մենամարտի մասին՝ Դարչինյանը նշել է, թե մտադիր է մարզասերներին հիշեցնել իր՝ նոկաուտի ենթարկելու ունակությունները:
Նույն համոզմանն է նաեւ ավստրալիացի բռնցքամարտիկ Հուսեյն Հուսեյնը, որն արդեն երկու անգամ հանդիպել է Արսեի հետ: Նա վստահ է, որ Վախթանգը հեշտությամբ կհաղթի մեքսիկացուն, բայց դրա համար պետք է խուսափի հարվածների փոխանակումից, ինչը Արսեն սիրում է:

ՀՖՖ-ն որոշել է
ՀՖՖ մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմը հերթական նիստում ընդունել է մրցումների կազմակերպման եւ անցկացման բաժնի ներկայացրած 2009 թվականի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման փոփոխությունները:
Ըստ դրա՝ 2009 թվականի Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցելու է 8 թիմ, որոնք պայքարը կսկսեն 1/4 եզրափակիչից: Մրցաշարը կմեկնարկի մարտի 17-ին:
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մեկնարկը կտրվի մարտի 21-ին:
Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի եւ կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան երեքշաբթի եւ չորեքշաբթի, իսկ երկրի առաջնության խաղերը՝ շաբաթ եւ կիրակի օրերին:
Հակոբ Տոնոյանի անվան վերնագավաթի խաղարկությունը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ նրա ծննդյան օրը:
Սկսած 2008-ի արդյունքներից, դեղին քարտերի պատճառով առաջացած որակազրկումները մարվում են, եւ դրանք չեն փոխանցվում հաջորդ մրցաշրջան:

Էլինայի առաջին հաղթանակը
\"\"Շախմատի Հայաստանի բարձրագույն խմբի 69-րդ առաջնության չորրորդ տուրում հատուկ մրցաշարին մասնակցելու նպատակով Հոլանդիայից Երեւան ժամանած կանանց գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, որն առաջնության միակ կին մասնակիցն է, երեկ սեւերով տարավ իր անդրանիկ հաղթանակը: Նա 41-րդ քայլում պարտության մատնեց գյումրեցի Արա Մինասյանին: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Անաստասյան-Նալբանդյան՝ 1:0, Քոթանջյան-Չիբուխչյան՝ 1:0, Փաշիկյան- Անդրիասյան՝ 1:2: Տիգրան Պետրոսյան-Սամվել Տեր-Սահակյան եւ Արտաշես Մինասյան-Ավետիք Գրիգորյան պարտիաները ուշ երեկոյան դեռ չէին ավարտվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել