Լրահոս
Օրվա լրահոսը

Գողացված նկարներից մինչեւ Կոզա Նոստրա

Հունվար 16,2009 00:00

Նկարներից միայն մե՞կը

Նկարիչների միության նկարադարանից գողացված 7 նկարներից մեկը գտնվել է: Նկարիչների միության փոխնախագահ Կարապետ Փաշայանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ գողացված համարվող մեկ նկարն ընկած է եղել մի անկյուն եւ գտնվել է միայն երեկ: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին Նկարիչների միության նկարադարանի վարիչ Անահիտ Նազարյանը առավոտյան աշխատանքի գալիս դուռը բացել եւ տեսել է, որ նկարներն ամբողջությամբ խառնված են: Դրանից հետո զանգահարել են ու տեղեկացրել ոստիկանությանը՝ միությունում կատարված կողոպուտի մասին: «Ոստիկանությունից եկան, զննեցին, կողպեքն էլ տարան իրենց հետ»,- հավելեց միության փոխնախագահը՝ նշելով, որ առաջին անգամ են Նկարիչների միությունից նկարներ գողանում: Նրա կարծիքով, գողերը նկարադարանի բազմաթիվ նկարների միջից ընտրություն են կատարել եւ իրենց հետ տարել են նկարիչներ Գրիգոր Աղասյանի, Ռեգինա Ղազարյանի, Սերինե Բեժանյանի, Սուրեն Աբրահամյանի, Դավիթ Պետրոսյանի եւ Մկրտիչ Սեդրակյանի գործերը: Գտնվածը Գագիկ Վարդանյանի նկարն է եղել:
Նկարիչների միության փոխնախագահի գնահատմամբ, գողացված նկարների ընդհանուր արժեքը կազմում է 492 հազար դրամ: «Այս դեպքում բոլորն էլ կասկածելի են՝ սկսած ինձանից, վերջացրած պահակներով»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե գողության մեջ որեւէ մեկին կասկածո՞ւմ են: Ինչ վերաբերում է Նկարիչների միության վերընտրված նախագահ Կարեն Աղամյանին, նա այս օրերին գտնվում է Գերմանիայում:

Էրմիտաժ՝ Ամստերդամում
Ըստ «Ռիա Նովոստիի», այս տարի ամռանը՝ հունիսի 20-ին Ամստերդամում կբացվի Էրմիտաժի մասնաճյուղ եւ հանրությունը հնարավորություն կունենա այցելել «Ռուսական կայսերական պալատ»՝ նաեւ Նիդեռլանդներում: Այստեղ կներկայացվի 1800 ցուցանմուշ՝ բերված Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժից: Բացման օրը կմեկնարկի «Սպիտակ գիշերներ» փառատոնը, որը կտեւի 31 ժամ: Այդ ընթացքում Ամստել գետի ափին կկայանան բազմաթիվ շքեղ միջոցառումներ ու համերգներ:
Ինչ վերաբերում է «Ռուսական կայսերական պալատ» ցուցահանդեսին, այն կտեւի մինչեւ 2010թ. հունվարի 31-ը: Կներկայացվեն 100-ավոր պարահանդեսային հանդերձներ, հնամյա կահույք, գեղանկարչական աշխատանքներ, ջահեր, սպասք եւ, վերջապես, Ռոմանովների հանրահայտ թագը:
Ցուցահանդեսի համար կօգտագործվեն 2 մեծ եւ 48 փոքր դահլիճներ: Ամստերդամյան Էրմիտաժի համակարգում կգործի «Նեւա» ռեստորանը եւ ռուսական բացառիկ հուշանվերների խանութ: Կլինի նաեւ մանկական Էրմիտաժ, որտեղ տարեկան շուրջ 20 000 երեխա կստեղծագործի ու կկատարելագործի իր տաղանդը:
Նշենք, որ Ամստելհոֆի շենքում, որտեղ այժմ տեղակայվելու է Էրմիտաժը, նախկինում եղել է ծերանոց (1683-2007թթ.), որն արդեն չէր համապատասխանում ժամանակակից պահանջներին: Կառույցը վերանորոգելու համար նախագծի պատասխանատուները ծախսել են շուրջ 40 մլն եվրո:

Պապի ֆիլմը
Օրերս «Էրեբունի պլազա» բիզնես-կենտրոնում ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համար ցուցադրվել է «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմը: Սցենարի հեղինակն է Վարդան Պապը, ռեժիսորը եւ պրոդյուսերը՝ Ալեքսանդր Սարդուրին: Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության՝ ֆիլմն ամբողջությամբ հիմնված է փաստավավերագրական նյութերի վրա:
Ինչպես նշել է Ալեքսանդր Սարդուրին, ֆիլմի նկարահանման առիթ է հանդիսացել Գերմանիայում հնչած այն մեղադրանքը, որը վերաբերում էր հայերի կողմից Հայոց ցեղասպանության ոչ օբյեկտիվ ներկայացնելուն:
Ֆիլմում օգտագործվել էին Գերմանիայի արտաքին գործերի նախարարության արխիվային փաստաթղթերը: Ֆիլմում գլխավոր դեր էր կատարում լրագրող, ազգությամբ գերմանացի Վոլֆգանգ Գուստը, որը բավական մեծ աշխատանք է տարել գերմանական արխիվներում՝ Հայոց ցեղասպանությանը վերաբերող նյութերի հայտնաբերման եւ ուսումնասիրման գործում:

Ճգնաժամը հասավ Կոզա Նոստրային
Ըստ La Repubblica-ի, ծանր ժամանակներ են սկսվել նաեւ սիցիլիական մաֆիայի համար. գլոբալ ճգնաժամը նրանց էլ է սպառնում: Դեռ 15 ամիս առաջ, օրինակ, Սալվատորե Լո Պիկոլոն՝ Պալերմոյի հզորագույն մաֆիոզ կլաններից մեկի ղեկավարը (այժմ բանտում է), հարուստ ձեռներեցներից վերցնում էր ամսական 40 հազար եվրո, իսկ նրա տղաները՝ 3000-5000: Այժմ թոշակի անցած կամ բանտում գտնվող մաֆիոզներին բաժին հասնող գումարները զգալիորեն նվազել են: Ֆինանսական փոփոխությունները չեն անդրադարձել մաֆիոզների որոշակի կաստայի վրա՝ անձեռնմխելի են մնացել միայն «թոշակառու» «կնքահայրերը», որոնք հստակ ստանում են ամսական 5000 եվրո՝ իրենց «ոսկե» թոշակը: Վերջիններիս թվում է, օրինակ, Ջերլանդո Ալբերտին եւ եւս մեկ մաֆիոզ, որը սպանել է անվանի դատավոր Ֆալկոնե Դոմինիկո Գանչեին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել