Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀՆ ԻՄ ԱՐՎԵՍՏԱՆՈՑԻՑ ԷԼ ԿԳՐԱՎԵՄ

Հունվար 16,2009 00:00

\"\"Նկարիչ, քանդակագործ Գեւորգ Մշեցին՝ աշխարհի ու Նկարիչների միության աթոռակռվի մասին

«Իմ առաջիկա անհատական ցուցահանդեսը, որը կկայանա այս տարվա վերջին, կներկայացնի Նկարիչների միությունում տեղի ունեցած աթոռակռիվը,- ասում է նկարիչ, քանդակագործ Գեւորգ Մշեցին եւ շարունակում:- Աշխատանքներիս միջոցով կփորձեմ մանրամասն պատմել ողջ իրականությունը՝ բոլոր ժամանակներում հավերժ լուծում չգտնող աթոռակռվի թեմայով»: Նկարիչների միության անդամ, 7 անհատական ցուցահանդեսի հեղինակ, Կանադայում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Գերմանիայում, Շվեդիայում եւ այլուր հանդես եկած 50-ամյա արվեստագետը համոզված է՝ միությունը չէ, որ պետք է հուշի արվեստագետին ստեղծագործել. «Միությունից ոչ մի ակնկալիք չունեմ, չեմ էլ ունեցել, դժգոհություններ՝ նույնպես: Եթե անկեղծ լինեմ՝ այն ինձ ոչ նյութեր ձեռք բերելու մեջ է օգնում, ոչ էլ խանգարում արվեստի նմուշներ ստեղծելուն: Այնտեղ ամեն ինչ անթերի չէ, որքան թվում է առաջին հայացքից, բայց, մեծ հաշվով, ինձ համար բացարձակ միեւնույն է՝ ինչ է կատարվում միությունում, ղեկավար մարմինների միջեւ, ով՝ ինչ է պահանջում եւ ումից, առավել եւս՝ ով է նստած աթոռին… Եթե Կարենի (Աղամյան- Լ. Շ.) տեղը նստեր, օրինակ, Հաղթոն (Հաղթանակ Շահումյան), ինձ դրանից միանշանակ ոչ սառն էր լինելու, ոչ տաք…»: Գեւորգի խոսքով, միության ներսում լարված մթնոլորտը բոլոր ժամանակներում էլ եղել է. «Միության բոլոր անդամները միշտ էլ ձվի մեջ փորձել են մազ գտնել»:
Մշեցու վերջին ցուցահանդեսը՝ «Խորհրդավոր ընթրիքը», բացվել է 7 տարի առաջ՝ Նկարիչների միությունում: Նրա խոսքով. «Միության նոր վերանորոգված դահլիճում ես դեռ ցուցահանդես չեմ ունեցել: 7 տարի լռելուց հետո ավելի հասուն մարդուն հարիր գործերով եմ ուզում ներկայանալ, բայց ունեմ մի խնդիր՝ ցուցասրահի հետ կապված. ցուցահանդեսիս որոշ նմուշներ պետք է կախվեն առաստաղից, որի հարմարությունները դահլիճում չկան, դա ինձ շատ է մտահոգում, այլ կերպ չի կարող լինել»:
Նկարիչ-քանդակագործը համամիտ է վերջին շրջանում տարածված այն կարծիքի հետ, որ կերպարվեստը անտարբերության է մատնված. «Մեծ անտարբերություն կա՝ հատկապես հանրության կողմից. հասարակությունը, մի տեսակ, այլ բաներով է զբաղված: Չնայած կա որոշակի շերտ, որը պարբերաբար հետաքրքրվում է, այցելում, ծանոթանում նոր գործերիդ: Վերջին ժամանակներն ինձ հատկապես սկսել են զարմացնել գնորդները: Վերջիններս տարբեր խավերի ներկայացուցիչներ են, անգամ նրանք, որոնցից չես սպասի, թե կարող են հետաքրքրվել, ասենք, գեղանկարով»:
Երիտասարդ ստեղծագործողների եւ առհասարակ երիտասարդության մասին Գեւորգ Մշեցին դրական կարծիք ունի. «Չեմ ընդունում այն միտքը, որ այսօրվա երիտասարդությունը գրագետ, հետաքրքրասեր չէ, այս է, այն է, ու այդպես շարունակ… Ես հպարտանում եմ նոր սերնդով՝ ինքնավստահ, տեղեկացված, նոր մտքերով, ազատ՝ անելու եւ ասելու այն, ինչ ցանկանում է, եւ ամենակարեւորը՝ վստահելի»:
Դառնալով իր ստեղծագործություններին. Գ. Մշեցին ասում է. «Թեմաներս տարբեր են, բազմաբովանդակ: Ամեն թեմա ինձ հոգեհարազատ է, միայն մի բան չի ստացվում՝ խոսքը կնոջս դիմանկարի մասին է: Նա մի տեսակ փոփոխական է, անորսալի, երեք անգամ փորձել եմ՝ չեմ ստացել այն, ինչ պետք է: Ներշնչանքից էլ չեմ դժգոհում. եթե մի ժամանակ մուսաս գալիս-գնում էր, այժմ արդեն ապրում է կողքիս, հավերժ բնակություն է հաստատել իմ մեջ»:
Հայաստանից դուրս ստեղծագործելու մասին Գեւորգ Մշեցու մտքով չի անցել. «Երբ 20 տարեկան էի, մի պահ «խրտնեցի» ոմանցից (երկար եւ խուճուճ պատմություն է): Որոշեցի թողնել ու հեռանալ Հայաստանից: Բայց շուտով հասկացա, որ դա կլիներ իմ ամենամեծ սխալ քայլը: Երբեք ցանկություն չեմ ունեցել բնակություն հաստատել դրսում, չնայած՝ հնարավորություններ շատ են եղել, առաջարկներ՝ նույնպես: Աշխարհը կարող եմ Հայաստանից՝ իմ արվեստանոցից էլ գրավել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել