Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԸ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ Է ՄԱԿ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՅԱՆԸ

Հունվար 16,2009 00:00

\"\"Անցած գիշեր Իսրայելի օդուժը մոտ 70 հարված է հասցրել Գազայի հատվածին: Գիշերային մարտերի ընթացքում սպանվել է առնվազն 10 պաղեստինցի: Իսկ երեկ Գազայի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն, որի պատճառը դարձյալ Իսրայելի զինված ուժերի հրթիռակոծությունն էր: Վիրավորվել է «Ալ Արաբիա» լրատվական ալիքի 2 աշխատակից: Բազմահարկ շենքում գտնվում էին տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցչություններ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից վերահսկվող «Ալ Աքսա» հեռուստաընկերության տաղավարները: Հաղորդվում է նաեւ, որ իսրայելական զորքերը հրթիռներ են արձակել Գազայում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի վրա, որի հետեւանքով 3 աշխատակից վիրավորվել է: Այդ շենքում պատսպարվում էին բազմաթիվ խաղաղ բնակիչներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր վրդովմունքը հայտնեց Իսրայելի՝ նման գործողությունների կապակցությամբ: Հետաքրքիրն այն է, որ այժմ նա գտնվում է հենց Իսրայելում, որտեղ բանակցություններ է վարում խնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ: Պաղեստինցի պաշտոնյաների տվյալներով, Իսրայելի գործողությունների սկզբից՝ Գազայի հատվածում զոհվել է ավելի քան 1000 հոգի, որից մոտ 300-ը երեխաներ եւ դեռահասներ են:

ՊԱՏԵՐԱԶՄՈՎ ՀԱՐՑԸ ՉԵՍ ԼՈՒԾԻ

\"\"Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Միլիբենդը, երեկ, ելույթ ունենալով Հնդկաստանի Մումբայ քաղաքում, հայտարարել է, որ Արեւմուտքի երկրների կողմից որպես «սեպտեմբերի 11-ի» պատասխան սանձազերծած պատերազմը տեռորի դեմ՝ սխալ էր եւ ավելի մեծ վնասներ բերեց, քան օգուտ: gazeta.ru-ն, վկայակոչելով անգլիական «Գարդիան» թերթը, տեղեկացնում է, որ ահաբեկիչների կողմից անցած տարվա նոյեմբերին հարձակման ենթարկված հյուրանոցներից մեկում Միլիբենդն ասաց նաեւ, որ արեւմտյան աշխարհը չպիտի շեղվի իր պատմական ճանապարհից, ինչպիսի սպառնալիքների առաջ էլ նա կանգնի: Բրիտանական արտգործնախարարի կարծիքով, ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը անարդյունավետ էր եւ օգնեց տարբեր խմբավորումներին միավորվել Արեւմուտքի դեմ: «Տեռորիզմը մահացու մարտավարություն է: Դա ոչ ինստիտուտ է, ոչ էլ գաղափարախոսություն: Տեռորիզմի դեմ պատերազմը պատրանք է ստեղծել, որ ահաբեկչական սպառնալիքների դեմ միակ պատասխանը պատերազմն է՝ ծայրահեղականների առավելագույն քանակի սպանությունը»,- ասել է Միլիբենդը: Ընդհանուր թշնամու դեմ միավորելու փոխարեն, բրիտանացի պաշտոնյան առաջարկում է Արեւմուտքին միավորվել ընդհանուր արժեքների շուրջ:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ

\"\"Ռուսաստանի եւ Ուկրաինայի գազային վեճը, որը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել բազմաթիվ եվրոպական սպառողների, դրդում է Արեւմուտքին ավելի ակտիվորեն այլընտրանքներ փնտրել ռուսաստանյան գազին:
Երեկ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ իր թիմը վճռականորեն համոզելու է եվրոպական դաշնակիցներին՝ քաղաքական համաձայնություններ կնքել, որոնք անհրաժեշտ կլինեն «Նաբուկո» գազատարի կառուցման համար: Դա, ըստ Քլինթոնի, կօգնի Եվրոպային՝ դիվերսիֆիկացնել (բազմազանեցնել) իր գազային աղբյուրները: «Նման թանկ եւ բարդ միջազգային ծրագիրն ավարտելու համար անհրաժեշտ է համաձայնություն՝ դրա կոմերցիոն եւ պետական մասնակիցների միջեւ»,- ասել է Քլինթոնը: «Նաբուկո» գազատարը նախատեսվում է կառուցել Կենտրոնական Ասիայից մինչեւ Ավստրիա եւ Գերմանիա: Գազատարն անցնելու է Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքով՝ Ռուսաստանը շրջանցելով: Դրա ընդհանուր երկարությունը պետք Է լինի 3,3 հազար կմ, հզորությունը՝ 31 միլիարդ խմ գազ՝ տարվա ընթացքում: Ծրագրին, որի արժեքն է 7,9 միլիարդ եվրո, մասնակցելու իրենց պատրաստակամությունն են հայտնել Ավստրիայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Գերմանիայի ընկերությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել