Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքների ալիքը նոր է սկսվել

Հունվար 16,2009 00:00

\"\"Օրերս Ռիգայում տեղի ունեցած զանգվածային ցույցերը, որոնք հանգեցրել էին զանգվածային անկարգությունների, կարող են իրենց շարունակությունը գտնել Արեւելյան Եվրոպայի այլ երկրներում: Երեկ Ուկրաինայի Գերագույն ռադայի մոտ հանրահավաքի էին հավաքվել մանր եւ միջին բիզնեսի մոտ 3000 ներկայացուցիչներ, որոնք պահանջում էին չբարձրացնել, այսպես կոչված, շուկայական հարկը եւ սատարել իրենց բիզնեսին «հարկային արձակուրդներով»: Գործարարները վանկարկում էին՝ «Տիմոշենկոն ժողովրդի թշնամին է», «Ամոթ՝ պառլամենտին» կարգախոսները:
Նախորդ օրը երեկոյան Սոֆիայում՝ երկրի խորհրդարանի շենքի մոտ հավաքվել էին մոտ 2000 հազար ցուցարարներ, որոնք պահանջում էին սոցիալիստների կառավարության հրաժարականը, տնտեսական խնդիրների կարգավորում, գործնական պայքար՝ կոռուպցիայի եւ հանցավորության դեմ: Երբ ցուցարարները սկսել էին ձնագնդիկներով եւ դատարկ շշերով քարկոծել խորհրդարանի շենքը՝ գործին խառնվեց ոստիկանությունը: Իրավապահների հետ բախումից հետո հանրահավաքի մասնակիցները ջարդում էին մեքենաներն ու խանութների ցուցափեղկերը: Մի քանի հոգի վիրավորվել է, անկարգությունների 53 մասնակից՝ ձերբակալվել:
Փորձագետների կարծիքով, նման միջադեպեր տեղի են ունենալու Արեւելյան Եվրոպայի այլ երկրներում, որտեղ բնակչության կենսամակարդակը համեմատաբար ցածր է, հետեւաբար միջազգային ճգնաժամի ազդեցությունը՝ ավելի զորեղ:

Այդպես են դառնում երկրի ղեկավար

Երեկ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Իրը (լուսանկարում) ներկայացրեց իր երրորդ որդուն՝ Կիմ Չեն Ունին, որպես երկրի ղեկավարի պաշտոնում իր իրավահաջորդը եւ համապատասխան հրահանգ տվեց Կորեայի իշխող՝ Աշխատանքային կուսակցության ղեկավարությանը: Այս տարի լրանում է Կիմ Չեն Իրի 67-ամյակը: Նա տառապում է սրտանոթային հիվանդությամբ եւ շաքարախտով: Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով, անցած տարվա օգոստոսին Կորեայի ղեկավարը կաթված է ստացել: Սեպտեմբերին նա չմասնակցեց հանրապետության հռչակման 60-ամյակին նվիրված տոնակատարություններին, ինչն ասեկոսեների նոր ալիք բարձրացրեց: Հյուսիսային Կորեայի պաշտոնական ներկայացուցիչները պնդում են, որ իրենց լիդերի հիվանդության մասին բոլոր տեղեկությունները կեղծ են:
Ապագա նախագահ Կիմ Չեն Ունը այժմ 25 տարեկան է: Նա Կորեայի ներկայիս ղեկավարի 3-րդ կնոջ զավակն է: Այդ կինը կորեական քարոզչության կողմից անվանվում է «հարգելի մայր», իսկ ինքը՝ Կորեայի ղեկավարը, կրում է «սիրելի առաջնորդ» տիտղոսը:

Արաբներն ուզում են ներմուծել իրենց տարադրամը

\"\"Արաբական 6 նավթային միապետություններ՝ Սաուդյան Արաբիան, Քուվեյթը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Օմանը, Քաթարը եւ Բահրեյնը, միավորվում են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մեջ: Այդ երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է 35 միլիոն մարդ, իսկ նավթի պաշարները՝ 484 միլիարդ տակառ: «Վրեմյա նովոստեյ» թերթին տված հարցազրույցում արաբական 6-յակի խորհրդի բարձրաստիճան պաշտոնյան նշեց, որ պետությունները ցանկանում են ստեղծել այնպիսի կառույց, որը որոշ չափով նմանվելու է Եվրամիությանը: Արդեն կնքվել են պայմանագրեր միասնական էներգետիկ համակարգի, ազատ տնտեսական շուկայի եւ մաքսային միության վերաբերյալ:
2010 թվականին հիշյալ երկրները պատրաստվում են ներմուծել սեփական ընդհանուր տարադրամը: Թե ինչպես է կոչվելու այդ տարադրամը, առայժմ համաձայնություն չկա: Ոմանք առաջարկում են «ռիալ» անվանումը, քանի որ նման տարադրամ արդեն իսկ գոյություն ունի մի քանի երկրում: Մեկ այլ տարածված անվանում է նաեւ «դինարը»: Ըստ միության պաշտոնյայի՝ ավելի հաճախ հնչում է առաջարկություն միասնական արաբական տարադրամը կոչել «հալիջի», արաբական «հալիջ»՝ ծոց (ծովային իմաստով) բառից: Կա եւս մի գեղեցիկ անուն՝ «ջուման», այդպես էին հին ժամանակներում արաբներն անվանում մարգարիտը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել