Լրահոս
Օրվա լրահոսը

Հեռացել էր՝ հետ գալու ակնկալիքով

Հունվար 16,2009 00:00

\"\"Չնայած նրան, որ Անահիտ Բարսեղյանն աշխատանքից ազատվել է սեփական դիմումի հիման վրա, սակայն իր անգործ լինելը համարում է անօրինական:

«Արդեն 6 տարի է՝ մեր դպրոցի տնօրենը փոխվել է: Նա հենց առաջին օրվանից ում ուզում էր՝ ազատում էր աշխատանքից: Ինձ էլ ասաց՝ արի դու էլ աշխատանքից ազատվելու դիմում գրի, որ հեռացված ուսուցիչները տեսնեն՝ դու էլ ես դիմում գրել, չեն բողոքի: Ասաց, որ ուսումնական տարվա սկզբին ինձ ետ կընդունի իմ աշխատանքին, սակայն չընդունեց, պատճառաբանելով, որ տեղ չունի: Ախր, ո՞նց տեղ չունի, ես այդ դպրոցում դասվար եմ աշխատել, տեղյակ եմ ամեն ինչից: Ներկա դրությամբ այդ դպրոցում 6 դասվարական դասարան կա, բայց դպրոցում աշխատում է ընդամենը 5 դասվար, ինչպե՞ս կարող է տեղ չլինել: Տնօրենը մեկ դասվարին՝ Աիդա Հովսեփյանին տվել է 2 դասարան, այդ դասարանում մի քանի առարկա էլ դասավանդում է քիմիայի ուսուցչուհի Սուսաննա Ղազարյանը»,- օրերս իր դժգոհությունները ներկայացրեց «Առավոտի» խմբագրություն եկած Աջափնյակի թիվ 153 դպրոցում դասվար աշխատած Անահիտ Բարսեղյանը: Նա պատմեց, որ 20 տարուց ավելի մանկավարժական ստաժ ունի, եղել է կրտսեր դասարանների ուսմասվար. «Ամուսինս զոհվել է Արցախյան ազատամարտում, 2 անչափահաս երեխա ունեմ, ընտանիքիս միակ կերակրողն եմ: Հիմա էլ անգործ նստած եմ, մնացել եմ եղբորս խնամքին»: 48-ամյա տիկին Անահիտի խոսքերով՝ դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից խոստացել է, որ աշխատելու է եղած կոլեկտիվի հետ՝ «սակայն 4 հոգու արդեն հանել է»:
Նա անարդարությունը շտկելու համար դիմել է կրթության եւ գիտության նախարարություն, ինչպես նաեւ քաղաքապետարանի կրթության բաժին. «Նախարարությունից գնացին ստուգումների, ինձ էլ հրավիրեցին: Իմ ներկայությամբ տնօրենին ասացին, որ դպրոցում խախտումներ են հայտնաբերվել, դրանից հետո ես այնտեղից հեռացա ու չիմացա, ի վերջո, նա ինչ պատիժներ ստացավ: Փոխքաղաքապետ Կամո Արեյանի հետ էլ եմ հանդիպել, նա խոստացավ, որ մի քանի օրից ինձ հստակ պատասխան կտան, սակայն անցել է արդեն մի քանի ամիս՝ պատասխան չկա»:
Այս առնչությամբ թիվ 153 դպրոցի տնօրեն Անուշ Սարգսյանը պարզաբանեց. «Դուք ինձ ուղղակի չեք ճանաչում, ես Աստծո օրենքներով ապրող մարդ եմ, ինչպես կարող էի անօրինական բան անել: Նա ազատվել է իր դիմումի հիման վրա: Անահիտն իրեն, ամենայն հավանականությամբ, վատ է զգում, որ ես իր եղբոր տեղն եմ աշխատում: Այո, ես ունեմ 6 դասվարական դասարան եւ 5 դասվար: Նոր մարդ չեմ ընդունել, եղած ժամերն եմ տվել մյուս մասնագետներին: Ես դա արել եմ դասվարների ժամերի քանակը հավասարեցնելով մեկ դրույքի ժամերին, քանի որ դասվարական ժամերը 16-18 ժամ են, այս դեպքում նրանք մի փոքր ավելի կարող են վարձատրվել: Բացի այդ, եթե ես նոր մասնագետ ընդունելու լինեմ, նախապատվությունը կտամ բարձրագույն կրթություն ստացածին, քան՝ նրան, քանի որ նա բարձրագույն կրթություն չունի: Մեզ մոտ իր բողոքներից հետո եկել են ստուգումների, սակայն ոչ մի անօրինական բան չենք անում»: Նշենք, որ Ա. Բարսեղյանն ավարտել է մանկավարժական ուսումնարան:
Մենք ԿԳ նախարարության հանրակրթական վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ օրինակա՞ն է, արդյոք, 6 դասվարական դասարանի համար աշխատեցնել 5 դասվարի: Նա ասաց. «Տարրական դասարաններում ավելի լավ կլինի, որ աշխատի մեկ դասվարը: Այդ դեպքում 5 դասարան ունի դասվար, իսկ մյուսը առարկայական է, որը ցանկալի չէ»: Կրթության ազգային ինստիտուտի նախադպրոցական եւ տարրական կրթության բաժնի վարիչ Կարինե Թորոսյանն էլ ասաց, որ առայժմ նորմատիվային փաստաթուղթ չկա, որ այդ ամենը կարգավորվի. «Հանրակրթության օրենքն էլ ընդունված չէ: Ցանկալի է, որ այդ դասարաններում աշխատի մեկ ուսուցիչ, սակայն պրակտիկայում բազմաթիվ օրինակներ ունենք, որ, դասվարից բացի, կրտսեր դպրոց մուտք են գործում մի քանի մասնագետներ՝ օտար լեզուների, երգի, նկարչության, աշխատանքի ուսուցման: Այս դեպքում դպրոցի տնօրենը կարող է հիմնավորել, որ դասվարներ չունի կամ էլ լավ մասնագետներ ունի եւ ցանկանում է նրանց ավելի աշխատաժամերով ապահովել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել