Այնինչ՝ կրթաթոշակները մնացել են նույնը
Շուտով բուհերում կավարտվի քննական շրջանը, այդ պատճառով ուսանողներից շատերն արդեն իրենց թույլ են տալիս մտածել ձմեռային հանգստի կազմակերպման մասին: Ուսանողների շրջանում մեր կատարած հարցախույզի արդյունքում պարզ դարձավ, որ երիտասարդներն իրենք էլ են խճճվել, քանի որ շուկայում կա մեծ առաջարկ, բայց ոչ հարմար պայմաններ: Այժմ գործում են «Կեչի», «Մուշ», «Զվարթնոց» եւ այլ կազմակերպություններ, որոնք ուսանողական ձմեռային հանգստի կազմակերպման տարբեր պայմաններ են առաջարկում: Դրանց ծառայությունները, ուսանողների խոսքով, թանկ չեն, բայց պայմաններն են անբարենպաստ: «Անցյալ տարի ձմեռային հանգիստս վստահեցի մի այդպիսի կազմակերպության եւ փոշմանեցի: Ոգեւորվեցի, որ ուղեգիրը փոքր-ինչ էժան էր, բայց կեցության պայմանները շատ անհարմար դուրս եկան: Սենյակում նույնիսկ զուգարանից օգտվելու համար ջուր չկար»,- դժգոհեց ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Սահակյանը: ԵՊՀ-ն իր ուսանողների համար հանգիստ է կազմակերպում Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում: Այնտեղ գործում են որոշակի զեղչեր ուսանողների համար: Եթե ոչ համալսարանականների համար օրավարձը 16 000 դրամ է, ապա համալսարանականների համար՝ կիսով չափ պակաս: Սակայն Պետհամալսարանի ուսանողներից շատերը դժգոհեցին, որ այդտեղ էլ են թանկացումներ եղել: Դժգոհությունները փոխանցեցինք ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արսեն Քարամյանին: Նա պարզաբանեց. «Համալսարանականներից պահանջվող օրավարձի՝ 6000 դրամից 8000 բարձրացումը կատարվեց անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից, երբ թանկացավ սպառողական ապրանքների ողջ տեսականին: Իսկ այժմ էլ ավելի դժվար է իրավիճակը, քանի որ գազի գներն էլ են բարձրացել, իսկ բազան ունի կաթսայատուն»: ԵՊՀ ուսանողներից ոմանք մեզ հետ զրույցում առաջարկեցին, թե լավ կլիներ, որ բուհն ինքն ուսանողներին փոխադրեր Ծաղկաձոր, իսկ «Համալսարան» ուսումնաարտադրական բազայում առաջարկվող ծառայությունները՝ սրճարանը, բիլիարդը, թենիսը եւ այլն, լինեին անվճար, ոչ թե ԵՊՀ-ն ուսանողների հաշվին բիզնես աներ: Ա. Քարամյանն այս կապակցությամբ ասաց. «Այդ որտե՞ղ է գրված, որ բուհը պիտի տրանսպորտ տրամադրի, գուցե ձմեռային սպորտաձեւի հագուկապ է՞լ տրամադրի, սա ի՞նչ մտայնություն է: Միայն հետխորհրդային երկրներում է ընդունված, որ վարչակազմերը պիտի հոգան ուսանողների այս կամ այն հարցերը: Հարց է ծագում՝ գուցե ընդհանրապե՞ս ձրի լինի, բայց ո՞ւմ հաշվին: Ինչ վերաբերում է իբր բիզնես անելուն, ապա այդ ծառայություններից եկած գումարը գնում է շենքի ծախսերը հոգալուն: Իսկ եթե մենք ունենում ենք պլանային միջոցառումներ Ծաղկաձորում, ապա ուսանողների համար այդ այցերը անվճար են կազմակերպվում»: Ս. Քարամյանն էլ իր հերթին դժգոհություններ ուներ ուսանողներից. «Լավ կլիներ, որ ուսանողները մի քիչ նեղություն տային իրենց եւ ամեն ինչ անեին չափի մեջ: Թե չէ՝ իրենց ոտնահետքերն են թողնում սենյակների պատերին կամ խանգարում են մյուս այցելուների հանգիստը»:
Եթե ԵՊՀ-ում ձմեռային հանգիստ կազմակերպելու ուղեգրեր կարելի է ձեռք բերել հունվարի 25-ից փետրվարի 8-ը, ապա Հայկական պետական մանկավարժական համալսարանում՝ դեկտեմբերի 20-ից փետրվարի 10-ը: ՀՊՄՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Հասմիկ Սարգսյանը տեղեկացրեց. «Մեր հանգստյան տունը գտնվում է Աղավնաձորում, ուղեգրի արժեքը փոքր-ինչ բարձրացել է՝ դառնալով 7000 դրամ: Գործում են զեղչեր ծնողազուրկ, հաշմանդամ ուսանողների, զոհված ազատամարտիկների երեխաների համար»: Մանկավարժական համալսարանի որոշ ուսանողներ, որոնք հայտնի պատճառներով չցանկացան, որ իրենց անունները հրապարակվեն, դժգոհեցին, թե իրենց բուհի ուսումնաարտադրական բազան դարձել է ռեկտորի ազգակիցների համար հանգստյան տուն: Այս մասին Հ. Սարգսյանն ասաց. «Ցանկացած բուհի ռեկտոր, եթե ունի մասնաշենք, պիտի այցելի եւ հետեւի: Ի վերջո, պիտի նա տեր կանգնի բուհի ունեցվածքներին, որը պատկանում է պետությանը»: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, քանի որ Ծաղկաձորում չունի հանգստյան տուն, ուսանողների հանգիստը կազմակերպում է տուրիստական կազմակերպությունների միջոցով: Ուսխորհրդի նախագահ Կարապետ Թոռչյանը «Առավոտին» ասաց. «Այդ կազմակերպություններից դժվար է ընտրություն կատարելը, քանի որ անցյալ տարի որոշները սարեր խոստացան, բայց չկատարեցին իրենց խոստումները: Այս տարի երեւի համագործակցենք «Կեչիի» հետ, որի տրամադրած ուղեգրերը 3 օրվա համար տատանվում են 14000-15000 դրամի սահմաններում»: Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի փոխնախագահ Տաթեւիկ Տիգրանյանն էլ փոխանցեց. «Ծաղկաձորում մենք ունենք ուսումնաարտադրական բազա, ուստի ուսանողները կարող են օրական 6500 դրամ վճարելով՝ հանգստանալ այնտեղ: Հանգիստը հետաքրքիր դարձնելու համար այնտեղ որոշ միջոցառումներ ենք կազմակերպում, օրինակ՝ ինտելեկտուալ խաղեր»: