Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՐՈՒՍՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

Հունվար 16,2009 00:00

\"\"Պատմական վավերագրությունը եւ «Հայք» կինոստուդիայի աղքատամտությունը

«Հայք» կինոստուդիայի «Նախիջեւան. կորուսյա՞լ աշխարհ…» ֆիլմի շնորհանդեսը, որին հրավիրված էի նաեւ ես, տեղի ունեցավ 2008թ. դեկտեմբերի 27-ին, Երեւանի կինեմատոգրաֆիստների տանը: Ֆիլմի տեւողությունը 28 րոպե է, սցենարի եւ բեմադրության հեղինակը ինձ քաջածանոթ Խաչատուր Մարգարյանն է: Ֆիլմի ստեղծագործական խումբը, որը կազմված է 8 անձից (2-ը՝ գիտական խորհրդականներ)՝ երիտասարդ է: Ասել է թե՝ կարող ու պրպտող, նոր մտածումներով տոգորված: Մինչեւ ֆիլմը դիտելը, գոնե ես անձնապես այդպես էի մտածում եւ ակնկալում էի նախիջեւանյան անցուդարձերի, պատմական ճշմարտության վավերական վերհանում ու գնահատում, անցյալի ու քաղաքական իրավիճակների, այդ խնդրում բացթողումների գոնե ընդհանուր գծերով ներկայացում ու արժեւորում: Ավա՜ղ… Սպասումներս ի դերեւ ելան հենց ֆիլմի սկզբնամասի մի քանի րոպեների դիտումից սկսած: Քանզի րոպե առ րոպե ակնհայտորեն տեսանելի դարձավ ֆիլմի սցենարիստ-բեմադրիչ Խ. Մարգարյանի՝ նախիջեւանյան թե՛ պատմական ու քաղաքական, թե՛ պատմամշակութային անցուդարձերին անտեղյակ լինելը, առհասարակ այդպիսի ծավալուն ու նրբին թեմայի նկատմամբ ցուցաբերած իմիջիայլոց ու անլուրջ, մակերեսային մոտեցումը:
Այս որակավորումները գուցե խիստ թվան, սակայն դրանք միանգամայն անկողմնակալ են ու հիմնավորված: Ընթերցողներին տեղեկացնեմ, որ ստորեւ ներկայացվելիք գրեթե բոլոր խնդիրների մասին ելույթով հանդես եմ եկել հենց ֆիլմի շնորհանդեսի ժամանակ եւ հեղինակների ներկայությամբ:
Ուսուցանողի կամ էլ բարոյախոսի դերում չհայտնվելու համար փորձեմ ընդհանուր գծերով ընթերցողի, ֆիլմի ստեղծողների, «Հայք» կինոստուդիայի տնօրինության ու գեղխորհրդի ուշադրությանը ներկայացնել այն, ինչը, մեր կարծիքով, ամեն պարագայում, ստեղծագործական ինչ եղանակ էլ ընտրված լիներ, տեղ պետք է գտներ այս ֆիլմում:
ա/ Ֆիլմում գրեթե ամբողջովին դուրս է մնացել նախիջեւանյան գավառների միջնադարյան պատմությունը, որին կարելի էր անդրադառնալ 2-3 նախադասությամբ:
բ/ Այդ ֆիլմում ոչ մի խոսք չեք կարող լսել նախիջեւանահայության, իշխանական տների ու միավորումների, ազգային-ազատագրական պայքարի թե՛ վաղ շրջանի եւ թե՛ 1905-1920թթ. մասին: Այնինչ, ողջամտությունը պահանջում էր, որպեսզի գոնե մի քանի նախադասությամբ նշվեր հայոց պատմության մեջ հանրահայտ Գողթն եւ Երնջակ գավառների իշխանների 913թ. դիմադրությունը (Երնջակ բերդում)՝ արաբական, իսկ այնուհետեւ՝ 1387-1435 թթ. պայքարը՝ Լենկ-Թեմուրի, նրա Շահռուհ որդու արշավանքների, Շահկերտի 1750թ. հերոսական ապստամբությունը՝ Նախիջեւանի պարսիկ տիրակալ Հեյդար խանի իշխանությունների դեմ: Անտեսված է նույնիսկ 1604-1605 թթ. Հայաստան աշխարհի եւ, մասնավորապես, Հին Ջուղայի մեծ բռնագաղթը:
գ/ Զանց են առնված նաեւ 1905 թ. հայ-թաթարական կոտորածների նախիջեւանյան դեպքերի ու ազգային պայքարի դրվագները: Իմիջիայլոց՝ ընդգծեմ, որ 1905 թ. հայ-թաթարական ընդհարումների ժամանակ ամենատուժած տարածքը նախիջեւանյանն է: Քանզի այդ ժամանակից է հիմնավորապես սկսում Թուրքիայի եւ տեղական թաթարների՝ նախիջեւանահայությանը հայրենի երկրից տեղահանելու միասնական ծրագիրը:
ե/ Ֆիլմում միանգամայն անտեսված էին 1918-1920 թթ. թուրքական կանոնավոր բանակի եւ տեղական թաթարական խմբավորումների դեմ նախիջեւանահայության ինքնապաշտպանական ջոկատների պայքարի անցուդարձերը՝ Նախիջեւան քաղաքի, Վերին Ազայի, Ջուղա գյուղի, Գողթնի լեռնային եւ այլ բնակավայրերի հերոսական պայքարի դեպքերն ու դրվագները: Չի հիշատակվում այդ հերոսական պայքարների կազմակերպիչների, մահու եւ կենաց կռիվներ տված եւ ոչ մի մարդու անուն, ազգանուն:
զ/ Ֆիլմում ոչ մի խոսք չկա Նախիջեւանում 1918 թ. հունիս-հուլիս ամիսներին զորավար Անդրանիկի գործունեության, զորավարի 1918 թ. հուլիսի 14-ի հայտնի հրամանի մասին, որով Նախիջեւանի գավառը հայտարարվում է Ռուսաստանի անբաժան մաս:
է/ Նման բախտի է արժանացել նաեւ այն զորավոր կռվան-փաստը, որ Նախիջեւանի այժմյան տարածքը 1918թ. նոյեմբերից 1919թ. փետրվարը եւ ապա 1919թ. ապրիլից օգոստոս ամիսները, որպես պետական տարածք, գտնվել է Հայաստանի առաջին Հանրապետության կազմում:
ը/ Ակնհայտորեն անտեսված են նաեւ Նախիջեւանի էթնիկական-ազգային կազմի վերաբերյալ տեղեկություններն ու պատմագիտական փաստերը: Այնպես որ, ոչ մի խոսք այն մասին, թե ի՞նչ էթնո-ազգային կազմ է ունեցել այդ տարածքը, ինչքա՞ն բնակչություն կամ հայություն ուներ մինչեւ Ադրբեջանին բռնակցվելը: Կինոդիտողին այդպես էլ անհայտ է մնում, թե խորհրդային տարիներին ինչքա՞ն հայություն է այդտեղից տեղահանվել, որի մասին այդքան սիրում ենք խոսել, եւ ինչքա՞նը բռնագաղթեց 1988-1989թթ:
թ/ Ի վերջո, ոչ մի ակնարկ անգամ չկա 1905թ., 1918-1920 թթ. հայ-թաթարական ընդհարումների ու հայ-թուրքական պատերազմի ժամանակ նախիջեւանահայության կոտորածների, Ագուլիսի 1919թ. դեկտեմբերի 24-25-ի եւ այլ բնակավայրերի խաղաղ բնակչության եղեռնի վերաբերյալ:
ժ/ Ոչ մի վերաբերմունք ու խոսք՝ նաեւ Նախիջեւանի խնդրի ու նախիջեւանահայության նկատմամբ թե՛ առաջին հանրապետության եւ թե՛ Խորհրդային Հայաստանի ու մերօրյա ինքնիշխան Հայաստանի պատասխանատուների կողմից զանազան պատճառներով թույլ տված բացթողումների, տեւական անտարբերության եւ ոչ ճիշտ մոտեցումների մասին: Ստացվում է այնպես, որ մեր ազգային ցանկությունների չիրականանալու, սխալների համար մեղավոր են այլք, ասենք՝ Ռուսաստանն ու Թուրքիան, Ադրբեջանն ու եվրոպական երկրները, բայց ոչ մի դեպքում՝ մենք ու մեր իշխանությունները:
Մենք ազգովին չենք սիրում մեր սխալների ու բացթողումների մասին խոսել եւ դրանցից դասեր քաղել: Ինչ-որ տեղ էլ, եթե սթափվում ենք, ապա կամ դանակն արդեն ոսկորին է հասած լինում, կամ՝ զգում ենք կորստի սոսկալի ցավն ու չափը: Զորօրինակ այնպես, ինչպես 1919 թ. թուրքական բանակի եւ տեղական թաթարական խմբավորումների դեմ մինչեւ վերջին կաթիլ արյունը կռվելու վճռականությամբ եւ հայրենի եզերքը պաշտպանելու ելած, շրջափակման մեջ գտնվող մայր ու մանուկ, ծեր ու երիտասարդ գողթնցիները 1919 թ. օգոստոսի 3-ին «Ի լուր համայն հայությանը» հղած դիմումն է: Այդ դիմումում գողթնցիները օգնություն աղերսելով հայտարարում էին, որ «Մեր սեփական միջոցներով 10-15 օր կարող ենք պահպանել ներկա դրությունը: Սարսափելի չէ մահը, մենք արդեն երկրորդ տարին է, որ հաշտվել ենք այդ մտքի հետ: Գողթանը կմեռնի հերոսին վայել մահով, սակայն թող ամբողջ աշխարհքը իմանա, որ այս անգամ մեզ մահվան դուռը հասցնողը եղավ Երեւանի իշխանությունը: Փրկված է Գողթանը, եթե գոնե 100 սրտացավ հայ զինվոր մեզ օգնության հասնին»: Եթե այս դիմումի պատմահոգեբանական իրավիճակը համեմատելու լինենք մեր օրերում՝ 1989թ. աշնանը Նախիջեւանի Ազնաբերդ գյուղի հայության պայքարի հետ՝ ադրբեջանցիների բազմահազար հրոսակախմբերի դեմ, ապա կտեսնենք, որ գրեթե ոչինչ չի փոխվել: Ազնաբերդցիները, որոնք մի քանի անգամ դիմել էին Հայաստանի իշխանություններին՝ գյուղը Հայաստանին միացնելու խնդրանք-պահանջով, օգնություն չստանալով, ստիպված բռնագաղթեցին:
ժա/ Աններելի է նաեւ ֆիլմում Խորհրդային Հայաստանի ոչ ճիշտ դիրքորոշման ու կրավորական մոտեցման անտեսումը նախիջեւանյան խնդրի նկատմամբ: Հաշտվելով մարզը Ադրբեջանին բռնակցված լինելու մտքի հետ՝ Խորհրդային Հայաստանի ղեկավարությունը տասնամյակներ շարունակ, կարծեք թե՝ գիտակցաբար, իր տեսադաշտից դուրս թողեց այն: 1918-19 թթ. երկու անգամ բռնագաղթի ենթարկված եւ մի մասով հայրենի եզերք դեռեւս չվերադարձած նախիջեւանահայության առջեւ դռները հիմնավորապես փակեցին հենց Այսրկովկասի խորհրդային կարգերի հաստատման առաջին իսկ տասնամյակում՝ 1920-26 թթ.: ԽՍՀՄ-ի, Անդրկովկասի, Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին այդ տարիներին Վրաստանում, Հայաստանում եւ այլուր ժամանակավորապես ապաստանած նախիջեւանահայության՝ հայրենի բնակավայրեր վերադառնալու թույլտվություն ստանալու բազմաթիվ դիմում-բողոքները մնացին չբավարարված: Հայաստանի իշխանությունների պասիվ գործունեության պատճառով Նախիջեւանի եւ Ադրբեջանի իշխանություններն ամեն ինչ գործադրեցին՝ արգելելու նախիջեւանահայության հայրենիք վերադառնալը: Ի վերջո, 1926թ., Հայաստանի իշխանությունների աչքերի առջեւ, Նախիջեւանի եւ Ադրբեջանի կենտգործկոմների ընդունած վերջնական որոշումներով, սեւով սպիտակի վրա որոշվեց, որ «Նախիջեւանի փախստականների ներգաղթը Նախիջեւանի ԻԽՍՀ՝ համարել անհնար»: Համարվեց անհնար, եւ Հայաստանն էլ իր հերթին նախիջեւանյան պատմությունն ու մշակույթը, այդտեղ բնակվող նախիջեւանահայությանը տեղում պահելու, գոնե մշակութային կապերով ոգեւորելու, Հայաստանից ու հայկական իրականությունից չօտարելու ծրագրերով տեր կանգնելու փոխարեն՝ անսաց խորհրդային կեղծ գաղափարախոսությանը եւ իր հոգածության շրջանակներից դուրս թողեց: Արդյունքն այն եղավ, որ Նախիջեւանի մասին խորհրդային տասնամյակներում չստեղծվեց ոչ մի գիր ու գրականություն, պատմություն ու մտահոգություն: Դպրոցները սկսեցին տարեցտարի փակվել, հայությունը՝ հարկադրաբար եւ կամովին տեղահանվել:
Ինչպես 1918-19 թթ. Հայաստանի առաջին Հանրապետությունն ի զորու չեղավ Նախիջեւանում ամրապնդելու իր իշխանությունը եւ նվազագույնի հասցնելու հայ բնակչության կոտորածները, այնպես էլ այսօր՝ ինքնիշխան Հայաստանն ի զորու չեղավ կանխելու Ադրբեջանի կողմից պետականորեն կազմակերպված 1998-2006 թթ. նախիջեւանյան շուրջ 27 հազարի հասնող հայկական մշակութային արժեքների՝ վանքերի ու եկեղեցիների, գերեզմանատների ու խաչքարերի մշակութային եղեռնը: Ավելին, ընդգծենք, որ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքում, որի ժամանակ ադրբեջանական կողմը մշտապես առաջ է քաշում Ղարաբաղից եւ Հայաստանից բռնագաղթած ադրբեջանցիներին իրենց նախկին բնակավայրերը վերաբնակեցնելու խնդիրը, հայաստանյան իշխանությունները միանգամայն անտեսում են բռնագաղթած նախիջեւանահայության հարցը:
Ահա պատմաքաղաքական այսպիսի եւ լրագրային գրախոսության ծավալի անթույլատրելիության պատճառով չնշված մի շարք այլ հարցերի ու փաստերի իմացությամբ ու վերլուծությամբ էր պետք օժտել այս ֆիլմի սցենարն ու բեմադրությունը:

Շարունակելի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել