Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շուշին՝ մոռացվա՞ծ

Հունվար 16,2009 00:00

\"\"Սկսած 2001 թվականից, երբ առաջին անգամ հղացավ Շուշին համայն հայության մայրաքաղաք հռչակելու գաղափարը, ստեղծվել են մի շարք կազմակերպություններ եւ նախաձեռնություններ: Դրանք ունեցել են գրեթե միեւնույն նպատակները, այն է՝ մշակել եւ իրականացնել վերականգնողական եւ զարգացման ծրագրեր Շուշի քաղաքում, միաժամանակ պահպանել քաղաքի պատմաճարտարապետական կերպարը:
«Պողոսյան» հիմնադրամի հովանավորությամբ կատարվեցին Շուշիի պատմաճարտարապետական արժեք ունեցող երկու հարյուր շինությունների չափագրումն ու լուսանկարումը, գիտական մի շարք հոդվածների եւ զեկույցների տպագրումը:
Շուշիում նոր՝ «Արվեստի, արհեստների եւ զբոսաշրջության տեղեկատվական կենտրոնի»՝ հյուրատան գաղափարը բնականաբար ճիշտ եւ նպատակային ծրագիր կարող էր լինել: Այն ժամանակ ես առաջարկեցի, որ Շուշի քաղաքի պատմաճարտարապետական արժեք ունեցող շինություններից մեկը վերակառուցվի հյուրատան: Անցյալ երկու տարիներին հսկայական գումարներ ծախսվեցին Շուշիի գործող՝ 20-րդ դարին պատկանող ավտոկայանի շենքի վերափոխման համար, այն դեպքում, երբ Շուշիի հենց կենտրոնում կան տասնյակներով պատմաճարտարապետական մեծ արժեք ունեցող կիսավեր շինություններ, որոնք տարեցտարի ավելի ու ավելի են տուժում լքված լինելու պատճառով: Վերակառուցման արդյունքում քաղաքում ստեղծվեց «եվրոնորոգված», քաղաքի պատմական արժեքավոր կերպարի հետ որեւէ ընդհանուր բան չունեցող մի շինություն: Պատմական Շուկայի դեպքում նորից հաշվի չառնվեց դրա պատմական եւ ճարտարապետական ճիշտ, գրագետ ծրագրային վերակառուցման մասնագիտական մեթոդը: Իսկ ո՞վ է դրա թույլտվությունը տվել: Այս շինությունը հանդիսանում է Շուշի քաղաքի եւ առհասարակ հայկական աշխարհիկ պատմաճարտարապետական ամենաարժեքավոր շինություններից մեկը եւ գտնվում է Շուշիի համեմատաբար ամենաբանուկ հրապարակներից մեկի՝ պատմական Մեյդանի համալիրի կազմում: Չէ՞ որ սա Շուշիի զարգացման համար կարող է հանդիսանալ ամենաառանցքային դրվագներից մեկը: Հաշվի առնելով այդ շինության կարեւորությունը, պետք էր կազմակերպել քննարկումներ ու գտնել ամենաճիշտ լուծումը:
Ափսոս է Շուշին: Պետք է կենտրոնացնել Շուշիի իրական արժեքը գնահատողների ուժերը ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունն էլ լինի քաղաքի՝ որպես մեկ համընդհանուր պատմաճարտարապետական հուշարձանի, պահպանության պատասխանատուն ու երաշխավորը: Սա է միակ լուծումը՝ փրկելու հայոց դեռեւս կանգուն բերդաքաղաք Շուշին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել