Լրահոս
Օրվա լրահոսը

Թելադրողը գործատուն է

Հունվար 16,2009 00:00

Երեկ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում սկսվեց Սայաթ-Նովայի անվան դպրոցի ուսուցիչների գործը:

Ուսուցիչների հետ կնքվել են «Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր», որոնք ստորադաս դատարանի կողմից դիտվել են «պայմանագրի ազատության սկզբունքից» բխող:
Դատարաններում հաճախ է վիճարկվում «անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի» կնքման օրինականության հարցը: Երեկ «Առավոտի» հարցին, թե գործատուն իրավունք ունի՞ չկնքել անորոշ ժամկետով պայմանագիր, «Կարախանյան եւ Ընկերներ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Մարիամ Ղուլյանն ասաց. «Աշխատող-գործատու հարաբերություններում թելադրողը մնում է գործատուն, որը հաճախակի շրջանցում է նաեւ Աշխատանքային օրենսգրքի պահանջները: Գործատուները նախընտրում են աշխատանքային պայմանագիր կնքել որոշակի ժամկետով, ինչը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ ազատվել անցանկալի աշխատողից: Նման անօրինականության զոհ են դարձել նաեւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի մի խումբ ուսուցիչներ: Ուսուցիչների հետ կնքված որոշակի ժամկետով պայմանագրերը հանգեցրել են նրան, որ պայմանագրի գործողության ժամկետը դադարելու հանգամանքը առիթ է դարձել գործատուի կողմից զանգվածային ազատումներ կատարելու համար: Սա այն դեպքում, երբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի առաջին մասը որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը հնարավոր է համարում այն դեպքերում, երբ աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով՝ հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները»: Ըստ փաստաբանի, որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել միայն այն դեպքերում, երբ կատարվելիք աշխատանքը կամ կատարման պայմանները կրում են ոչ մշտական բնույթ կամ առկա են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով սահմանված նախապայմանները:
Փաստաբանը նշեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ե. Եսոյան) վճիռը, որով դատարանը տվել է բոլորովին այլ մեկնաբանություն: «Նշված գործով խոսքը վերաբերել է ուսուցչի կողմից կատարվող աշխատանքին, որի պարագայում պետք է կնքվեր անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր, այնինչ՝ դատարանը որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրի կնքումը պայմանավորել է պայմանագրի ազատության սկզբունքի հետ: ՀՀ աշխատանքային օրենսգիրքը սահմանում է. եթե աշխատանքային պայմանագրերով սահմանված պայմանները հակասում են ՀՀ աշխատանքային օրենսգրքին, օրենքներին, այլ նորմատիվ իրավական ակտերին, ապա այդ պայմաններն իրավաբանական ուժ չունեն: Նշված նորմը անվերապահորեն սահմանում է, որ կողմերը ազատ են սահմանել պայմանագրի բոլոր պայմանները, քանի դեռ նրանց կողմից սահմանված պայմանները չեն հակասում օրենքին: Անգամ կողմերի համաձայնությամբ սահմանված պայմանը, եթե հակասում է օրենքին, իրավաբանական ուժ չունի»,- հավելեց Մ. Ղուլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել