Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակուլաներին» թողած՝ շերեփուկներին են հարկում»

Հունվար 16,2009 00:00

Անհատ տաքսու վարորդներն արդեն քանի ամիս է՝ կառավարության դռներն են ընկած

«Անհատ տաքսիների վերաբերյալ կառավարության որոշումը պարզապես անարդարություն է: Երբ մեզ ՀՀ նախագահը ժամկետ տվեց, որպեսզի մեր մեքենաները թարմացվեին եւ 10 տարուց հին չլինեին, մեզանից շատ քչերը կարողացան դա անել: Ոմանք վարկ վերցրին, նոր մեքենա գնեցին, բայց հիմա՝ ճգնաժամի պատճառով չենք կարողանում վարկերը փակել: Բանկերն էլ այլեւս կրեդիտ չեն տալիս, բա ի՞նչ է լինելու այն վարորդների վիճակը, որոնց մեքենաները հին են ու չեն կարողանում նորը գնել: Մենք պահանջում ենք, որ գոնե երկարացեն որոշումը, մինչեւ տեսնենք «կրիզիսը» երբ է վերջանում»,- երեկ «Վարորդ-ոստիկան» հ/կ-ի նախաձեռնությամբ Խուլ ու համրերի մշակույթի կենտրոնում կազմակերպած անհատ տաքսիների խնդրի քննարկման ժամանակ ասաց տաքսու վարորդ Գեւորգ Դոստուրյանը: Վարորդները դժգոհ էին նաեւ նրանից, որ ստիպված են լինելու դեղին պետհամարանիշ եւ Ա/Ձ լիցենզիա հանել. «Կարող է ընդամենը 1 ամիս ենք տաքսի քշում, հետո ուրիշ գործ ենք անում: Ինչո՞ւ պետք է այդքան ծախսեր անենք: Բացի այդ, լիցենզիա ստանալն ու փակելը մեծ գլխացավանք է ու քաշքշուկ: Իբր հարկային դաշտ են բերում, սա ընդամենը հասարակ ժողովրդին գռփել է: Մենք հազիվ օրվա ապրուստն ենք վաստակում»:
Վարորդներից մեկի՝ Լեւոն Գրիգորյանի խոսքերով՝ «Ես վարկով «07» եմ առել: Հազիվ եմ հասցնում ամիսը 80 հազար վարկը վճարել: Խաբեցին ու 3 անգամ թանկ գնով ռուսական «07»-երը ծախեցին մեր վրա, մի քիչ եմ քշել, բայց արդեն յուղը տակից չռռում է, դիսկն էլ է փչացել: Էդ սաղ ծախսերը ո՞նց փակենք, հետն էլ դեղին պետհամարանիշ առնենք, լիցենզիա վերցնենք: Մեզ պարզապես թալանում են: Պիտի գնանք Դավիթաշենի մոստից հատ-հատ մեզ գցենք, ուրիշ ելք չկա»: Այս ելույթից հետո դահլիճում հավաքված հարյուրավոր վարորդներ բուռն ծափահարություններով գոչում էին՝ «ապրե՜ս, ապրե՜ս»: Վարորդ Սաղաթել Մարտիրոսյանն էլ ասաց. «Այսօրվա դրությամբ ոչ մի աշխատանք չկա, իմ ընտանիքը ամեն օր սպասում է ինձ, որ մի բան աշխատեմ, տուն փող տանեմ: Հնարավորություն չունեմ, տանը 6 շունչ եմ կերակրում, գոնե ինչ-որ արտոնություններ մեզ տան»:
Քննարկմանը ներկա ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, անհատ տաքսիների վերաբերյալ կառավարության որոշումը մոնոպոլացված տնտեսություն ստեղծելու տարբերակ է. «Մի քանի խոշոր տնտեսվարողներ արդեն տեսել են, որ այս բիզնեսը շահութաբեր է եւ ուզում են մանրերին դաշտից հանել: Մեր պետության մեջ այդպես է՝ մանրը բիզնես է դնում, խոշորը ձեռքից խլում է: Եթե ուզում են տնտեսական մրցակցության տեսանկյունից արդար քայլեր՝ թող թույլ տան ազատ մրցեն խոշոր սերվիսները, միջինները եւ անհատ տաքսիները: Տեսնենք ո՞ր մեկը շուկայում կգոյատեւի, կարծում եմ՝ սա ամենաճիշտ ելքն է: Եթե պետությունը ուզում է հարկ հավաքել, թող օլիգարխներից հավաքի»:
«Ակուլաներին» թողած՝ շերեփուկների հետեւից են ընկել»,- ասաց վարորդներից մեկը: Ա. Մարտիրոսյանի վստահեցմամբ՝ որպեսզի խնդիրը լուծվի, վարորդները պետք է հետեւողական լինեն եւ պայքարեն: Ինչին ի պատասխան, դահլիճում հավաքվածները բացականչեցին՝ «պայքա՛ր, պայքա՛ր մինչեւ վերջ»:
Քննարկմանը ներկա էր նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը: Նա եւս ողջունեց վարորդների պահանջը եւ ասաց. «Պետք է տեղերով փոխվեք: Նույնիսկ Ազգային ժողովում նստածները չեն կարողանում ձեր նման կոռեկտ խոսել: Չեք կարողանում տնտեսական վիճակը շտկել՝ թողեք մարդիկ ազատ աշխատեն: Օրինակ՝ 10 միլիոնի շեմ սահմանել, իսկ դրանից ավելիի դեպքում՝ նոր հարկեն»:
Խնդրի առնչությամբ իր տեսակետն արտահայտեց նաեւ Պետեկամուտների կոմիտեի մեթոդաբանության վարչության ներկայացուցիչ Արմեն Թամազյանը. «Եթե դաշտը չկարգավորենք՝ անարխիա կլինի: Այս խնդիրները՝ լիցենզիայի եւ այլնի հետ կապված, քննարկման կարիք ունեն: Բայց պետք է ասեմ, որ պետք չէ դեմարշ անել եւ օրինական դաշտ չմտնել: Տաքսի ծառայության ոլորտում սուր մրցակցություն է ստեղծված: Անհատ տաքսիներին ավելի դժվար է մրցակցել սերվիսների հետ: Պետությունը տանելի չափ է դրել, ամիսը՝ 6 հազար 800 դրամ: Որպեսզի կարողանաք խնդիրներ լուծել, պետք է գործեք օրենքի սահմանում եւ լինեք հարկային դաշտում: Պետք չէ ասել՝ մենք չենք ուզում այս երկրի օրենքները»:
«Մենք չենք հրաժարվում հարկ վճարելուց, թող արտոնություններ տան կամ էլ՝ ժամանակ»,- հակադարձեցին վարորդները: Կապի եւ տրանսպորտի նախարարության տրանսպորտային վարչության պետի տեղակալ Հայկ Մարտիրոսյանն էլ վարորդներին առաջարկեց գրավոր ներկայացնել իրենց պահանջները, որպեսզի նախարարության պաշտոնյաների հետ քննարկեն եւ լուծումներ գտնեն: Իսկ հարցին, թե, արդյոք, մինչ լուծումներ գտնելը վարորդներն առանց լիցենզիայի աշխատելու դեպքում չե՞ն տուգանվի, պարոն Մարտիրոսյանն ասաց. «Վստահեցնում եմ, որ այսօր եւ վաղը չեն տուգանվի»: Բայց հաջորդ օրերի համար ոչինչ չասաց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել