Արտերկրից ծանրոցներ ստացող ՀՀ քաղաքացիները ծախսի տակ են ընկնում
«Արտասահմանից մեզ ծանրոց են ուղարկում, այն ստանալու համար պետք է հասնենք մաքսակետի կողմից վերահսկվող ինչ-որ առաքման կետ, որտեղ ծանրոցն արդեն բացված ու իրարահան եղած է լինում: Ուղարկված յուրաքանչյուր միավոր ապրանքի համար էլ, լինի դա կոնֆետ, հագուստ, հուշանվեր, թե ինչ-որ այլ իր, 35% մաքսատուրք ենք վճարում, ընդ որում՝ այդ 35%-ը հաշվարկում են իրենց մոտ եղած ապրանքների գների անհասկանալի սանդղակով, անկախ նրանից՝ այդ ապրանքի պիտակին ինչ է գրված»,- օրերս նման բողոքով «Առավոտի» խմբագրություն էր դիմել Մարինա Գեւորգյանը: Նրա խոսքերով՝ այդ պարագայում իրեն ավելի ձեռնտու է ծանրոց չստանալ, քան թե այդքան ծախսի տակ ընկնել: Բանն այն է, որ այսուհետեւ արտերկրից Հայաստան առաքվող բոլոր ծանրոցները բացվելու են, եւ եթե ծանրոցի պարունակությունը գերազանցի $300-ն ու 50 կիլոգրամ քաշը, ապա ծանրոցի տերերը պետք է մաքս վճարեն:
Ծանրոցները «մաքսային դաշտ» բերելը պայմանավորված է ոլորտում վերջերս տեղի ունեցող բարեփոխումներով: Սակայն, քաղաքացիների խոսքերով, դրանից փոխանակ շահեն ՀՀ քաղաքացիները, դեռ մի բան էլ տուժում են: Եվրոպայում բնակվող Սերոբ Շարդանյանն էլ մտահոգություն է հայտնում այն առնչությամբ, որ մաքսավորները ապրանքի գների մասին չունեն հստակ տվյալներ եւ գանձում են այնքան գումար, որքան ցանկանում են. «Եթե, օրինակ, Եվրոպայում ես ինչ-որ ապրանքը զեղչով գնել եմ 20 եվրոյով, ապա Հայաստանի իմ բարեկամներից մաքսավորները պահանջել են այդ ապրանքի չզեղչված գնի՝ 100 եվրոյին համապատասխան գումար: Էլ չգիտեն իրենց դատարկած բյուջեն ինչով լցնեն, որոշել են մարդկանց ուղարկած՝ նվերներով լի ծանրոցներից գումար աշխատել: Էլ չեմ ասում այն, որ մարդիկ հաճախ հագած հագուստ են ուղարկում, որի վրա մի փոքրիկ թղթիկ են փակցնում՝ համոզելու համար, որ այդ ապրանքը դեռ կարելի է հագնել: Այդ դեպքում էլ են մաքսավորները հարկ պահանջում: Սա ուղղակի խայտառակություն է, թող օդանավակայանում կանգնեն եւ բիզնես-կլասով եթեւեկող, եվրոպաներից ու աշխարհի էլ որ ծայրից ասես լյուքս ապրանքներ առած իրենց օլիգարխների ու պաշտոնյաների վրա մաքսատուրք սահմանեն, այլ ոչ թե խեղճ ժողովրդի «պասիլկաների» վրա աչք դնեն: Մարդկանց մեծ մասը յոլա է գնում արտասահմանից ուղարկված այդ ապրանքներով: Ստացվում է, որ մարդիկ արտերկրից ստացող աջակցության համար էլ պիտի վճարեն, շատ դեպքերում՝ ավելի մեծ մաքս, քան ապրանքի գինն է: Էս խեղճ ժողովուրդը, որ հնարավորություն չունի գնալու եւ արտասահմանից ինչ-որ բան գնելու, միակ հնարավորությունը արտասահմանում ապրող բարեկամների ուղարկած որակյալ ապրանքն է, սակայն դա էլ են հարամում: Եթե օլիգարխներից ու պաշտոնյաներից սկսեն մաքս գանձել, բյուջեն ահագին փող կլցնեն: Երեւի մաքսայինի վրա թիվ են դրել վերեւներից, պիտի մի կերպ լրացնեն, դրա համար էլ ոչ մի բանի առաջ կանգ չեն առնում»:
Նա պատմեց, որ իր եղբոր որդու նորածին երեխայի համար ծանրոցով «մանկական փափուջներ» է ուղարկել. «Բնականաբար, ապրանքի գինը վրան չէի թողել, ուստի մաքսայինում դրանց համար գանձել էին այնքան, որքան ցանկացել էին: Գանձել էին նաեւ մի քանի անգամ հագած «կուրտկայի» «մաքսը»՝ ասելով, որ մաշված չէ, եւ պետք է անպայման վճարում կատարել: Հետաքրքիր է, արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի տղայի 100 հազար դոլարանոց մեքենայի ներկրման ժամանակ մաքսայինը ինչքա՞ն մաքսատուրք էր գանձել նրանից, էլի՞ 35%, ինչպես իմ գնած փափուջների համար: Այդ պատգամավորներն էլ, որոնք այս օրենքում նման փոփոխություններին կողմ են քվեարկել, ի՞նչ երեսով են իրենց ընտրողներին բացատրելու այս ամենը»:
Հաճախակի ծանրոցներ ստացող մեր հանրապետության քաղաքացիները վրդովված են, որ արտերկրում ապրող իրենց բարեկամներից ստացած նվերների համար ստիպված են եղել հսկայական գումարներ վճարել: Նրանք տուժել են հատկապես Ամանորին, երբ գնացել են ստանալու տոնի առիթով իրենց հարազատների ուղարկած ծանրոցները: Դեպքեր են եղել, երբ ծանրոցի մաքսը գերազանցել է ծանրոցի պարունակության արժեքը:
Նշենք, որ ծանրոցների մաքսազերծումը թույլատրվում է դեռեւս 2001 թվականի հունվարի 8-ի կառավարության թիվ 4 որոշմամբ եւ «Մաքսային օրենսգրքի» 105 հոդվածով, սակայն սկսել է կիրառվել բոլորովին վերջերս, ինչն էլ դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել: