Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանից կրճատված աշխատակիցները, որոնցից ոմանք տեղափոխվել են Դրմբոն, աշխատանքի պայմաններից դժգոհ են:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանում առաջին հերթին բացասաբար անդրադարձավ հանքարդյունաբերության ոլորտի վրա: Մի շարք ընկերություններ սեփական ծախսերը նվազեցնելու համար աշխատանքից ազատեցին տասնյակ աշխատակիցների: Նրանցից ոմանք այսօր էլ շարունակում են գործից հեռացնել աշխատողներին կամ կրճատել նրանց աշխատավարձերը: Մասնավորապես, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերությունը, որը զբաղվում է Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատի շահագործմամբ, արդեն մի քանի հարյուր աշխատակից է կրճատել: Ընկերության ընդհանուր հարցերով վարչության պետ Անդրանիկ Ղամբարյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց. «Ընկերությունը 2008-ի նոյեմբերի սկզբին ունեցել է 1044 աշխատող: Ալավերդու հանքերի եւ ֆաբրիկայի փակման պատճառով աշխատանքից ազատվել է 291-ը: Նրանցից 150-ին աշխատանք է առաջարկվել Դրմբոնում: Առաջարկն ընդունել եւ Ղարաբաղ է մեկնել 108-ը, իսկ կրճատվածներից 42-ը չի ընդունել Դրմբոնում աշխատելու մեր առաջարկը: 141 հոգու երկու ամսով, նվազագույնը 25 հազար դրամ աշխատավարձով եւ 6 հազար դրամ սննդի գումարով տեղավորել ենք ընկերությունում՝ այլ աշխատանքի»: Ա. Ղամբարյանի տեղեկացմամբ. «Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ընկերությունում մնացել էր 705 աշխատող: Հունվարի 10-12-ը աշխատանքից ազատվել է նաեւ 64-ը, որոնց օրերս կանչելու ենք եւ կրկին երկու ամսով աշխատանք ենք առաջարկելու՝ դարձյալ ամսական 30 հազար դրամ աշխատավարձով եւ 6 հազար դրամ սննդի գումարով: Ընկերությունում ներկայումս մնացել է 640 աշխատող, որոնց հետ աշխատանքային պայմանագրի դադարեցումը նախատեսված էր այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին, սակայն դա հետաձգվել է մինչ ապրիլի 1-ը»: Ալավերդու զբաղվածության կենտրոնի տնօրեն Նունե Անտաշյանն էլ մեզ ասաց, որ հունվարի 14-ի դրությամբ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության կրճատված աշխատողներից կենտրոնում գրանցված է 50 գործազուրկ:
Նշենք, սակայն, որ Ալավերդու պղնձամոլիբդենային ֆաբրիկայից Դրմբոնի հանքավայր տեղափոխված աշխատակիցներից մեկը՝ հանքափոր Գուրգեն Թաթոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքի պայմաններն այնքան էլ գոհացուցիչ չեն. «Կրճատվելուց հետո դեռ 12 օր եմ աշխատել Դրմբոնում: Պայմաններից դժգոհ եմ: Ընկերության կողմից հատկացված հանրակացարանը չէր ջեռուցվում, այնտեղ ապրել հնարավոր չէր: Ստիպված բնակարան եմ վարձել: Սպասում եմ աշխատավարձին, եթե չգոհացրեց՝ կազատվեմ աշխատանքից եւ կվերադառնամ Ալավերդի»: Իսկ գործազուրկ դարձած շատ ալավերդցիներ «Առավոտին» հավաստիացրին, որ սպասում են օրերը տաքանալուն՝ Ռուսաստան մեկնելու եւ աշխատանք որոնելու համար:
Նշենք նաեւ, որ 2008 թվականի տարեվերջին Ալավերդու քաղաքապետ Արթուր Նալբանդյանը տեղական հեռուստաընկերության ուղիղ եթերում անդրադարձավ միջազգային տնտեսական ճգնաժամի հետեւանքով Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատում աշխատակիցների մասսայական կրճատումներին. «Մենք մեր մաշկի վրա շատ լավ զգացինք, որ Ալավերդին առանց գործարանի՝ կդառնա մի մեծ գյուղ եւ այն էլ առանց հողի: Մեր աշխարհագրական դիրքը, ռելիեֆը մեզ թույլ չեն տալիս զբաղվելու գոնե անասնապահությամբ կամ հողագործությամբ, ուրեմն պետք է մետալուրգիային շատ պինդ, ամուր կպչենք եւ այդ ուղղությունը տանենք առաջ»: Ուշագրավ է այն, որ Ա. Նալբանդյանը, քաղաքի տնտեսական զարգացման խնդիրներին անդրադառնալիս, խոսում է անասնապահության կամ հողագործության մասին: