Բազմաթիվ առեւտրի կետեր ՀԴՄ կտրոններ կամ չեն տրամադրում, կամ տրամադրում են օրենքի խախտումներով
Տարեսկզբին տեղի ունեցած կառավարության առաջին նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ հարկային ու մաքսային վարչարարության բարելավման առումով 2009-ը լինելու է արմատական փոփոխությունների տարի: Վարչապետը նշեց նաեւ, որ թիվ մեկ թիրախը խոշոր բիզնեսն է, որը պետք է աշխատի թափանցիկ ու վերահսկելի. «Դրա համար մենք ներդնելու ենք նոր խաղի կանոններ, որպեսզի հանրությունը հավատա եւ վստահի մեր կառավարությանը»:
Այդ նոր խաղի կանոններն առաջին հերթին պարտադրվեցին Պետական եկամուտների կոմիտեին, որը, դեսուդեն ընկնելով, սկսեց առեւտրի եւ սպասարկման օբյեկտներում ստուգումներ իրականացնել ու վերահսկել, որ հանկարծ նրանք չփորձեն առանց ՀԴՄ կտրոնի առեւտուր իրականացնել ու իրենցից եկամուտներ թաքցնել: Նախորդ ողջ տարվա ընթացքում ոլորտի պատասխանատուները լրատվամիջոցներով բարձրաձայնեցին, որ եթե խանութները կտրոն չտրամադրեն՝ խոշոր տուգանքների կենթարկվեն: Որոշ սուպերմարկետների գործունեությունը նույնիսկ ժամանակավորապես դադարեցվեց: Տեսնելով, որ այս ամենը ոչ մի կերպ չի նպաստում հարկային մուտքերի ավելացմանը, Պետեկամուտների կոմիտեում ծնվեց ՀԴՄ կտրոնները «լոտո» դարձնելու գաղափարը:
Սակայն նշենք, որ մայրաքաղաքի տասնյակ առեւտրի կետեր վիճակախաղ անցկացնելուն այնքան էլ լուրջ չեն վերաբերվում: Վերջիններս համառորեն շարունակում են կամ ընդհանրապես կտրոններ չտրամադրել, կամ դրանք տրամադրել՝ առանց որոշակի չափանիշների համապատասխանելու: Այսինքն՝ տրամադրված կտրոնի դարձերեսի վրա բացակայում են 8 նիշանոց թվերը, որոնցով էլ հենց սպառողը պետք է մասնակցի վիճակախաղին:
«Առավոտը» տասնյակ բողոքներ է ստանում նաեւ այն քաղաքացիներից, որոնք վճարումներ են կատարել կամ բջջային հեռախոսի լիցքավորման քարտեր են գնել մայրաքաղաքի խանութներում կամ փողոցներում տեղադրված կոմունալ վճարների մուծման համար նախատեսված ավտոմատ սարքերից: Խնդիրն այն է, որ կատարած վճարման դիմաց սարքը տրամադրում է ՀԴՄ կտրոն, համենայնդեպս՝ այդպես նշված է կտրոնի վրա, սակայն դարձերեսի թվերը դարձյալ բացակայում են, իսկ որոշ դեպքերում անգամ այդ կտրոնն էլ չի տրամադրվում: Այս առնչությամբ Պետական եկամուտների կոմիտեի հարկային հաշվառման եւ հսկողության ընթացակարգերի բաժնի պետ Արթուր Մանուկյանն «Առավոտին» պարզաբանեց, որ ՀԴՄ-ները կիրառվում են միայն կանխիկ գործարքներ իրականացնելիս, իսկ նմանատիպ սարքերով իրականացվող վճարումները անկանխիկ են, հետեւապես՝ օրենսդրությամբ սահմանված չէ, որ նրանք իրավունք ունեն ՀԴՄ կտրոն տրամադրել: Ըստ պարոն Մանուկյանի՝ այն, որ նման սարքերի տրամադրած կտրոնների վրա նշված է, որ այն ՀԴՄ կտրոն է, ամենայն հավանականությամբ՝ կամ սխալմունք է, կամ էլ ինքնագործունեության արդյունք: Իսկ թե ինչու առեւտրի հարյուրավոր կետեր ՀԴՄ կտրոն չեն տրամադրում կամ դրանք տրամադրում են օրենքի խախտումով, Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից պատասխանեցին. «Դրամարկղային մեքենաներով ամբողջ ֆիսկալ հասույթի ֆիքսումն ապահովելու համար կամ անհրաժեշտ կլիներ շատ մեծ թվով աշխատակիցներ պահել, կամ կիրառել լայնամասշտաբ տուգանքներ: Սակայն՝ վերահսկողության ադյունավետությունը բարձրացել է հասարակության ներգրավման շնորհիվ: Հունվարի 12-ի դրությամբ հարկային մարմինների կողմից 16 կազմակերպություններում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված խախտումներով կազմվել են համապատասխան ակտեր: Մասնավորապես, դրանցից 11-ում արձանագրվել է առաջին խախտումը, չորսում՝ 2-րդ եւ 1 խանութում՝ «Զովքում» արձանագրվել է խախտման 3-րդ դեպքը: 4 տնտեսվարողների նկատմամբ արդեն կայացվել են գործունեության կասեցման որոշումներ»:
Նկատենք, որ խոշոր տնտեսվարողներն, այնուամենայնիվ, օրենքը շրջանցելու ճանապարհներ գտնում են, իսկ «հարկային բարեփոխումների» արդյունքում տուժում է փոքր եւ միջին բիզնեսը: Մայրաքաղաքի մի շարք տոնավաճառներում շատ առեւտրականներ արդեն հրաժարվել են իրենց գործունեությունից, պատճառաբանելով, որ իրենց օրվա եկամուտը հազիվ է բավականացնում առեւտրի կետի տիրոջ գումարը վճարելու եւ մի քանի հազար դրամ աշխատելու համար: Իսկ ՀԴՄ կիրառելու դեպքում իրենք ստիպված կլինեն օրվա վերջում դատարկաձեռն տուն գնալ:
Ըստ օրենքի՝ ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտում արձանագրելու դեպքում ԱԱՀ-ով աշխատող ընկերությունների նկատմամբ կկիրառվի 150 հազար դրամ, 2-րդ դեպքի համար՝ 300 հազար դրամ տուգանք եւ գործունեության կասեցում 5-օրյա ժամկետով, իսկ 3-րդ խախտման դեպքում կկիրառվի 600 հազար դրամ տուգանք եւ գործունեության կասեցում՝ 10 օրով: