Լրահոս
Օրվա լրահոսը

Ժողովրդավարության ու բռնատիրության տարբերությունները

Հունվար 16,2009 00:00

Մեկնաբանում է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը

Անցյալ տարվա դեկտեմբերին Հունաստանի մայրաքաղաքում ոստիկանի կողմից մի պատանու դիմահար կրակոցով սպանելու փաստը այդ երկրի քաղաքացիների համար փողոց դուրս գալու եւ կատարվածի դեմ իրենց բողոքը հայտնելու առիթ դարձավ: Ու թեեւ հանցագործը տվյալ դեպքում արդեն կալանավորված էր, բայց բողոքի ակցիաները, որոնք զանգվածային բնույթ էին կրում, շարունակվեցին մի քանի շաբաթ, վերածվեցին զանգվածային անկարգությունների, ջարդուփշուր արվեցին մայրաքաղաքի խանութները, նյութական վնասներ հասցվեցին մասնավոր սեփականություն հանդիսացող օբյեկտներին, ջարդվեցին ոստիկանության մեքենաներ, ցուցարարները չենթարկվեցին հունական իշխանությունների եւ իրավապահների կոչերին՝ դադարեցնել անկարգությունները:
Արդեն քանի օր է, ինչ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում են ընթանում բազմահազարանոց բողոքի ցույցեր՝ ընդդեմ կառավարության եւ վերջինիս հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների պահանջով: Այդ երկրի քաղաքացիները բողոքում են կառավարության կողմից միջազգային տնտեսական ճգնաժամին դիմագրավելու համար բավարար քայլեր չանելու համար: 10 հազարանոց զանգվածային ցույցը ուղեկցվեց զանգվածային ակցիաներով՝ ցուցարարներից ոմանք փորձեցին մտնել խորհրդարանի շենք, քարերով կոտրեցին շենքի լուսամուտները, հարյուրավոր երիտասարդների ու ոստիկանների միջեւ բախումներ եղան: Ցուցարարներին ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ ու մահակներ օգտագործեցին:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցող բողոքի ակցիաներն էլ հունվարի 14-ին վերածվեցին զանգվածային անկարգությունների: Կոռուպցիայի դեմ պայքարի ձախողման եւ տնտեսական խնդիրները լուծելու անկարողության համար կառավարության հրաժարականը պահանջող խաղաղ հանրահավաքին հաջորդած ոստիկանության եւ ցուցարարների միջեւ բախումների հետեւանքով եղան վիրավորներ, այդ թվում՝ իրավապահների շարքերում:
Այս պայմաններում անգամ, երբ թվում էր, թե այդ երկրներում էլ կարող են լինել հատուկ քննչական ծառայություններ, որոնք կարող են տեղի ունեցողը որակել որպես քաղաքացիների, արհմիությունների կամ ընդդիմության կողմից «պետական իշխանությունը յուրացնելու» նպատակով կազմակերպված «զանգվածային անկարգություններ», ո՛չ Աթենքում, ո՛չ Ռիգայում եւ ո՛չ էլ Սոֆիայում իշխանությունների մտքով չի անցել ոչ միայն արտակարգ դրություն մտցնել, այլեւ սեփական քաղաքացիների դեմ հրազեն կիրառել եւ մարդ սպանել:
Երեկ մենք խնդրեցինք Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանին զուգահեռներ անցկացնել այդ եւ Հայաստանում 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձությունների միջեւ:
«Նման անկարգություններ լինում են ոչ միայն Աթենքում կամ Ռիգայում, այլեւ Բրյուսելում եղավ մեկ տարի առաջ: Ժողովրդավարական երկրներում ոչ մեկի մտքով չի անցնում ցուցարարների վրա կրակ բացել: Ահա սա է ժողովրդավարական երկրների եւ Հայաստանի տարբերությունը: Անգամ եթե ցուցարարներն ագրեսիվ կեցվածք ունեն, իսկ Հայաստանում անգամ դա չի եղել, Հայաստանում 10 օր շարունակ՝ մինչեւ ոստիկանության կողմից կատարված հարձակումը, ժողովուրդը բացարձակ խաղաղ է եղել: Հենց այդպիսի պայմաններում ՀՀ իշխանությունները հարձակվեցին ժողովրդի վրա, իսկ հետո կրակ բացեցին: Ժողովրդավարական երկրներում եթե բողոքող ժողովուրդը զանգվածային միջոցառումների ժամանակ անգամ ագրեսիվ է դառնում, դա դեռեւս չի նշանակում, որ իշխանությունները պետք է հրազեն կիրառեն: Հայաստանում ոստիկանապետը կարող է հայտարարել, որ եթե լինի «չարտոնված» հանրահավաք, ինքը դա թույլ չի տա, ուժով կցրի: Նման միտք կարող էր ծնվել միայն բռնապետության պայմաններում եւ բռնապետի մտքում: Ցավոք, սա մեր իշխանության մտածելակերպն է: Ժողովրդավարական երկրում իշխանության մտքով չի էլ անցնի հարձակվել կամ ցրել խաղաղ ցույցը, հանրահավաքը»,- արձանագրեց Լ. Զուրաբյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել