ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտի գնահատականներից երեկ միայն սա հայտնի դարձավ՝ այլոց փոխանցմամբ, եւ «very cold» երկիմաստ պնդումը, որն արեց անձամբ:
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլումբիեն եւ Ջոն Պրեսկոտը երեկ Երեւանում հանդիպումներ անցկացրին բացառապես իշխանության ներկայացուցիչների հետ՝ գնահատելու քաղբանտարկյալների ազատ արձակմանն առնչվող առաջընթացի հնարավորությունը:
Առաջին հանդիպումը Հայաստանի գլխավոր դատախազությունում էր, որտեղ զրույցը՝ ժամանակացույցով հաստատված 1 ժամի փոխարեն, տեւեց 2 ժամ:
Հիշեցնենք, որ 2008-ի դեկտեմբերի 22-ին հրապարակված իրենց զեկույցի բացատրական հուշագրի 35-րդ կետում համազեկուցողները նշել են. «Ի լրումն 300 հոդվածի խնդրահարույց բնույթի, համազեկուցողները մինչ օրս չեն ստացել վստահելի ապացույցներ ՀՀ իշխանություններից, որոնք կմատնանշեին, որ մարտի 1-ի եւ 2-ի դեպքերը նպատակաուղղված էին իշխանությունը յուրացնելուն` 300 հոդվածի հատկանիշներով»: Դատելով այն հանգամանքից, որ համազեկուցողների հետ հանդիպմանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ միասին մասնակցում էին նաեւ «7»-ի գործով մեղադրող Կորյուն Փիլոյանը եւ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը՝ թերեւս նրանք պիտի փորձած լինեին ներկայացնել նման ապացույցներ: Այս ենթադրությունը հաստատում է գլխավոր դատախազության մամուլի ծառայության հաղորդագրությունը, թե հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործով «որպես մեղադրյալներ ներգրավված անձանց առաջադրված մեղադրանքներին եւ նրանց կողմից կատարված գործողություններին տրված իրավական գնահատականներին վերաբերող հարցեր»: Եվ մասնավորապես անդրադառնալով 7 մեղադրյալներին ՔՕ 300-րդ հոդվածի եւ 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքներին՝ «ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները կազմակերպիչների համար եղել են ոչ թե ինքնանպատակ, այլ միջոց պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելու համար»: Աղվան Հովսեփյանը նաեւ պարզաբանել է, թե այդ անձանց մեղադրանքներ են առաջադրվել «ոչ թե սպանություններ կատարելու, այլ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար»:
Գլխավոր դատախազությունում երկար տեւած հանդիպման պատճառով չկայացավ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում նախատեսված հաջորդ հանդիպումը: Եվ Արմեն Հարությունյանին ուղղակի խնդրել էին մասնակցել ԱԺ-ում փաստահավաք խմբի հետ հանդիպմանը: Այս հանդիպումն էլ տեւեց մեկ ժամից ավելի: Եվ ավարտից հետո փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանը լրագրողներին ընդամենն ասաց. «Մեր հանդիպումը շատ աշխատանքային էր, որի արդյունքները կերեւան ապագայում»: Իսկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը փոխանցեց Ջոն Պրեսկոտի հետեւյալ գնահատականը. «Ինքը շատ կոնկրետ ասաց իրենց տպավորությունը՝ որոշ հարցերում առաջընթաց կա, որոշ հարցերում՝ չկա: Առաջընթացն էլ, մեր կարծիքով, պայմանավորված է ճնշումներով՝ բառացի ասաց Պրեսկոտը»:
Այս հանդիպումից հետո համազեկուցողները շտապում էին ճաշ-հանդիպման ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի հետ: Ճաշին հրավիրեցին նաեւ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին, որի հետ առանձին հանդիպումը եւս ձախողվեց՝ ժամանակացույցում փոփոխությունների պատճառով: Սամվել Նիկոյանն ավելի վաղ ԶԼՄ-ներին ասել էր, թե չի պատրաստվում համազեկուցողների հետ հանդիպման ժամանակ նրանց համոզել, որ Հայաստանին չզրկեն ձայնի իրավունքից, այլ միայն ներկայացնելու է իր ղեկավարած հանձնաժողովի կատարած աշխատանքը: Ճաշ-հանդիպումից հետո պրն Նիկոյանն «Առավոտին» միայն ասաց, որ այդպես էլ վարվել է:
Համազեկուցողները հանդիպել էին նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Բայց այս հանդիպման մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն երեկ չտարածվեց: Իսկ Ջոն Պրեսկոտը լրագրողների հարցին, թե այս հանդիպումներից հետո ի՞նչ տպավորություն ունեք՝ ընդամենը պատասխանեց. «Very cold», այսինքն՝ «Շատ ցուրտ է». մեկնաբանությունների տեղիք տալով, թե արդյոք ասածը միայն Երեւանի եղանակի՞ն էր վերաբերում:
Հանդիպումների նման սեղմ գրաֆիկը հաշվի առնելով՝ զարմանալի է, որ համազեկուցողներն այնուամենայնիվ առանձին հանդիպեցին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ: ԱԱԽ մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ այս հանդիպման ընթացքում Արթուր Բաղդասարյանը նշել է. «1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ուղղությամբ էական առաջընթաց է գրանցվել: Հայաստանը որդեգրել է բարեփոխումների ուղին: Հայաստանի իշխանությունների նպատակն այդ բարեփոխումները խորացնելն է: ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը կարող է երկիրը դուրս հանել բարեփոխումների ուղուց, ուստի ԵԽԽՎ-ից ավելի հավասարակշռված դիրքորոշում է ակնկալվում: Մասնավորապես՝ անհրաժեշտ է բարեփոխումների կոնկրետ առաջարկներ ձեւակերպել՝ դրանց կատարման համար կոնկրետ ժամկետներ մատնանշելով»:
Իսկ ՀՀ նախագահի հետ հանդիպման ժամանակ, ըստ նրա գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Սերժ Սարգսյանն «ընդգծել է, որ ժողովրդավարության հետագա խորացումը բխում է հենց Հայաստանի շահերից` բարձր գնահատելով Եվրոպայի խորհրդի դերն այս ուղղությամբ: ՀՀ նախագահը վերահաստատել է հայաստանյան իշխանությունների վճռականությունը բանաձեւերի դրույթների իրականացման հարցում»:
Նման պնդումները փոքր-ինչ դիսոնանս են հնչում մինչ համազեկուցողների այցը իշխանավորների այն հայտարարությունների ֆոնին, թե ԵԽԽՎ-ում ձայնից զրկվելու դեպքում ընդամենը մեր սեփական ձայնը կմշակենք, ջրհեղեղ չի լինի, թող Դավիթ Հարությունյանն էլ չքվեարկի եւ այլն: «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով նախագահի աշխատակազմում այժմ հնչած այս հավաստիացումներին՝ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի համակարգող Վլադիմիր Կարապետյանն ասաց. «Իշխանությունների սարսափը պատժամիջոցներից ջրի երես դուրս եկավ ԱԺ նախագահի՝ գործընկերներին հայտնի նամակի բովանդակությունից: Նրանում թվարկվում են այն խնդիրները, որոնք ի հայտ կգան, եթե այս անգամ էլ եվրոպական հեղինակավոր կառույցը կիրառի պատժամիջոցներ: Բայց Արթուր Բաղդասարյանն ավելի առաջ գնաց եւ, փաստորեն, ստորադասեց կոալիցիոն հուշագիրը ԵԽԽՎ բանաձեւին՝ պնդելով, թե բարեփոխումների ուղուց երկիրը կարող է դուրս գալ: Չծանրանալով կոալիցիոն հուշագիր կոչվող թղթի իրական արժեքի վրա, կարող եմ միայն հաստատել, որ իշխանությունը շարունակում է եվրոպական ինստիտուտների շանտաժի՝ ամիսներ շարունակ գործի դրած քաղաքականությունը»:
Հ. Գ. Երեկ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի դիմաց բողոքի ցույց էին կազմակերպել ընդդիմության կալանավորված ակտիվիստների հարազատները եւ աջակիցները: Նրանք համազեկուցողներից պահանջում էին հետեւողական լինել 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման եւ քաղբանտարկյալների ազատման խնդիրներում: Իրենց պահանջները ցույցի մասնակիցները հայտնեցին ԵԽ գրասենյակի ներկայացուցչին, որը խոստացավ դրանք փոխանցել Կոլոմբիեին եւ Պրեսկոտին: