Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՐԶԱՁԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հունվար 16,2009 00:00

Երեկ Բրազիլիայից ժամանած լողափնյա վոլեյբոլի հայտնի թիմերին ընդունեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու վստահություն հայտնեց, որ այսուհետեւ հայկական դրոշի ներքո հանդես եկող եւ հայեցի անուններ կրող Նարեն, Նանեն, Արարատը, Մասիսը, Արան ու Արամը մեծ պատվով եւ արժանապատվությամբ են ներկայացնելու Հայաստանը՝ Եվրոպայի, աշխարհի առաջնություններում ու 2012-ի լոնդոնյան օլիմպիադայում: «Հայաստանը օլիմպիադաներին միշտ մասնակցել է ուժեղ մարզաձեւերով, եւ մենք միշտ հզոր ենք եղել հատկապես այդ մարզաձեւերում: Այսուհետեւ ես վստահ եմ, որ մենք լուրջ հաջողություններ ենք գրանցելու նաեւ մասսայական եւ շատ գեղեցիկ այնպիսի մարզաձեւում, ինչպիսին լողափնյա վոլեյբոլն է: Ես հավատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող բրազիլացի մարզիկները արդարացնելու են մեր վստահությունը եւ գրանցելու են սպորտային հաջողություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության:  Մենք նրանց համար բոլոր պայմանները ստեղծելու ենք, նրանք օգտվելու են բոլոր այն պարգեւատրումներից, որոնք սահմանված են սպորտային հաղթանակներ բերողներին, եւ ես վստահ եմ, որ մեր միասնական ջանքերը լինելու են արդարացված։ Վաղը նրանք կստանան հայկական անձնագրեր, կծանոթանան մեր երկրին, որը վստահել է իրենց, եւ որի դրոշի ներքո նրանք, վստահ եմ, գրանցելու են հրաշալի արդյունքներ»,- ասաց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Իսկ Բրազիլիայի լողափնյա վոլեյբոլի չեմպիոն թիմի անդամ, Մասիս անվանակոչված երիտասարդը շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին ջերմ ընդունելության համար եւ ասաց՝ «Խնդրում եմ՝ վստահեք մեզ»:
Այսպիսով, օլիմպիական մարզաձեւ հանդիսացող լողափնյա վոլեյբոլը, շնորհիվ ՀԱՕԿ նախագահի, մուտք է գործում Հայաստան: Մեր երկրում իրենց երկրորդ հայրենիքը գտնող մարզիկները վստահեցրին, որ չեն հիասթափեցնելու Գագիկ Ծառուկյանին եւ հայ ժողովրդին: Իսկ մարտին արդեն լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի, այնուհետեւ՝ աշխարհի առաջնություններն են: Որոշ ժամանակ անց մարզիկները կմեկնեն Բրազիլիա՝ մարզվելու, իսկ ամռան ամիսներին կմարզվեն Սեւանի ափին: ՀԱՕԿ նախագահը հայեցի անուններով վեց մարզիկներին նվիրեց 130 տարվա հայկական կոնյակ եւ 100-ամյա գինի ու մաղթեց, որ դրանք բացվեն միայն այն ժամանակ, երբ Նարեն, Նանեն, Արարատը, Մասիսը, Արան եւ Արամը Հայաստանին հաղթանակներ բերեն: Իրավամբ, դժվար է հիշել անկախ Հայաստանի պատմության մեջ մեկ այլ բարերարի, որը այդպիսի ներդրումներ կատարած լինի հայկական սպորտի զարգացման համար: Հուսանք, որ այդ ջանքերը անպայման կտան սպասված արդյունք:

R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել