Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՄԵՂԱՎՈՐ Է «ՄԱՐՏԻ 1»-Ի ՀԱՄԱՐ»

Հունվար 16,2009 00:00

\"\"Կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամսոն Ղազարյանը

– Արդեն մեկ ամիս մեկնարկած «7-ի» գործով դատավարությունն այդպես էլ չի սկսվում, դոփում է տեղում: Ձեր տպավորությամբ՝ ո՞րն է ձգձգումների պատճառը:
– Բայց այդտեղ գործ կա՞, որ լսվի: Շինծու է, դրա համար էլ չի սկսվում: Ի դեպ, ես էլ եմ միացել «Մյուսը ես եմ» ակցիային: Ինչո՞ւ ինձ էլ չեն ձերբակալում, թող ինձ էլ ձերբակալեն՝ նստացնեն, մեկն էլ ես եմ… Տղաներն իրենց ճիշտ էլ պահում են: Ես իրենց փոխարեն նույն կերպ ինձ կպահեի:
– Դատարանի եւ դատավորի նկատմամբ հեգնանքը գուցե հասկանալի է, բայց հայհոյանքները…
– Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այդ պահի եւ էմոցիաների ազդեցության տակ ինքն իրեն հավասարակշիռ կպահի: Նրանց բոլորին էլ ճանաչում եք. ժամերով կարելի է հետները խոսել, բանավիճել եւ մի վիրավորական արտահայտություն անգամ չեն ասի:
– Ինչպե՞ս եք պատկերացնում այս ամենի վերջը:
– Իմ կարծիքով, իշխանությունները մի խնդիր են լուծում՝ այս դատավարությունը հասցնել ավարտին, կարդալ իրենց համար ցանկալի վճիռ եւ հասարակությանը պահել վախի ու սարսափի մթնոլորտում: Ամեն ինչ անում են, որ դատավարությունը շարունակվի առանց տղաների եւ վճիռն էլ նրանց բացակայությամբ կարդան: Իշխանությունը պահելու այլ միջոց իրենք չունեն:
– Եվ կհաջողվի՞:
– Կարծում եմ, որ՝ ոչ, քանի որ նորմալ հասարակությունը չի ընդունի դա եւ կընդվզի:
– Ի՞նչ ներքաղաքական զարգացումներ եք կանխատեսում:
– Բարդ իրավիճակի առաջ ենք կանգնած. այս դեպքերը, ճգնաժամը… Բոլոր դեպքերում, այս իրավիճակից միակ ելքը ես համարում եմ Հայաստանում լեգիտիմ իշխանության ձեւավորումը: Թե ներքին, թե արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար մեր ժողովրդի դիմադրողականությունը պիտի բարձրանա, իսկ դրա միակ ձեւը լեգիտիմ իշխանությունն է: Մեզ անհրաժեշտ են արտահերթ ընտրություններ, որոնք կձեւավորեն լեգիտիմ իշխանություն՝ անկախ նրանից, թե ով կընտրվի:
– Անպայման չե՞ք համարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրվելը:
– Ում որ ժողովուրդը կընտրի: Միայն լեգիտիմ իշխանություն լինի: Եթե ի վիճակի է՝ թող Վազգեն Մանուկյանն ընտրվի, եթե ժողովուրդը կընտրի նրան:
– Իսկ Դուք կընտրեի՞ք Վազգեն Մանուկյանին:
– Ոչ:
– Ե՞րբ եք վերջին անգամ հանդիպել Վազգեն Մանուկյանի հետ:
– 2007 թվականի դեկտեմբերի վերջին: Ընտրարշավն արդեն սկսվել էր, ես իրեն հանդիպել եւ ասել եմ, որ իր եւ Արտաշես Գեղամյանի պահվածքի միջեւ որեւէ տարբերություն չեմ տեսնում:
– Պատասխանն ինչպիսի՞ն եղավ:
– Դե, փորձեց մեղմել, թե՝ չսրենք խոսակցությունը, կխոսենք ամանորյա տոներից հետո, առջեւում դեռ փետրվարի 19 կա (նախագահական ընտրությունների օրը- Ն. Գ.):
– Փետրվարի 19-ից հետո չե՞ք հանդիպել:
– Ոչ:
– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ձեր նախկին ընկերոջ պահվածքը՝ հատկապես հետընտրական շրջանում:
– Իրեն հարցրեք՝ իր պահվածքով ինքը նպաստե՞ց «Մարտի 1»-ի իրողություն լինելուն:
– Ըստ Ձե՞զ…
– Նպաստեց, որովհետեւ ժողովրդի հետ չէր:
– Տարեվերջին լարված իրավիճակ էր նաեւ ԼՂՀ հարցի կարգավորման շուրջ…
– Մեզ լեգիտիմ իշխանություն է հարկավոր՝ հենց Ղարաբաղի համար: Ակնհայտ է, որ դրսի ուժերին ձեռնտու է հենց Սերժի նման իշխանությունը, Սերժի կարգավիճակում գտնվող անձը, որի հետ հնարավոր է խոսել ամեն ինչի մասին: Ցանկացած հարցի շուրջ իրենք կարող են ելքեր գտնել՝ ի վնաս Հայաստանի, որովհետեւ Սերժը պատրաստակամություն ունի զիջումների: Իրավիճակն է այդպիսին, նա հարկադրված է այդ կերպ իշխանությունը պահել:
– Հնարավոր համարո՞ւմ եք ռազմական գործողությունների վերսկսումը:
– Ոչ, այդ կերպ այս հարցը չի լուծվի: Ադրբեջանը նման քայլի չի գնա:
– Ալիեւը միշտ հայտարարում է ռազմական ճանապարհով հարցի լուծման իր պատրաստակամության մասին:
– Շատ բան է անում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել