Արդեն հինգ տարի է, ինչ Ախալքալաքում՝ Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից, գործում է կիրակնօրյա դպրոց՝ Արա-Ալեքսանդր Կոմշույանի բարերարությամբ: Կրթարանի ստեղծման բուն նպատակը երեխաներին աստվածաշնչյան իրողություններին, հայ եկեղեցու պատմությանը, եկեղեցական տոներին ու դրանց խորհուրդներին ծանոթացնելն է, քանզի տեղում գործող հանրակրթական դպրոցներում չի դասավանդվում հայ եկեղեցու պատմություն առարկան: Ներկայումս կիրակնօրյա դպրոցի 80 սաներն ուսումնասիրում են աստվածաշնչյան ընթերցումներ, կրոնի պատմություն, ծիսագիտություն եւ հոգեւոր երաժշտություն առարկաները՝ Զարուհի Բարբառյանի, Գայանե Երեմյանի, Լուսինե Մուրադյանի եւ Արփինե Ղազարյանի ուսուցչությամբ: Դպրոցում շաբաթական մեկ օր անցկացվող պարապմունքներին մասնակցում է երկու խումբ:
Կիրակնօրյա դպրոցի ծիսագիտություն առարկայի ուսուցչուհի Լուսինե Մուրադյանի խոսքերով, դասերն ընթանում են հագեցած եւ աշխույժ մթնոլորտում, երեխաները մեծ հետաքրքրասիրությամբ ու ոգեւորությամբ են մասնակցում դրանց: Լ. Մուրադյանը տեղեկացրեց նաեւ, որ դպրոցի ուսուցիչները հնարավորինս աշխատում են տարբեր խաղաձեւերի «օգնությամբ» առավել շատ տեղեկատվություն տրամադրել երեխաներին, ինչպես նաեւ սովորեցնել բարեգործության, մարդկանց օգտակար լինելու, դիմացինին սիրել կարողանալու կարեւոր արժեքները:
Ախալքալաքի կիրակնօրյա դպրոցի տնօրեն Զարուհի Բարբառյանի ջանքերով տեղում հաճախ են իրականացվում եկեղեցական տոներին նվիրված միջոցառումներ: Վերջերս Սբ. Ծննդյան տոների կապակցությամբ կազմակերպվել էր ցերեկույթ՝ դպրոցի սաների մասնակցությամբ, որի ընթացքում երեխաները ներկայացրին տոնի վերաբերյալ հետաքրքիր մանրամասներ, ծանոթացրին նաեւ եկեղեցու խորհուրդներին: