Տղամարդու եւ կնոջ ընկերությունը մի՞ֆ է, թե՞ իրականություն: Հնարավո՞ր է տարբեր սեռի ներկայացուցիչներ երկար տարիներ շփվեն միմյանց հետ ու լինեն պարզապես ընկերներ: Այս հարցին դպրոցականներն ու ուսանողները գուցե վճիտ հայացքով պատասխանեն՝ «այո», բայց ավելի հասուն մարդիկ հաստատ կփաստեն, որ տղամարդն ու կինը չեն կարող լինել ընդամենը ընկերներ: Տարբեր երկրների ներկայացուցիչներ այս մասին տարաբնույթ կարծիքներ են հայտնում՝ պայմանավորված տեղի բարքերով: Օրինակ, գերմանացի կանայք գտնում են, որ տղամարդկանց հետ կարելի է ընկերություն անել, նրանց վստահել ավելի, քան ընկերուհիներին:
ՌԴ-ում պատկերն այլ է, կանայք միանգամայն համոզված են, որ նույնիսկ գործնական հարաբերություններում միմյանց հետ շփվող տղամարդն ու կինը, ի վերջո, մի օր արթնանում են նույն անկողնում: Ռուսների համոզմամբ, այս ամենի պատճառն այն է, որ իրենց կանայք աշխարհում ամենագայթակղիչն են, իսկ ռուս տղամարդիկ՝ ամենահեշտ գայթակղվողները: ԱՄՆ-ում էլ կարծում են՝ կարեւոր չէ՝ ընկերությունը երկու տղամարդո՞ւ, երկու կնո՞ջ միջեւ է, թե՞ տղամարդու եւ կնոջ: Մանավանդ, ըստ ամերիկացիների, ինչպես ընկերությունը, այնպես էլ սեքսը հնարավոր է թե՛ տարբեր, թե՛ միեւնույն սեռի ներկայացուցիչների միջեւ: Ամերիկացիներն ինչպես անկեղծ ընկերության, այնպես էլ սեքսի համար զուգընկեր ընտրելու հարցում ոչ մի խտրականություն չեն դնում:
Իրանցիները բացառում են տղամարդու եւ կնոջ միջեւ ընկերական հարաբերությունները: Տեղի տղամարդիկ համոզված են, որ կինը երբեք չի կարող իրենց ընկերը լինել՝ հենց այն պարզ պատճառով, որ կին է: Հայերիս մեջ էլ կարծիքները բազմազան են, երիտասարդ աղջիկները գտնում են, որ տղամարդն ու կինը կարող են ընկերներ լինել, իսկ տղաները՝ ոչ: Միջին տարիքի մարդիկ համոզված են, որ տղամարդու եւ կնոջ միջեւ հնարավոր է ինչպես անկեղծ ընկերություն, պարզապես գործնական հարաբերություններ, այնպես էլ սեր եւ սեքս, որովհետեւ հասուն մարդիկ շուտ են կողմնորոշվում ու ավելի ռեալ դատում: