Երգիչ Արտաշ Ասատրյանի ու նրա կնոջ՝ Աննայի «դուելը»
Արտաշն ու Աննան նախընտրում են փոքր բնակարան Արտաշ.- Մեր տունը կառուցվել է 1990-ականներին եւ գտնում եմ, որ տունս մեր ժողովրդի գումարներով է կառուցվել, նկատի ունեմ համերգներից գոյացած գումարները: Բնակարանս 4 հարկանի է, բայց ընդհանուր սենյակների թիվը չեմ հիշում, գիտեմ, որ 15-ից ավելի է: Պետք է խոստովանեմ, որ մեր ժողովուրդն է մեզ պահում, այդ պատճառով էլ չենք ուզում շատ շռայլել: Հիմա էլ մտածում եմ Երեւանում կամ Էջմիածնում նոր՝ ավելի փոքր տուն կառուցելու մասին: Քանի որ մեր տունը շատ մեծ է՝ ստիպված տան աշխատող ենք պահում, որ հասցնենք մաքրությունը պահել: Մի աշխատող էլ երեխաներիս է հետեւում: Աղջիկս՝ Սյուզին, 7 տարեկան է, տղաս՝ Գրիշան, 5 տարեկան, բայց նպատակ ունեմ ընտանիքիս անդամների թիվը եւս երկուսով ավելացնել:
Աննա.- Բնակարանի մեծությունը նորություն չէ ինձ համար, ես էլ եմ մեծ բնակարանում ապրել ու միշտ երազել եմ փոքր բնակարան ունենալ, բայց չստացվեց՝ այս տունն ավելի մեծ է: Ես փոքր տան կողմնակից եմ, կարծում եմ՝ մարդուն մի ննջասենյակ, հյուրասենյակ, խոհանոց է պետք, ավելորդ սենյակները ձանձրացնող են ու անհետաքրքիր: Գտնում եմ, որ մեծ տներ կառուցելը գումարի ավելորդ վատնում է: Օրինակ, ձմռան ամիսներին ամսական $1500 են կազմում մեր կոմունալ ծախսերը, հիմնականում ջեռուցման համար ենք շատ վատնում: Ամռանն էլ՝ ամսական $500: Ինչ վերաբերում է եւս երկու երեխա ունենալուն, չեմ համաձայնում, որովհետեւ Սյուզին ու Գրիշան մեծ են, երաժշտական դպրոց են գնում եւ հազիվ եմ հասցնում: Մտածում եմ, որ տանը փոքրիկ ունենամ՝ կզբաղվեմ նրանով, իսկ մյուսներին աչքաթող կանեմ: Բայց տղաս շատ է ուզում փոքր ապերիկ ունենալ, չգիտեմ ինչու՝ հենց ապերիկ, անընդհատ ասում է՝ ապեր եմ ուզում, ու սկսում է ինձ համոզել, որ նրան կպահի, չի թողնի աստիճաններից ընկնի, կաթի շիշը կբռնի, ու, անկեղծ ասած, տղայիս խոսքերից մեկ-մեկ մտափոխվում եմ:
Ամեն ինչ՝ հանուն սիրո
Արտաշ.- Դեռեւս դպրոցական տարիքից ենք իրար սիրել՝ ես 5-րդ դասարան էի, Աննան՝ 4-րդ: Առաջին ու վերջին սերս՝ իմ կինն է: Ես ու Աննան իրար սիրում էինք, բայց նրա ծնողները չէին համակերպվում, որ իրենց աղջկան պիտի ամուսնացնեին ինձ հետ: Այդ պատճառով միշտ վիճել եմ աներոջս հետ: Ես չէի ուզում Աննային փախցնել, գտնում էի, որ ծնողների համաձայնությունը պետք է լինի, քանի որ վատ բան չէի անում՝ ընտանիք էի ուզում կազմել: Աննայի հոր հետ այնքան լարված էինք, որ հանդիպելիս միմյանց քաշքշում էինք, եղել են դեպքեր, որ նույնիսկ մեքենաներով իրար վրա ենք քշել: Իմ ու կնոջս հորեղբայրներն ու ընկերները աներոջս մոտ շատ են բարեխոսել մեզ համար ու վերջապես ուզածիս հասա՝ նա մեզ օրհնեց:
Աննա.- Այդ վեճերը շատ սիրելուց է եղել, որովհետեւ վստահ եմ, որ Արտաշն ինձ շատ է սիրում: Բայց հորս հետ լարվածությունը նաեւ Արտաշի մեղքով էր: Հիշում եմ, երբ մենք բակում նստած էինք լինում՝ մեկ էլ շատ անսպասելի Արտաշը ավտոմեքենայով մտնում էր բակ, ինձ տեսնում ու ետ գնում: Ինձ էլ էր դա բարկացնում, ու նրա խենթ արարքների պատճառով միշտ ես էի տուժում: Ամեն օր ինձ նույնիսկ դպրոց էր տանում-բերում, նա իմ բոլոր քայլերը գիտեր…
Արտաշ.- Սիրո համար ցանկացած խենթություն կարելի է անել, նույնիսկ պատուհանից եմ Աննայի սենյակ մտել ու նրան այնտեղից դուրս հանել: Շատ բաներ ենք արել ու հիմա, որ հիշում եմ՝ մարմնովս սարսուռ է անցնում:
Աննա.- Խենթ արարքներ շատ է արել՝ դեռեւս դպրոցական տարիքից: Հիշում եմ, դասի ժամանակ «դիմշաշկա» էր վառել մեր դասարանի դռան մոտ, ամբողջ ծուխը լցվեց դասասենյակ: Միջանցքն էլ ծխի մեջ կորել էր, իրար չէինք տեսնում, ստիպված դասերը դադարեցրին ու մեզ տուն ուղարկեցին: Չգիտեմ, դասը խանգարելով ուզում էր ինձ դասարանից դուրս հաներ՝ տեսնելու համար, թե այլ նպատակ ուներ:
$ 50000 եկամուտ, բայց ապրելը թանկ է…
Արտաշ.- Եթե ժողովրդի գործերը լավ են լինում՝ ամսական մինչեւ $50 հազար եկամուտ եմ ունենում, վատագույն դեպքում՝ ամիսը $15 հազար ունեմ: Ես փող կուտակել չեմ սիրում, շատ լինի՝ շատ կծախսեմ եւ՝ հակառակը: Ես ծախսող տղա եմ, քանի որ կյանքը կարճ է ու փորձություններով լի, հնարավորության սահմաններում պետք է կյանքի բոլոր բարիքներից օգտվել:
Աննա.- Օրական միջինը 60-70 հազար դրամ ենք ծախսում, որովհետեւ երկուսս էլ ավտոմեքենա ունենք: Կարծում եմ, բոլորն էլ ինձ հետ կհամաձայնեն, որ Հայաստանում ապրելը թանկ է: Շատ չենք շռայլում, բայց չենք էլ կարողանում խնայել: Տպավորություն թող չստեղծվի, որ մենք գումարի խնդիր չենք ունենում՝ մենք էլ ենք պարտքով փող վերցնում: Օրինակ, մի քանի օր առաջ հաշմանդամ մի մարդ էր եկել եւ գումար էր խնդրում, տանն ընդհանրապես փող չունեինք, աղջկաս հեռախոսի լիցքավորման 1000 դրամն եմ տվել: Ամաչեցի, որ այդքան քիչ եմ տալիս, բայց ինչ արած:
Խանդի հետեւանքը՝ տրամադրության
անկում…
Արտաշ.- Ինձ շատ վատ եմ դրսեւորում, երբ խանդում եմ, բայց մեր կյանքում նման դեպքեր շատ քիչ են եղել: Վատ եմ զգում, երբ սեղանի շուրջ կամ դրսում օտար մարդիկ կնոջս երկար են նայում: Տրամադրությունս միանգամից ընկնում է, ու Աննան արդեն գլխի է ընկնում, որ ես լարված եմ:
Աննա.- Ես խանդոտ չեմ, իսկ ինչ վերաբերում է ինտիմ տեսարաններով Արտաշի տեսահոլովակներին, գտնում եմ, որ դա պարզապես աշխատանք է, եւ խանդելն ուղղակի հիմարություն կլինի: Տեսահոլովակները նայելիս մարդիկ մտածում են, վա՜յ, հիմա կինը կտեսնի՝ կխանդի, բայց այդպես չէ: Շատ է լինում, որ ես էլ եմ նկարահանմանը ներկա լինում: Խանդի հետ կապված վեճեր երբեք չենք ունեցել:
Միամիտ, երգիչ տղա…
Արտաշ.- Ես երգիչ տղա եմ ու մարդկանց մեջ լավն եմ ուզում տեսնել: Ուզում եմ, որ մարդիկ լավ ապրեն ու իրենց միջի վատը մոռացության տան: Կարծում եմ, մեզանից փոխանցվող դրական լիցքերը միայն կարող են օգնել նմանատիպ մարդկանց: Իրար փնովող, վատաբանող մարդիկ՝ ինձ համար իրենցից ոչինչ չներկայացնող մարդիկ են…
Աննա.- Արտաշի հետ ապրելը հեշտ է, բայց ինձ երբեմն նրա միամտությունը բարկացնում է: Վատ բաների վրա միշտ աչք է փակում, բայց ցանկալի կլիներ նմանատիպ հարցերին ավելի խիստ մոտենար: Երբեմն էլ բարկանում եմ, որ ամուսնուցս գումար են ուզում, նա էլ մինչեւ վերջին կոպեկը տալիս է ու չի մտածում, որ վաղը մնալու ենք առանց փողի: Բայց նա միշտ ինձ հանգստացնում է, ասելով՝ Աստված մեծ է, մի բան կլինի, ու այդպես էլ լինում է…