Ըստ հոգեբանի, երազում սեռական հարաբերություն տեսնելը սեքսի պակասից է
Հոգեբանների փոխանցմամբ՝ երազներում բարոյական տարրեր շատ քիչ են լինում, բայց երբ դրանք առաջ են գալիս մարդու երազում, երազն անմիջապես ավարտվում է, եւ մարդն արթնանում է:
Մի օր համբուրեցի մի անծանոթ տղայի, որին կյանքումս չէի էլ տեսել: Համբույրի կեսից հասկացա, որ ես այդ պահին դավաճանում եմ ընկերոջս: Ամոթի զգացումից եւ վախից՝ սթափվեցի ու ետ քաշվեցի… Իրականում դա երազ էր…
Երազի այս օրինակը հոգեբանները բացատրում են նրանով, որ մարդն իրական կյանքում ունենալով սիրած անձնավորություն եւ ապրելով իրական սիրո մեջ, տվյալ երազում նույնպես սիրո մեջ է գտնվում, եւ այդ համբույրն ընդամենը սիրո դրսեւորման տեսակ է լինում: Մի քանի վայրկյան տեւող մարդկային երազների բովանդակությունները շատ տարբեր են լինում՝ մանկական խաղերից մինչեւ էրոտիկա:
Ի՞նչ բացատրություն ունեն սեռական բնույթի երազները, ի՞նչ են դրանք մեզ հուշում եւ ի՞նչ են խորհրդանշում, այս հարցերի պատասխանները «Առավոտը» փորձեց պարզել հոգեբան Կարինե Նալչաջյանից: Հոգեբանի ձեւակերպմամբ. «Երազները մարդու հոգեկան ակտիվության որոշակի դրսեւորումներ են: Մարդն իր հոգեկան աշխարհում գիտակցության համար անհասանելի ոլորտներ ունի: Երբ մարդը քնած է, եւ նրա հոգեկան աշխարհը՝ ակտիվ, ակտիվանում է նաեւ նրա հոգեկան աշխարհի խորքային, իր համար անծանոթ մասը: Այսինքն՝ քնած մարդու գիտակցությունը նեղանում ու հավասարվում է զրոյի, եւ մարդը հայտնվում է հոգեկան աշխարհի այն «զոնայում», որն անգիտակցական է կոչվում»: Տիկին Նալչաջյանը շեշտում է, որ անգիտակցական «զոնայում» թաքնված են մարդու այն բոլոր ցանկությունները, արարքները, լավ եւ վատ մտքերը, որոնք նա, արթմնի վիճակում գիտակցելով, չի կարող իրականացնել: Նրա խոսքով, անգիտակցական «զոնայում» գտնվում են բոլոր «չի կարելիների» լուծումները. «Բարոյականի եւ անբարոյականի սահմանները մարդկային երազներում հատվում են: Անգիտակցական տարածքը չի ճանաչում որեւէ արգելք: Այսինքն՝ մարդու միտքը այդ հատվածում ազատ է անգամ այնպիսի մտքերի համար, որոնք գիտակցությանը անհանդուրժելի են»: Ինչպես նշում է հոգեբանը, մարդուն հայտնի չէ, որ ինքը երազում հայտնվում է անգիտակցական հատվածում, որն էլ ենթագիտակցության մեջ է, որտեղ կարող են թաքնվել ամենագաղտնի մտքերն ու ցանկությունները:
Անդրադառնալով էրոտիկ երազներին՝ հոգեբանը փաստեց. «Դրանք բնական երազներ են, յուրաքանչյուր մարդու էլ հատուկ է նման երազների այցելությունը: Մարդը փոքր տարիքից սեռականության կրողն է, ուղղակի տարբեր տարիքում տարբեր ձեւ է այն դրսեւորվում: Սեռական բնույթի երազները հատկապես նկատվում են պատանիների, դեռահասների շրջանում, որոնք դեռ ապրում են սեռական հարաբերությունների մասին թյուր պատկերացումներով, երեւակայություններով եւ վերջիններիս նկատմամբ արգելքներ ունենալով: Սակայն դա չի նշանակում, որ նման երազները չեն այցելում լիարժեք սեռական կյանքով ապրող երիտասարդությանը, միջին եւ ավագ սերնդի ներկայացուցիչներին: Իրականում էրոտիկ երազները «սպառնում» են նրանց, ովքեր ապրելով լիարժեք սեռական կյանքով, այդ դրսեւորումների մեջ բավական զուսպ են: Միանշանակ, նրանց կայցելեն էրոտիկ երազները՝ այնպիսի դրսեւորումների բովանդակությամբ, որոնք նրանք ցանկություն են ունեցել անելու, բայց ամաչել են, զսպել իրենց: Ակտիվ դրսեւորումներով սեռական հարաբերություններ ունեցողներին, բնականաբար, այդ երազները չեն «սպառնում»»: Էրոտիկ երազների հաճախականության մասին Կարինե Նալչաջյանը ասաց. «Դրանք լինում են ուշ-ուշ, իսկ ամեն գիշեր նման երազներ տեսնելն արդեն շատ վտանգավոր է. այն ոչ թե դառնում է երազ, այլ մղձավանջ: Այս դեպքում նշանակում է, որ մարդն արագ պիտի լրացնի իր բոլոր պահանջները, որպեսզի ազատվի այդ երազներից, քանի որ դրանք կարող են ազդել հոգեբանության վրա»: Ինչ վերաբերում է էրոտիկ երազների օգտակարությանը, ապա, ըստ Կ. Նալչաջյանի, քանի որ ընդունված է համարել, որ սեքսը օգտակար է առողջությանը՝ էրոտիկ երազներն ունեն նաեւ դրական կողմ. «Էրոտիկ երազները կարող են նպաստել առողջությանը: Եթե երազում տեսնում ես, թե ինչպես ես սեռական հարաբերությունների մեջ մտնում ինչ-որ մեկի հետ, դա նշանակում է՝ կյանքիդ այդ հատվածում դու ունես դրա պակասը, որը պարտադիր պետք է լրացվի: Չնայած դու գտնվում ես երազում, այնուամենայնիվ, ունենում ես նույն ապրումները, ինչը կունենայիր ռեալ կյանքում հարաբերվելիս: Երազը օգնում է որոշակիորեն բավարարել ցանկությունները»:
Եթե երազում զուգընկերոջ դերում ուրիշ մեկն է եւ ոչ թե սիրած անձնավորությունը, տիկին Նալչաջյանը հավաստիացնում է, որ դա զուգընկերոջը չսիրելու կամ քիչ սիրելու հետ բացարձակ կապ չունի. «Իրական զգացմունքների մասին այդ երեւույթը ոչինչ չի ասում: Եթե մարդը երազում համբուրվում է անծանոթի հետ, դա նշանակում է՝ տվյալ անծանոթը ունի բնավորության որեւէ հաճելի գիծ, ինչը չունի երազ տեսնողի սիրելին: Համբուրելով անծանոթին, երազի հեղինակը համբուրում է բնավորության գիծը՝ փորձելով այն վերցնել համբուրվողից եւ վերագրել իր սիրած անձնավորությանը»: Հոգեբանը խորհուրդ է տալիս չամաչել, չխուսափել էրոտիկ երազներից ու դրանք իրականացնել: