Տարվա այս եղանակին ձմեռային մարզաձեւերում իսկական եռուզեռ է:
Սակայն մրցաշրջանը, որի մեջ մտնում է նաեւ մարզիկների նախապատրաստությունը, սկսվել է շատ ավելի վաղ: Ասվածը վերաբերում է նաեւ մեր հանրապետության լեռնադահուկորդներին:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը մեզ հետ ունեցած զրույցում պատմեց, որ ոլորավայրէջքի եւ հսկա ոլորավայրէջքի մեր առաջատար մարզիկներից Յուրա Մանուկյանը եւ Արսեն Ղազարյանը դեռ սեպտեմբեր ամսից հանրապետության եւ միջազգային ֆեդերացիաների համատեղ ծրագրի շրջանակներում երկու փուլով, որոնցից առաջինը 40 օր տեւողությամբ, մյուսը՝ երկու ամիս, 10-15 երկրների ներկայացուցիչների հետ համատեղ ուսումնամարզական հավաքներ են անցկացրել Ավստրիայում, Իտալիայում, Շվեյցարիայում, մասնակցել օլիմպիական վարկանիշային մրցումների:
Եվս երկու լեռնադահուկորդ, որոնք հանդես են գալիս նույն մրցաձեւերում, Աբրահամ Սարկախյանը եւ Արսեն Ներսիսյանը, հատուկ պատրաստության փուլից հետո ձմեռային մրցաշրջանին գործնականորեն նախապատրաստվել սկսել են դեկտեմբերից: Նրանք էլ ՀԱՕԿ-ի եւ ՄՕԿ-ի համատեղ ծրագրով մարզվել են Իտալիայում, հանդես եկել օլիմպիական վարկանիշային մրցումներում եւ այսօրվա դրությամբ արդեն իրենց հաշվարկում ունեն Վանկուվերում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պահանջվող միավորների պաշար: Սակայն մենք առայժմ չենք հայտարարում, քանի դեռ ՄՕԿ-ից դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայից նրանց մասնակցության իրավունքը պաշտոնապես չի հաստատվել, ինչն ընդամենը ժամանակի եւ տեխնիկական խնդիր է: Ի դեպ, վերոնշյալ երկու լեռնադահուկորդներն օրերս Թուրքիայում մասնակցում էին հերթական վարկանիշային մրցումներին, որտեղ Արսեն Ներսիսյանը ցույց է տվել 5-րդ արդյունքը:
Գագիկ Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ հունվարի 16-20-ը Ծաղկաձորում անցկացվելու է վարկանիշային միջազգային մրցաշար: Նման բան Հայաստանում առաջին անգամ է կազմակերպվում: Մասնակցության հայտեր ներկայացրել են տասից ավելի երկրներ, այդ թվում՝ Սլովենիան, Բուլղարիան, Մեծ Բրիտանիան, Գանան, Իրանը, Հնդկաստանը, Ուզբեկստանը: Բայց երեկվա դրությամբ մեր ֆեդերացիայում սպասում էին նոր երկրների հայտերի: