Լրահոս
Օրվա լրահոսը

«Ջավախքի թեմ ստեղծեք»

Հունվար 15,2009 00:00

Հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանի դիտարկումները՝ «վրացական» պահանջատիրության առիթով

Աղթալա, Քոբայր, Հնեվանք, Կիրանց, Սրվեղ, Թեժառույք, Բգավոր, Սեդվիվանք… սրանք այն հայ-քաղկեդոնական եկեղեցիներն են, որոնք այսօր վրացիները պահանջում են հայկական կողմից: «Վրացիները անընդհատ պահանջում են 10 եկեղեցիներ, բայց այդ ցանկը նրանք որեւէ տեղ չեն հրապարակել»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց պատմաբան, հուշարձանագետ, «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հ/կ-ի նախագահ Սամվել Կարապետյանը: Ս. Կարապետյանը, խոսելով վրացական պահանջատիրական դրսեւորումների մասին, փաստեց. «Դեռ 1980-ականների վերջերին վրաց մամուլը գրում էր հայկական Խուճապի վանքի մասին, որը մինչեւ այժմ վրացիները Հուջաբի են կոչում: Այդ հրապարակումները վերնագրվում էին այսպես. «Սատանան է տիրել Հուջաբի վանքին»՝ նկատի ունենալով հայերին: Վրացիները ցավ էին հայտնում, որ իրենց վանքերը անմխիթար վիճակում են, քանի որ Հայաստանում են: 90-ականներին Խուճապի վանքին ամենամոտ գտնող հայաբնակ գյուղում վրաց պատրիարքարանը մի քանի բնակարաններ գնեց՝ Ջավախքի Փոկա գյուղի օրինակով վանքին սպասավորող կույսերի համար: Նրանք բնակվում էին Վրաստանի տարածքում, բայց աղոթում էին Խուճապի վանքում: Խուճապի վանքում այժմ վրացիները ծեսեր էլ են կատարում, ինչի կապակցությամբ Ամենայն հայոց կաթողիկոսությունը քայլեր չի ձեռնարկում»: Հուշարձանագետը կրկին շեշտեց, որ եթե 2 տարի առաջ վրացիները 6 հայկական վանք էին պահանջում՝ իբրեւ վրացական, այս տարի այդ թիվը հասել է 10-ի: «Դրանք Լոռիում եւ Տավուշում գտնվող հայ քաղկեդոնական վանքեր են, որոնք այժմ չեն գործում: Դրանցից ոչ մեկը 7-րդ դարի հայ քաղկեդոնական եկեղեցի չէ, այլ 10-13-րդ դարերի կառույցներ: Ուստի, եթե վրացիները կարծում են, թե այդ կառույցները կրոնի նույնության պատճառով հարազատորեն կապված են իրենց հետ, ապա ինչո՞ւ Զվարթնոցը չեն պահանջում կամ Արուճի տաճարը, դրանք էլ են նույն եկեղեցու գաղափարախոսությամբ կառուցված»,- վրդովվեց Ս. Կարապետյանը:
Խոսելով Հայաստանի տարածքում հայկական հուշարձանների պահպանության մասին՝ Ս. Կարապետյանը նկատեց. «Վիճակը մխիթարական չէ: Վերջին 2 տասնամյակների ընթացքում ոչ միայն հայ քաղկեդոնական վանքերը, այլեւ մեր եկեղեցիների մեծագույն մասը կարոտ է նորոգության: Անցյալ տարի մեր գրասենյակ եկան մի խումբ վրացիներ եւ իրենց դիտողությունները ներկայացրին: Հեգնանքով ասացին, թե իրենց հասկանալի է՝ ինչու վրացական Աղթալան կամ Հնեվանքը հայերը չեն նորոգում, բայց գոնե Արուճը, ձեր մյուս վանքերը վերականգնեք»: Սրա պատճառը, ըստ Ս. Կարապետյանի, հայկական կողմի անտեղյակության մեջ է. «Մի ճանաչողական տեղեկանք պատրաստեցի եւ ուղարկեցի ԱԺ պատգամավորներին, որոնք անտեղյակ վիճակում էին: Այնքան խորն է անտեղյակությունը, որ մեզ Հուշարձանների պահպանության գործակալությունից զանգել եւ Խուճապի վանքի տեղն էին ուզում իմանալ, քանի որ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր փորձել մշակույթի նախարարությունից ճշտել, որտեղ ոչ ոք դրա մասին տեղեկություն չուներ»: Խոսելով Փոկայի՝ Ջավախքի ամենահայաշատ գյուղի մասին, պարոն Կարապետյանն ասաց. «Ստեղծում են կուսանաց վանք, որտեղ բնակվում են 4 տղամարդ եւ մեկ կին: Հիմնադրամներ են ստեղծում իբր այդ վանքի ծախսերը հոգալու համար եւ այլն: Փոկան նախադեպ էր, հետո Նինոծմինդայում կառուցվեց վրացական որբանոց, բանտ: Սրանք նույն նպատակին ծառայող տարբեր միջոցառումներ են»: Ս. Կարապետյանը այս իրավիճակից այսպիսի ելքեր է տեսնում. «Պիտի հայ հասարակությունը նախ ծանոթ լինի կատարվող իրադարձություններին, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսությունը Ջավախքի թեմ ստեղծի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել